Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Հայաստանը պատրաստվում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք կորոշեն իրերի նոր դասավորությունը մայիսյան «թավշյա հեղափոխությունից» հետո: «Իմ քայլը» դաշինքի կողմնակիցները վճռական են խորհրդարանում տեղերի մեծամասնությունը ստանալու հարցում: Նրանց հակառակորդները զգուշացնում են, որ վտանգ կա, որ Նիկոլ Փաշինյանը նոր միանձնյա ղեկավար կդառնա. գրում է Коммерсантъ-ը` անդրադառնալով ընտրություններին:
Թերթի թղթակիցները Երևանում տարբեր անձանց հետ զրուցել են ընտրությունների մասին:
Այսպես` փորձագետները «Ъ»-ի հետ զրույցում ասել են, որ խորհրդարանը բաղկացած կլինի նոր 3-4 կուսակցությունից` «Իմ քայլ»-ից, «Բարգավաճ Հայաստան»-ից, «Լուսավոր Հայաստան»-ից և «Սասնա ծռեր»-ից:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` քաղաքական ուժերի համար նախկինի պես կարևոր է առաջնորդը, ոչ թե գաղափարախոսությունը: «Գաղափարական պայքար պարզապես չկա»,- ասել է նա:
Թերթը նշում է, որ, օրենքի համաձայն, կուսակցություններից ոչ մեկը չի կարողանա վերահսկել խորհրդարանում 66 տոկոսից ավելին: «Նոր իշխանությունների կողմնակիցները նման համակարգը մատուցում են որպես երաշխիք այն բանի, որ «Իմ քայլ»-ի գերիշխումը խորհրդարանում ամեն դեպքում բացարձակ չի լինի»,- նշում է թերթը:
Անդրադարձ է կատարվում նաև այն փորձագետներին, որոնք որոշել են քաղաքականություն մտնել: Նրանց թվում է Երևանի գլոբալիզացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը, նա կմասնակցի ընտրություններին «Սասնա Ծռեր»-ի ցուցակով:
Մյուս փորձագետը Միքայել Զոլյանն է, նա 78-րդն է «Իմ քայլ»-ի ցուցակում:«Ես տարիներ շարունակ քննադատել են իշխանություններին, սակայն պետք է փորձել իշխանության մասը դառնալ: Եթե ես խուսափեի այդ պատասխանատվությունից, դա ճիշտ չէր լինի»,- ասել է նա թերթի հետ զրույցում:
«Միակ ուժը, որը սպասվող ընտրությունները «նոր իրականություն» չի համարում, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է»,- գրում է թերթը:
Թերթը զրուցել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի հետ: Նա ասել է, որ միայն իրենց ուժը կարող է «իրական ընդդիմություն» դառնալ: Ըստ Արփինե Հովհաննիսյանի` հենց ՀՀԿ-ն է այլընտրանք այն ընտրողների համար, որոնք գիտակցում են ուժեղ և պրոֆեսիոնալ ընդդիմություն ունենալու անհրաժեշտությունը: