Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ անդամ, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում գտնվող հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի տնօրենի գլխավոր խորհրդական Դավիթ Սարգսյանի հետ: Ի դեպ, նա երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի ազգային գրադարանը, Մուսա լեռան հերոսամարտի և ազգագրության թանգարանը, գրող Մկրտիչ Սարգսյանի որդին է:
-Ինչո՞ւ եք որոշել ԱԺ ընտրություններին առաջադրվել ՀՅԴ ցուցակով:
-Շուրջ երեսուն տարի ես մեր ավանդական և ամենակենսունակ ու փորձառու կուսակցության շարքերում եմ և այն զգացողությունն եմ մշտապես ունեցել, թե նրա գաղափարախոսությանը ոչ թե զինվորագրվել եմ, այլ կրել եմ իմ մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ անդամագրված չեմ եղել: Շուրջ քառասուն տարի աշխատանքային գործունեություն եմ ծավալել գրքի, գրականության, մշակույթի ու կրթության բնագավառներում և քաջածանոթ եմ այն հիմնախնդիրներին, որոնք առկա են, հետևաբար, նաև նկատի ունենալով, որ մեր անկախության տարիներին այդ ոլորտների հիմնահարցերն առանձնապես լուրջ օրենսդրական կանոնակարգման և ուշադրության չեն արժանացել, պարզապես անընդունելի է հայեցողական դիտորդի վիճակում մնալը:
-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:
- Ես չեմ տեսնում մեր կյանքում որևէ խնդիր, որը կարիք չունի ՀՅԴ-ի հոգատար և խելամիտ վերաբերմունքի: Դրանց բոլորի համար կուսակցությունն ի զորու է առաջարկել լուծման համապատասխան տարբերակներ: Իմ բարձրացնելիք հարցերը, եթե ընտրվեմ, բնականաբար, առնչվելու են իմ մասնագիտական հետաքրքրություններին:
- Արդյո՞ք անհրաժեշտություն է, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի գալիք խորհրդարանում, որո՞նք են այս հարցում ձեր փաստարկները:
- Բացառում եմ ՀՀ-ում բազմակուսակցական մի խորհրդարանի լիակատար աշխատանք և գործունեություն՝ առանց ՀՅԴ ներկայության: ՀՅԴ-ն մարմնավորում է համայն հայ ժողովրդի հավաքական տրամադրությունները, ազգային գաղափարախոսության առանցքն է, որի շուրջ համախմբված է ազգապահպանության, երկրի և ժողովրդի ապահովության, պետական շինարարության, քաղաքացու բարեկեցության, սոցիալական արդարության և այլ անհրաժեշտ բաղադրիչների ամբողջականությունը: Անհնար է պատկերացնել արդյունավետ և լիարժեք խորհրդարանի գոյությունը` առանց ՀՅԴ-ի:
- Ինչպե՞ս եք պատկերացնում Դաշնակցության փոխհարաբերություններն այլ քաղաքական ուժերի հետ, մասնավորապես` խորհրդարանական գործունեության ընթացքում:
- Մենք թշնամիներ չենք որոնում, մենք պատրաստ ենք համագործակցության ցանկացած քաղաքական ուժի հետ, եթե մեր հետաքրքրությունները համընկնում են, եթե երկուստեք շահն ի նպաստ ազգային, պետական առաջընթացի է:
- Ո՞ր հարցերն են, որ առաջնահերթ եք համարում մեր երկրի համար, ի՞նչ է անում ՀՅԴ-ն այս ուղղությամբ եւ ի՞նչ է պատրաստվում անել, եթե կրկին դառնա խորհրդարանական կուսակցություն:
- Ըստ իս` առաջնահերթ է ազգային միասնության գաղափարը, պետական քաղաքականության ռազմավարական և մարտավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը, ներքին կյանքի կարգավորումը բոլոր ոլորտներում՝ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի: Քաղաքացին պետք է ապահովված լինի աշխատանքով և հնարավորություն ունենա իր երկրում արժանապատիվ ապրելու: Պակաս կարևոր չեն նաև արտաքին մարտահրավերները, դիվանագիտական հարաբերությունները, պաշտպանողական խնդիրները` որպես առաջնահերթություն:
- Այսօր ՀՅԴ-ի հասցեին տարբեր կողմերից հնչում են քննադատություններ, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց, ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:
- Ժողովուրդն ասում է, թե պտղատու ծառին քար գցողները շատ են լինում, հետևաբար` ՀՅԴ-ից սպասելիքները շատ են: Ես հակված եմ կարծելու, որ երբեմն կուսակցությունից ակնկալվում են այնպիսի գործառույթներ, որպիսիք իրագործել կարող է միայն պետությունը: ՀՅԴ-ի գործունեության մեջ ևս կարող են լինել բացթողումներ և թերացումներ: Անսխալական չէ ոչ ոք և ոչ մի ուժ, բայց կուսակցությունն իր մեջ միշտ ուժ է գտնում սրբագրելու դրանք, ինքնամաքրվելու և առաջ ընթանալու: Համենայն դեպս, պատմությունը դա է հուշում: Ես հպարտ եմ, որ դաշնակցական եմ և նրա միջոցով կարողացել եմ ավելի կազմակերպված ու նպատակային ձևով ծառայել հայրենիքիս և ժողովրդիս:
- ՀՅԴ-ն մեր երկրի ամենամեծ կենսագրություն ունեցող եւ ամենակազմակերպված կուսակցություններից է, եթե ոչ` ամենափորձառուն ու կազմակերպվածը: Որքանո՞վ են այդ գործոնները օգնում կուսակցության գործունեությանը եւ որքանո՞վ են դերակատար հենց խորհրդարանական գործունեության ժամանակ:
-ՀՅԴ-ն նաև մարտունակ ու սկզբունքային կուսակցություն է, որի անցած ուղին ոչ թե ճառային է, այլ փորձություններով լի` իր սկզբնավորումից առ այսօր, երբ ազգային ինքնության նախանձախնդրությունները որպես գործունեության հիմնական և գլխավոր թիրախ ունեցող քաղաքական այդ հզոր ուժը երբեմն արժանանում է նույնպիսի գնահատականների, որպիսիք խորհրդային ժամանակաշրջանի դժնդակ ճնշումների ժամանակ էին: Հավանաբար, այստեղ մեծ դեր ունի քարոզչությունը, որը հաճախ հավուր պատշաճի չի ներկայացնում նրա գործունեությունը: Պատմական փորձը, դրանից ստացած դասերը լավագույն միջոց են կոպիտ սխալներից խուսափելու և ապագան հորիզոնից անդին կանխատեսելու համար: Այդ փորձառությունն է, որ ՀՅԴ-ին հուշում է ամուր կանգնած մնալ սոցիալական արդարության և ազգային խնդիրների լուծման դիրքերում, որքան էլ որ այլ ուժեր չխրախուսեն դա:
Մ.Մ.