Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փարիզյան հանդիպումների մասին շատ հայտարարություններ չեն եղել. լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` անդրադառնալով Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը:
«Հայտարարվել է միայն երկու արդյունքների մասին: Առաջինն այն է, որ փետրվարին էլ է սպասվում նման մակարդակով հանդիպում, երկրորդը` համանախագահները կաշխատեն, որպեսզի երկու երկրների ղեկավարներն էլ հանդիպեն»,- ասաց նա:
Շաքարյանցը նշեց, որ փարիզյան հանդիպումները տեղի են ունեցել հունվարի 16-ին, իսկ ահա արդեն ամսի 19-ին Բաքվում հակապետական միտինգ սկսվեց: «Դա թույլատրված էր Բաքվի իշխանությունների կողմից: Այնտեղ հնչեցվում էին տարբեր կարգախոսներ, բայց արդյունքն իբր հակաալիևյան ալիքի վերհանումն էր, նրա հրաժարականի պահանջը, խոսվում էր, որ նրա կառավարությունը հայամետ է: Այսինքն` Ալիևը 2-3 օրվա ընթացքում կազմակերպվել է ու կազմակերպում է նման ակցիա, որ վաղը չէ մյուս օրն ասի` տեսեք չեմ կարող, միայն հայերի կապիտուլյացիան է, որ կբավարարի իմ ազգին: Հիմա մեր իշխանությունն էլ պետք է նախօրոք նախապատրաստվի, ասի` իմ ազգն էլ կապիտուլյացիայի չի ենթարկվի: Սա մտահոգիչ է: Ունենալով նման վտանգ` պետական մակարդակով լռելը` նշանակում է, որ մեր իշխանություններն արդեն կապիտուլյացիայի ենթարկված են: Նրանք արդեն պատրաստվում են կապիտուլյացիայի, եթե` ոչ, ապա արձագանքը պետք է լիներ վայրկյանական: Ոչ թե Բաքվում պետք է իշխանությունների կողմից արտոնված նման կարգի ցույցեր անցկացվեին, այլ այստեղ: Բոլորն ուրախանում են «տուշոնկեքով, սգուշչոնկեքով», շարունակում են իրենց փողոցային պարերը, ահաբեկում են Սուրբ Էջմիածինը: Բոլոր կարգի խնդիրները լուծվա՞ծ են, դուք անցել եք համատարած խելագարությա՞ն: Բնութագրել, թե ինչ է կատարվում այսօր մեր երկրում, դժվար է: Աշխարհից կտրված` Երևանի ասֆալտով ուրախանալը վտանգավոր արտաքին քաղաքականություն է»,- հայտարարեց քաղաքագետը:
Հարցին` այս հանդիպումը որքանո՞վ մեզ հեռացրեց պատերազմի վտանգից, նա պատասխանեց. «Ոչ մի կերպ, մենք նույն իրավիճակում ենք: Ես դժվար եմ պատկերացնում, որ պատրաստվում ենք խաղաղության: Բացեք Մադրիդյան սկզբունքներն ու կարդացեք` արտատարածաշրջանային զորքերի տեղակայում հակամարտության գոտում: Օրինակ` մեր հարևան Իրանը չի պատրաստվում խաղաղության, եթե նման քայլերը շարունակվեն»:
Նախագահների հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ խոսելով` Շաքարյանցը նշեց, որ հնարավոր է` Ալիևը Բաքվում տեղի ունեցած միտինգից հետո ասի` չի կարող ոչ մի քայլ զիջել: «Հնարավոր է, որ նա ասի` չեմ կարող ոչ մի քայլ զիջել, դու պետք է զիջես: Չեմ կարող հստակ ասել` ինչ օրակարգի շուրջ կհանդիպեն, դրա համար եմ ասում, որ Փարիզյան հանդիպումը ոչ մի կերպ պատերազմի վտանգը չի հանել: Նույնիսկ չես կարող բացառել ևս մեկ քառօրյա պատերազմ»,- նշեց նա:
Ըստ քաղաքագետի` Ստեփանակերտի համար ոչինչ չի փոխվել: «Կրակոցները երբեք չեն դադարում, պատերազմական վիճակը միշտ, որպես սպառնալիք, կախված է Արցախի գլխին, այնպես որ` ինչ վերաբերում է Արցախի Հանրապետությանը, նա երևի համարում է, որ իր ասելիքի ժամանակը դեռ չի եկել, դրա համար պաշտոնական մակարդակով հայտարարություններ չեն արվում: Ինձ համար դժվար է պատկերացնել, որ Արցախում հասարակությունը պատրաստ է լինելու միակողմանի զիջումների, քանի որ ինչ-որ մեկը Երևանից սրտանց դա պահանջում կամ խնդրում է»,- շեշտեց Շաքարյանցը: