կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-01 15:34
Իրավական

Փաստաբանի դիմող մարդիկ կտուժեն այդ ծառայության հարկերի ավելացումից. ՄԻ պաշտպան

Փաստաբանի դիմող մարդիկ կտուժեն այդ ծառայության հարկերի ավելացումից. ՄԻ պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի ընդունումը կհանգեցնի իրավաբանի օգնության կարիքն ունեցող մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակման: Այն բացասաբար կանդրադառնա հատկապես տնտեսապես խոցելի վիճակում գտնվող անձանց համար, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն հիմնարար սկզբունքը, որ ֆինանսական վիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա ըստ անհրաժեշտության իրավաբանական ծառայությունից օգտվելու համար:

 Նշենք, որ նախագծի համաձայն՝ ի թիվս այլ ծառայություն մատուցողների, իրավաբանները դուրս կգան շրջանառության հարկի համակարգից և  կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ: Արդյունքում, վտանգվում է ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով և միջազգային հիմնարար մի շարք փաստաթղթերով ամրագրված՝ արդար դատաքննության և իրավաբանական օգնություն ստանալու հիմնական իրավունքները:

 Մարդու իրավունքների պաշտպանի համար փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն ու իրավաբանական ծառայության մատչելիությունն ունի առանցքային նշանակություն, քանի որ այն առաջնային երաշխիք է ուղղված իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը: Փաստաբանի գործունեությունը, բնույթով լինելով իրավապաշտպան գործունեություն, հանրային նշանակություն ունի և չի կարող դիտարկվել բացառապես ձեռնարկատիրության տեսանկյունից:  Ուստի, նախևառաջ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել իրավաբանի ծառայությունների մատչելիության ապահովման համար:

 Հաշվի առնելով այն, որ նախագիծը վերաբերում է նաև ծառայությունների այլ տեսակներին՝ նման փոփոխությունները բացասաբար կազդեն նաև գործարար միջավայրի բարելավման և ձեռնարկատիրության խթանմանը:

 Ներկայացնում ենք Պաշտպանի կարծիքը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որն ուղարկվել է Ֆինանսների նախարարություն։