կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-30 12:51
Հասարակություն

ՄԻՊ-ի գրասենյակից երեկ այցելել են «Նուբարաշեն» ՔԿ, զրուցել Մհեր Եղիազարյանի խցակցի հետ. ՄԻՊ-ի լրացուցիչ հարցադրումները

ՄԻՊ-ի գրասենյակից երեկ այցելել են «Նուբարաշեն» ՔԿ, զրուցել Մհեր Եղիազարյանի խցակցի հետ. ՄԻՊ-ի լրացուցիչ հարցադրումները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրացուցիչ հարցադրումներ ու անհրաժեշտ տվյալներ է ուղարկել Քննչական կոմիտե, Դատախազություն և Արդարադատության նախարարություն Պաշտպանի աշխատակազմում Մհեր Եղիազարյանի ձերբակալումից անմիջապես հետո սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում:

Առավել հիմնավոր տվյալների և հարցադրումների համար Պաշտպանի հանձնարարությամբ հատուկ այց է իրականացվել նաև  երեկ՝ հունվարի 29-ին: Ուսումնասիրվել են Մհեր Եղիազարյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, տեղի է ունեցել առանձնազրույց այն խցակցի հետ, ում հետ նա արդեն գտնվել է ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնում:

Մասնավորապես, Մհեր Եղիազարյանի վերաբերյալ քրեական գործի քննության կապակցությամբ բարձրացրած հարցերի առնչությամբ Պաշտպանի կողմից քրեական հետապնդման մարմնից պահանջվել են լրացուցիչ պարզաբանումներ և ներկայացվել են հարցադրումներ: Պարզաբանման է ենթակա, թե ինչ հիմնավորմամբ քննարկման առարկա չի դարձել Մհեր Եղիազարյանի առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու հարցն այն դեպքում, երբ Պաշտպանի աշխատակազմն այդ հարցը բարձրացրել էր դեռ 2018 թվականի դեկտեմբերին և  քրեական հետապնդման մարմնին ներկայացրել էր նրա հիվանդությունների մասին տվյալներ, ինչպես նաև հաշմանդամության խումբը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություն:

Արդյոք այդ հարցն, ի վերջո քննության ընթացքում դարձել է քննարկման առարկա, այդ թվում՝ Մհեր Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու տեսանկյունից՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:

Մասնավորապես, Մհեր Եղիազարյանի մահվան դեպքով կարևոր է քննության շրջանակում նաև պարզել՝ նրան բժշկական պատշաճ օգնություն ցուցաբերելու և բժշկական անհրաժեշտ հսկողությունն ապահովելու ուղղությամբ իրավասու մարմնի ձեռնարկած կոնկրետ քայլերը նրա թե՛ հացադուլի մեջ գտնվելու ընթացքում, թե՛ դրանից հետո: Այս առումով ևս, Պաշտպանը կոնկրետ հարցադրումներ է ուղարկել Արդարադատության նախարարություն, Դատախազություն, ինչպես նաև Քննչական կոմիտե:

Մեկ անգամ ևս պետք է արձանագրել անթույլատրելի այն վիճակը, որ մինչ օրս ընդունված չէ ազատությունից զրկման վայրերում, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում ձերբակալվածների, կալանավորվածների կամ ազատազրկման դատապարտվածների մահվան դեպքերի կանխարգելման ծրագիր կամ ռազմավարություն՝ չնայած նրան, որ այդ մասին բազմիցս նշվել է ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում, այլ նաև իրավասու մարմինների հետ պաշտոնական և ոչ պաշտոնական հաղորդակցության շրջանակներում: Հարցի կարևորությամբ պայմանավորված՝ համապատասխան ծրագրի (ռազմավարության) մշակման ընթացքի կամ արդյունքների մասին ներկայացվել են առանձին հարցադրումներ:

Անհապաղ հիմնարար բարեփոխման ենթակա են նաև կալանավորված անձանց տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների նկատմամբ արգելանքի կիրառությանն առնչվող օրենսդրությունն ու պրակտիկան: Դրանք չեն համապատասխանում մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեռ անցյալ տարի մշակվել և ընդունման է ներկայացվել բարեփոխումների փաթեթ՝ համապատասխան օրենսդրական նախագծով և հիմնավորումներով:

Պաշտպանն ի գիտություն է ընդունել Քննչական կոմիտեի պարզաբանումն այն մասին, որ Մհեր Եղիազարյանի գործով հարուցվել է քրեական գործ: Այս պահի դրությամբ քրեական գործով  ձեռնարկված բոլոր միջոցների կապակցությամբ հարցադրումներ են արվել Կոմիտեին:

Այս գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն՝ հանրությանը տրամադրելով պարբերական տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ: Այս պահանջների ապահովման նկատմամբ Պաշտպանի կողմից ցուցաբերվելու է խիստ հետևողականություն:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, օրենսդրական պահանջների պահպանմամբ, քննություն իրականացնող մարմնին կտրամադրվեն Պաշտպանի աշխատակազմում առկա այն բոլոր տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել Մհեր Եղիազարյանին քրեակատարողական հիմնարկ պարբերական այցերի ընթացքում։