կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-27 10:48
Քաղաքական

Իշխանափոխության հաշվեկշիռը. «Հայոց աշխարհ»

Իշխանափոխության հաշվեկշիռը. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհը» գրում է. «Կդիմանա՞ն մինչեւ կկվի գարնանային կանչը

      2018 թվականի ընթացքում Հայաստանում ծավալված ներքաղաքական գործընթացների խորքային քննությունը անմիջապես երեւան է հանում մի իրողություն. տեղի են ունեցել ոչ թե հեղափոխական փոփոխություններ, այլ մինչ այդ գոյություն ունեցող քաղաքական համակարգի ու տնտեսական հարաբերությունների պարզ վերարտադրություն՝ ավելի ավտորիտար ու մենիշխանական տեսքով։ 

   Այսինքն՝ «թավշյա հեղափոխության» հետեւանքով փոխվել են սոսկ գործող անձինք ու կուսակցությունները, բայց նոր գործադիր իշխանությունն ու դեկտեմբերի 9-ին նրա ձեւավորած նոր Ազգային ժողովն ու նաեւ գրեթե անփոփոխ մնացած դատաիրավական համակարգը իրենց խորքային էությամբ մնացել են նույնը։ 

   Բայց ահա Հայաստանի տնտեսությունն այդ ընթացքում ակնհայտ անկում է ապրել ու դեգրադացվել նոր իշխանավորների ոչ արհեստավարժության ու պոպուլիստական քայլերի հետեւանքով։

   Սա նշանակում է, որ առաջիկայում անխուսափելի է դառնալու ամեն մի հեղափոխությանը հաջորդող քաղաքական սկեպսիսը՝ «ինչի՞ համար էր այս ամենը, եթե նախկինում ավելի լավ էր, քան այսօր» հարցման տեսքով։ Ի վերջո, մարդկանց չեն հետաքրքրում ո՛չ կոնկրետ անձանց անուն-ազգանունները, ո՛չ էլ այս կամ այն կուսակցության անվանման բարդ հապավումները։ 

   Նրանց հետաքրքրում է իրենց կենսակերպում տեղի ունեցող դրական կամ բացասական փոփոխությունների դինամիկան, ինչն այսօր՝ 2018-ի տարեվերջին, ամենեւին էլ իշխանափոխության ու նրա ճարտարապետների օգտին չի վկայում։

   Ուստի այս խորքային միտումները մի կողմ դնելով՝ հեղափոխությունը որպես անձանց ու կուսակցությունների սովորական փոխատեղում համարող մեր քաղաքական «ֆորմալիստներին» խորհուրդ ենք տալիս մի փոքր էլ սպասել, որպեսզի ձմռանը սպասվող դժվարությունները, գումարվելով Ղարաբաղի հարցի նոր սրացման անխուսափելիությանը, ամբողջովին բացեն ժողովրդի կիսափակ աչքերը։

   Դրանից հետո իշխանափոխության հետեւանքով ձեւավորված նոր քաղաքական թիմի բարձր հեղինակության հետ մեծ հույսեր կապողներին առաջարկում ենք 2018-ի գարնանը քաղաքական ասպարեզը գրաված նոր իշխանությունների վարկանիշը համեմատել դրանից ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած 2017-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի հավաքած բարձր տոկոսների հետ։

   Հենց ներկա պահին՝ 2018-ի վերջին օրերին, նախկինների ու ներկաների միջեւ իրականացվող համեմատությունն արդեն լուրջ հիմքեր է ստեղծում ռացիոնալ գնահատականի համար, քանզի սառը դատողությամբ առաջնորդվելու պարագայում արձանագրում ենք հետեւյալ հստակ ու անհերքելի քաղաքական իրողությունները։
   
   Առաջին՝ Հայաստանի գործադիր իշխանություն 
   
   2018-ի մայիսի 8-ից հետո ձեւավորված եւ այժմ իր հիմնական գործող դեմքերով նոր խորհրդարանի բացարձակ մեծամասնության կողմից կրկին վերանշանակվող Ն.Փաշինյանի «հեղափոխական կառավարությունն» անցած ամիսներին շատ ավելի վատ է աշխատել, քան 2017-ի խորհրդարանական ընտրություններից մինչ այդ ժամանակահատվածը գործած Կ. Կարապետյանի կաբինետը։

   Ապացույցն ուղղակի սովորական ու պարզ թվաբանությունն է. ցանկացողները կարող են Հայաստանի հաջորդական կառավարությունների արձանագրած հիմնական տնտեսական ցուցանիշները համեմատել՝ արդեն իսկ հրապարակված պաշտոնական վիճակագրության հիման վրա։ Ակնհայտ է, որ Ն. Փաշինյանի գլխավորած կաբինետը անցած ամիսներին, մեղմ ասած, շատ ավելի համեստ արդյունքներ է արձանագրել բոլոր հիմնական բնագավառներում, քան իր նախորդները։

   Ավելին՝ հենց վերջիններիս կողմից սկսված որոշ ծրագրերի անավարտության պատճառով են դեռեւս պահպանվում տնտեսության զարգացման այն դրական ցուցանիշները, որոնք առաջիկա ձմռանը նույնպես բացասականի են վերածվելու»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: