կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-17 14:30
Հասարակություն

Ամանորը կնշվի դեկտեմբերի 25-ից

Ամանորը կնշվի դեկտեմբերի 25-ից

Թեև մինչ Ամանորը դեռ բավական ժամանակ կա, սակայն մայրաքաղաքի մթերային խանութներում, շուկաներում արդեն խառնաշփոթ է տիրում: Երևանցիներն արդեն  սկսել են իրենց ամանորյա առևտուրը` թանկությունից խուսափելու համար:

 

Yerkir.am-ի թղթակիցն այս մասին զրուցեց գնումներ կատարողների և վաճառողների հետ:

 


Մարինե Կարապետյանի ընտանիքում արդեն սկսել են պատրաստվել Նոր տարվան: «Ամեն ինչ օր-օրի թանկանում է: Այն օրն էի շուկա եկել, ամեն ինչ էսքան թանկ չէր: Եթե մեկ շաբաթ առաջ պոպոքի մեկ կիլոգրամը կարող էիր գնել 5-7 հազար դրամով, ապա հիմա 6-8 հազար դրամ է: Բաստուրմայի կիլոգրամը սարքել են 5000-8000 դրամ, սուջուխինը՝ 6000, մանդարինի կիլոգրամը արդեն 400-500 դրամ է հասել, նարինջինը՝ 600-800»,- ասում է 49-ամյա Մարինեն` հավելելով, արդեն 100 հազար դրամ ծախսել է, եւս 50-70 հազար դրամ էլ պետք կլինի քաղցրավենիք ու խմիչք գնելու համար:

 

Սուսաննա Գրիգորյանն էլ, մտավախություն ունենալով, որ ապրանքների գները կաճեն, արդեն սկսել է ամանորյա գնումները: «Ամեն օր մի բան առնում եմ, փաթաթում եմ տոպրակով և պահում սառնարանում, որպեսզի չփչանա»,-ասում է տիկին Սուսաննան` հավելով, որ այս տարի ամանորյա գնումների համար նախատեսել է շուրջ 150 հազար դրամ:


Տնային տնտեսուհի Կարինե Սողոմոնյանն էլ մինչև Ռուսաստանից ամուսնու ուղարկած գումարը ստանալը, հարևանից պարտք է արել ու կատարել անհրաժեշտ գնումները: «Բա ի՞նչ անեի, մինչև ամուսինս գումարն ուղարկեր, ապրանքի գները ահռելի չափերի կհասնեին: Ամեն ինչից մի քիչ, մի քիչ կգնեմ, որ երեխեքս իրանց լավ զգան, թե չէ` ո՞ւմ պետք ա զարմացնեմ: Ինչի չգիտե՞ն` ինչ վիճակում ենք»,- ասաց ընտանիքի մայրը։


Մալաթիայի շուկայում մրգի առևտրով զբաղվող Գարեգին Հարությունյանն էլ նշեց, որ ոչ մի տարի այսպիսի առևտուր չի եղել. «Անցած տարի էլի էս ժամանակ ապրանքի կեսը դեռ կար, իսկ հիմա լրիվ վերջացել է: Էս տարի մարդիկ որոշել են Նոր տարին ամսի 25-ին նշել»,-կատակում է Գարեգինը:


Մեկ ուրիշ վաճառող էլ նկատեց, որ եթե անցած տարիներին ժողովուրդը ապրանիքի գներին ուղղակի նայում-անցնում էր, այս տարի խելագար առեւտուր է անում` անկախ թանկությունից: «Ասում են` բարձր գներ եք դրել ու օգտվում եք առիթից, որ առնում ենք: Բա ի՞նչ անենք, էտ էլ մեր աշխատանքն ա: Պետք ա «փողոտ» առևտուր անենք, որ կարողանանք նորմալ, տեղը տեղին Նոր տարին դիմավորենք»,-համոզմունք է հայտնում մրգավաճառն ու հավելում, որ չի կարող ասել կլինեն նոր թանկացումներ, թե`ոչ:


Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ