Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ապառաժը» ներկայացրել է 1992 թվականին ՀՅ Դաշնակցության կայացրած որոշումների եւ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահի ընտրության նիստի որոշ գործընթացների մասին պատմող հուշագրությունից մի հատված՝ ներկայացված նիստի մասնակցի կողմից, ով ցանկացել է անանուն մնալ:
Հուշագրությունն, իհարկե, կարող է տարաբնույթ մեկնաբանությունների եւ վիճելի հարցերի առիթ հանդիսանալ: «Ապառաժ»-ը շեշտել է, որ ձեռնպահ է մնալու այդ տարակարծությունների մասին կարծիք հայտնելուց եւ միաժամանակ ընդգծել, որ պատրաստ է հրապարակել նաեւ այլ մասնակիցների տեսակետներն ու հուշագրությունները, որոնք այդ պատմական օրերի մանրամասները կներկայացնեն նաեւ այլ դիտանկյունից:
Հուսով ենք, որ հուշագրությունների հրապարակմամբ կկարողանանք լույս սփռել Արցախի ազատագրական շարժման եւ պետականության ստեղծման կարեւորագույն էջերից մեկի վրա:
«1991թ. դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին ընտրությունները, որի արդյունքում ընտրվել է 56 պատգամավոր, որոնցից 23-ը ՀՅԴ անդամներ էին:
Դեկտեմբերի 29-ին Վալերի Բալայանի բնակարանում կայացել է խորհրդաժողով, որին ներկա էին ընտրված գրեթե բոլոր դաշնակցական պատգամավորները, կուսակցության բոլոր կառույցների ղեկավարները եւ ներկայացուցիչներ Շահումյանի շրջանից: Ստեփանակերտի «Արամ Մանուկյան» ենթակոմիտեից ներկա էին Աշոտ Սարգսյանը, Ֆելիքս Գաբրիելյանը եւ Դավիթ Իշխանյանը: Խորհրդաժողովի բացումից հետո ՀՅԴ Արցախի «Անտառ» կոմիտեն ներկայացրեց կոմիտեի որոշումը, ըստ որի` ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի թեկնածու պետք է առաջադրվի Գեորգի Պետրոսյանը: Իսկ քանի որ նա ընտրությունների առաջին փուլով չէր անցել, պետք էր սպասել հաջորդ փուլին: Շահումյանի ենթակոմիտեի ներկայացուցիչն առաջարկեց Լեւոն Միրզոյանի թեկնածությունը, իսկ Հայաստանից ժամանած պատգամավոր Իգոր Մուրադյանն առաջարկեց Արթուր Մկրտչյանի թեկնածությունը: Ա. Մկրտչյանը կտրականապես դեմ էր: Նա իրեն տեսնում էր այլ բնագավառում, բայց ոչ կառավարման համակարգում եւ ոչ էլ երկրի խորհրդարանի նախագահի պաշտոնում: Ստեփանակերտի ենթակոմիտեի անունից ելույթ ունեցավ Ա. Սարգսյանը եւ պաշտպանեց Ա. Մկրտչյանի թեկնածությունն այն պարզ պատճառով, որ առաջադրված երեք թեկնածուներից միայն Արթուր Մկրտչյանն ուներ հայկական կրթություն եւ գիտնական էր` պատմական գիտությունների թեկնածու: Մի խումբ ելույթ ունեցողներ եւս նախապատվությունը տվեցին Ա. Մկրտչյանին՝ առաջնահերթությունը տալով հայկական կրթությանը: Չէ որ, վերջին հաշվով, առաջադրում էին հայկական երկրի բարձրագույն պաշտոնյայի թեկնածություն: Տարբեր կարծիքների բախումից ծնվեց այլընտրանքային տարբերակը: Այն է` առաջադրվում է Ա. Մկրտչյանի թեկնածությունը, եւ ԳԽ նախագահ ընտրվելուց հետո պետք է սպասել, որ Գեորգի Պետրոսյանն ընտրվի պատգամավոր եւ առաջադրվի ԳԽ նախագահի առաջին տեղակալ: Հնարավոր տարբերակ էր նաեւ Ա. Մկրտչյանի թեկնածության` առաջին քվեարկությամբ չանցնելը: Այդ դեպքում, ըստ պայմանավորվածության, պետք էր սպասել, որ Գ. Պետրոսյանն ընտրվի պատգամավոր, եւ առաջադրել նրա թեկնածությունը՝ որպես ԼՂՀ ԳԽ նախագահ, իսկ Արթուր Մկրտչյանի թեկնածությունը` որպես առաջին տեղակալ: Վալերի Բալայանը ԼՂՀ ԳԽ նախագահի տեղակալ առաջարկեց Աշոտ Սարգսյանի թեկնածությունը: Այդ առաջարկը պնդեցին նաեւ Ժաննա Գալստյանը եւ Գարիկ Պետրոսյանը: Առաջարկն ընդունվեց, թեեւ Ա. Սարգսյանը կտրականապես դեմ էր: Նա խնդրում էր, որ իրեն թողնեն զբաղվի զուտ կուսակցական գործունեությամբ:
Բոլորի համար շրջադարձային էր Արթուր Մկրտչյանի առաջարկը: Նա համաձայնեց առաջադրվել ԳԽ նախագահ միայն այն պայմանով, որ ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահը լինի Իգոր Մուրադյանը, օգնականը՝ Արթուր Աղաբեկյանը, որ միասին կարողանան աշխատել եւ երկիրը ղեկավարել: Այդ առաջարկից հետո Ի. Մուրադյանը ժողովականներին ուղղեց իր հռետորական հարցը. «Արդյո՞ք մենք ուզում ենք վերցնել ամբողջ իշխանությունը, թե միայն բավարարվում ենք օրենսդիր իշխանությամբ»: Ստեփանակերտի ենթակոմիտեի նախագահ Ա. Սարգսյանը նշեց, որ վերցնելով միայն օրենսդիր իշխանությունը, դա պարզապես ինքնակործանում կնշանակի: Առաջարկվեց նաեւ հստակեցնել ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամների նախնական ցուցակը: Եղան տարբեր առաջարկներ: Վալերի Բալայանն առաջարկեց հստակեցնել Ռոբերտ Քոչարյանի «տեղը»: Հարցը լուծվեց մի շարք ժողովականների կողմից Քոչարյանի հասցեին արված դիտողություններից, կոպիտ արտահայտություններից եւ առարկություններից հետո: Որոշեցին, որ Քոչարյանը ղեկավար պաշտոն չպիտի ունենա ձեւավորվող խորհրդարանում:
Դաշնակցությունը չուներ առողջապահության բնագավառի ընտրված մասնագետ-պատգամավոր, եւ ըստ այդմ էլ որոշվեց այդ հանձնաժողովը «հանձնել» քաղաքական հակառակորդին: Ըստ կազմած նախնական ցուցակի` ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամները հիմնականում ՀՅԴ անդամներ էին եւ համակիրներ (Վլադիկ Հակոբյան, Համլետ Գրիգորյան եւ Հրանտ Խաչատրյան): Այնուհետեւ խորհրդաժողովի մասնակիցներն անցան ԼՂՀ կառավարության հիմնահարցին: Իգոր Մուրադյանը խնդրեց, որ իրեն օգնեն այդ դժվարին հարցում, քանի որ տեղի կադրերին այդքան էլ լավ չի ճանաչում: Նա պատրաստ էր միայն մի նախարարի առանց երկմտելու նշանակել. դա Արկադի Մանուչարովն էր, որին քաջածանոթ էր:
Խորհդաժողովի վերջում Ի. Մուրադյանն առաջարկեց, որ բոլոր պատգամավորներն իրենց համար ստեղծեն «ծածկաթերթիկներ», որն իրենից ներկայացնում էր երկու մասի բաժանված թուղթ: Թղթի մի մասը վերնագրված էր Գերագույն խորհուրդ, իսկ մյուս մասը՝ Նախարարների խորհուրդ: Գերագույն խորհրդի բաժնում կոտորակով գրված էր` Արթուր Մկրտչյան-նախագահ / Գեորգի Պետրոսյան-քարտուղար, հաջորդ տողերում հերթականությամբ գրված էր ԳԽ պաշտոնները եւ նախընտրած թեկնածուների անունները, թղթի մյուս մասում` Նախարարների խորհրդի բաժնում՝ Ի. Մուրադյան- նախագահ / Բ. Առուշանյան-տեղակալ:
Խորհրդաժողովը որոշեց հանձնարարել Կոմիտեին եւ դաշնակցական խմբակցության ղեկավար Լեւոն Միրզոյանին՝ Խորհրդաժողովի որոշումների մասին իրազեկել բացակա բոլոր դաշնակցական պատգամավորներին:
Խորհրդաժողովից հետո մնում էր վճռականություն ցուցաբերել եւ իրագործել նախանշված որոշումները:
ԼՂՀ Մարտակերտի շրջանից ընտրված պատգամավորները (թվով` 17 մարդ) հիմնականում ազգային գաղափարների կրողներ էին: Նրանց հետ հեշտ էր աշխատելը: Ստեփանակերտի ընտրատարածքներից ընտրված որոշ պատգամավորների հետ եւս հնարավոր էր համագործակցել, մասնավորապես՝ Արկադի Մանուչարովի խմբի հետ, որն ուներ հինգ անդամ:
Ընտրված պատգամավորների մեջ կային ՀՀՇ-ամետ ուժեր, սակայն նրանք չէին ցանկանում դրա մասին բացահայտ հայտարարել, քանի որ հանրության մոտ այն լավ չէր ընդունվում: Սակայն, մի բան ակնհայտ էր, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը` ի դեմս Լեւոն Տեր -Պետրոսյանի, սկզբնական շրջանում ցանկանում էր, որ ԼՂՀ-ում իշխանությունը լինի ՀՀՇ-ամետ եւ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվի (նշանակվի) Լեոնարդ Պետրոսյանը:
«Ղարաբաղ» կոմիտեի շրջանակում, երբ քննարկվել է ԼՂՀ-ում իշխանությունների հարցը, Աշոտ Մանուչարյանն առաջարկել է, որ Արցախում իշխանությունը «հանձնեն» դաշնակցականներին` քաղաքական տեսանկյունից մանեւրելու համար: Վանո Սիրադեղյանն այդ մտքի «հանցավոր լինելը» շեշտել էր մի այլ ժողովի ժամանակ: Նա, նախատելով Ա. Մանուչարյանին, ասել է, որ Աշոտը եւ նրա կողմնակիցներն են մեղավոր, որ իշխանությունն Արցախում տվել են դաշնակներին եւ հետագայում այնքան բարդություններ են առաջացել հետ վերցնելիս:
ԼՂՀ ԳԽ անդրանիկ նստաշրջանին, որը տեղի է ունեցել Ստեփանակերտում, նախկին մարզխորհրդի նիստերի դահլիճում, 1992թ. հունվարի 6-ին, ընտրված 51 պատգամավորներից 48-ի մասնակցությամբ, ՀՅԴ Արցախի պատգամավորները մասնակցել են կազմակերպված, հատուկ ծրագրով (խորհրդաժողովի որոշումով «զինված») եւ վճռականությամբ: Բոլորն էլ գիտակցում էին պատմական անհրաժեշտությունից բխած՝ Դաշնակցության կողմից Արցախում իշխանությունը վերցնելու առաքելությունը: Նույն օրն ընդունվեց «ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը»:
Հունվարի 7-ի նիստի օրակարգում ԼՂՀ ԳԽ նախագահի ընտրության հարցն էր:
Նստաշրջանում, ինչպես եւ սպասվում էր, պայքար է ծավալվում ՀՅԴ պատգամավորական խմբակցության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի արցախյան ներկայացուցիչ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների միջեւ: Դաշնակցության հաղթանակն ակնհայտ էր, քանի որ պատգամավորական խմբակցությունն իր համախոհներով մեծամասնություն էր կազմում:
Առաջադրվել է յոթ թեկնածու` Լ. Պետրոսյանը, Օ. Եսայանը, Ռ. Քոչարյանը, Ա. Մկրտչյանը, Լ. Մելիք-Շահնազարյանը, Ա. Մանուչարովը եւ Շ. Մեղրյանը: Թեկնածուներից հինգն ինքնաբացարկ են հայտարարել, մնացել են Լ. Պետրոսյանը եւ Ա. Մկրտչյանը: Առաջին քվեարկության ժամանակ ոչ մի թեկնածու համապատասխան քվե չի հավաքում, եւ, ըստ պայմանավորվածության (1991թ. դեկտեմբերի 29-ի խորհրդաժողովի որոշմամբ), պետք է հետաձգվեր ԱԺ նախագահի ընտրությունը՝ մինչեւ ԼՂՀ ԳԽ կրկնակի ընտրությունների ավարտը: Բայց պայմանավորվածությունը խախտվում է: Տեղի է ունենում գործարք մի խումբ դաշնակցականների եւ լեւոնտերպետրոսյանական արցախյան թեւի ներկայացուցիչների միջեւ… Եվ ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ է ընտրվում Արթուր Մկրտչյանը` 42 քվեով»: