կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-22 11:45
Քաղաքական

Բաղրամյան 26-ը վերջնականապես վերադարձվեց նախագահին. քվեարկությունը հարթ չանցավ

Բաղրամյան 26-ը վերջնականապես վերադարձվեց նախագահին. քվեարկությունը հարթ չանցավ

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած այն նախագիծը, որով Բաղրամյան 26-ը վերադարձվում է նախագահին: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին փոփոխված նախագծով ստացվեց, որ ՀՀ վարչապետն ունեցավ երկու նստավայր: Կառավարությունն առաջարկում է Հայաստանի նախագահի նստավայրը Երևանի Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենք տեղափոխել Մաշտոցի 47 հասցեից, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից` Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 1:

Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամյա ռեժիմում հեղինակի կողմից նախագահի նստավայրի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: «Առաջարկ եղել է ՀՀԿ-ի կողմից, որը վերաբերել է վարչապետի ինքնաթիռի և ուղղաթիռի` այլ անձանց կողմից օգտագործվելու կարգին: Մեր դիրքորոշումն այն է, որ այդ առաջարկը որևէ կերպ չի առնչվում նախագծի հետ: Նախագիծը վերաբերում է միայն նախագահի և վարչապետի նստավայրերին»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը, որն առաջարկի հեղինակն էր, նշեց, որ այս երկու փոփոխություններով կառավարությունն ավելի հաշվետու կլիներ հասարակությանը, թե ինչպես են ծախսվում այդ գումարները և ում վրա: «Այստեղ քաղաքական շահ չկար: Ես կոչ եմ անում դեմ քվեարկել նախագծին, քանի որ առաջարկը չի ընդունվել»,- ասաց նա:

Արձագանքելու հնարավորություն ուզեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ինչը քննարկումների առիթ դարձավ:

Աժ նախագահ Արա Բաբլոյանն էլ նշեց, որ մտքերի փոխանակումից հետո, քվեարկությունից առաջ, ըստ կանոնակարգի, ելույթի հնարավորություն ունի վարչապետը կամ, նրա հանձնարարությամբ, փոխվարչապետը:

Մտքերի փոխանակման ժամանակ Միրզոյանը հեգնեց. «Շնորհակալ եմ, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում գտաք դրույթը, որն ինձ հնարավորություն է տալիս ելույթ ունենալու: Ես, անկեղծ ասած, շատ ուզեցի հասկանալ` ի՞նչ կապ ունի նախագիծն այդ առաջարկի հետ: Այս օրենքի նախագիծը երկու նստավայրերի փոփոխության մասին է: Բայց դա չէր Աշոտյանի ասածի մեխը: Նա փորձում է կառավարությանն ավելի հաշվետու դարձնել: Ձեր` կառավարությանն ավելի հաշվետու դարձնելու ջանքերը ժամանակավրեպ են, Դուք երկար տարիներ ունեիք հնարավորություն ավելի հաշվետու դարձնելու կառավարությունը: Բացի այդ` հարկ չկա փորձել ավելի հաշվետու դարձնել, որովհետև կառավարությունն ավելի հաշտետու ու թափանցիկ է, քան 6-7 ամիս առաջ էր»:

Միրզոյանն առաջարկեց Աշոտյանին` հիանալի ճարտասանական խոսքը գրավոր խոսքին ավելի համապատասխանացնել, որովհետև շուտով գրավոր խոսքը նրան ավելի է պետք գալու:

Ի վերջո, նախագիծն ընդունվեց ձայների` 64 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: