կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-04 16:49
Քաղաքական

Տնտեսական հեղափոխությունը պետք է սկսել Արմավիրի մարզից. Արծվիկ Մինասյան

Տնտեսական հեղափոխությունը պետք է սկսել Արմավիրի մարզից. Արծվիկ Մինասյան

Արմավիրում ՀՅԴ վարկանիշային ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրված տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը: Yerkir.am-ը նրանից հետաքրքրվեց, թե Արմավիրում ի՞նչ անելիքներ կան: Մինասյանը պատասխանեց, որ, որպես գյուղատնտեսական մարզ, Արմավիրում գյուղատնտեսության հետ կապված խնդիրներ կան, հիմնականում` ոռոգման ջրի: Ըստ նրա` մարզում ոչ բոլորին է ոռոգման ջուր հասնում և ժամանակին չհասնող ջրի դիմաց նաև վճարումներ են պահանջում, ինչը ոչ միայն գյուղատնտեսությանն է հարվածում, այլ նաև գյուղատնտեսության ոլորտում չի ձևավորում անհրաժեշտ եկամուտ:

«Իմ խորին համոզմամբ` առաջին անելիքներից մեկը, որ պետք է ԱԺ-ում հետապնդենք, գյուղատնտեսության մասին օրենքն է, որում սկզբից մինչև վերջ հստակ սահմանումներ և կանոնակարգում պետք է լինի: Այսինքն` հողակտորում ինչ մշակաբույս պետք է ցանվի, ինչ անհրաժեշտ գործողություններ պետք է իրականացվեն` թունաքիմիկատներ, պարարտացում, վնասատուների դեմ պայքար, մինչև բերքի իրացումը. հստակ շղթա պետք է գործի, և այդ շղթայում կառավարության կենտրոնական պատասխանատվությունը պետք է լինի: Բացի այդ` Արմավիրում նաև ճանապարհային ենթակառուցվածքների և մշակութային օջախների վերանորոգման խնդիր կա»,- ասաց Մինասյանը:

Նրա խոսքով` մանկապարտեզների և դպրոցների հետ կապված հարցեր կան, որոնց վերաբերյալ կառավարությունը պետք է կոնկրետ ծրագրեր իրականացնի: Ըստ Մինասյանի` մարզում կան գյուղեր, որտեղի բնակիչները 15-20 կմ պետք է տեղափոխեն իրենց երեխաներին, որպեսզի մանկապարտեզ տանեն: «Կարծում եմ` Սփյուռքի մասնակցությունն այստեղ պետք է լինի: Պետք է նաև լուծել ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի հարցը: Ի վերջո, հողը` հող, բայց հողը բավարար չէ, որպեսզի այս ընտանիքները հարստանան: Անհրաժեշտ է, որ նրանք ունենան կայուն աշխատատեղեր, ինչը ենթադրում է ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, այսինքն` ձեռնարկություններ` սկսած տրիկոտաժից մինչև տեխնոլոգիաների ներդրմամբ նոր գործարաններ` վերամշակման և այլ ուղղություններով»,- ասաց Մինասյանը:

ՀՅԴ պատգամավորի թեկնածուի կարծիքով` Արմավիրի մարզում, ինչպես և մյուս մարզերում, պետք է լուծել նաև համայնքի ինքնուրույնության աստիճանի բարձրացման հարցը: Այս ուղղությամբ հիմնական նախաձեռնությունը, ըստ Մինասյանի, Հարկային օրենսգրքում այնպիսի փոփոխություններն են, որոնք համայնքներին հնարավորություն կտան ավելի ինքնուրույն և շահագրգռված լինելու, որպեսզի բնակավայրերում ստեղծվեն տնտեսվարող սուբյեկտներ, շահույթ հետապնդող կազմակերպություններ` ձեռնարկություններից մինչև հյուրանոցային համալիրներ: «Իսկ որ մեր մարզը, ըստ էության, զինական ուժի` ի դեմս Սարդարապատի, հոգևոր ուժի` ի դեմս Մայր Աթոռի, և տնտեսական ներուժի` ի դեմս ատոմակայանի, խորհրդանիշն է, նշանակում է` այստեղից էլ պետք է սկսել տնտեսական հեղափոխությունը»,- նշեց Մինասյանը:  

Խոսելով արմավիրցիների մասին` նա շեշտեց, որ արմավիրցիներն առաջին հերթին աչքի են ընկնում պատվախնդրությամբ և հետևողականությամբ, որևէ գործ կիսատ չթողնելու ձգտումով: Ըստ Մինասյանի` արմավիրցիները, ինչպես  գաղթական ժողովրդին է բնորոշ, իրենց պապական ու արմատական հիշողությունն ունեն ու ձգտում են ավելի բարեկեցիկ դարձնել իրենց բնակավայրը: «Սա նշանակում է` բնական ձգտումը կա: Մեր կողմից էլ պետք է լինի անհրաժեշտ աջակցությունը, և այդ ձգտումն արդեն արդյունք կունենա»,- խոսքն ամփոփեց նա: