կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-26 18:45
Հասարակություն

ԶՈՒ 20 սպաներ նոր բնակարան են ստացել

ԶՈՒ 20 սպաներ նոր բնակարան են ստացել

Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։

Շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին՝ զինված ուժերի 20 սպաներին և նրանց ընտանիքներին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է հնարավորը զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը կարգավորելու համար: «Զինծառայողների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն մի նոր ու առաջանցիկ քայլ է զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման և հայրենիքի սահմանների անառիկությունն ամրապնդելու ճանապարհին»,-ընդգծել է Դավիթ Տոնոյանը:

Շահառուներին հանձնելով բնակարանների բանալիները՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև, որ բնակարանների բաշխումն իրականացվել է բանակային զորամիավորման հրամանատարության որոշման հիման վրա՝ հաշվի առնելով սպաների բնութագիրը, բնակարանային պայմաններն ու ծառայողական գործառույթները:

Դավիթ Տոնոյանը բնակարանամուտ տոնող սպաներին և նրանց ընտանիքների անդամներին շնորհավորել է նաև առաջիկա տոների առթիվ, մաղթել խաղաղություն, բարձր տրամադրություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: