կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-09 14:58
Քաղաքական

Նոր խորհրդարանը պետք է աշխատի 3.5 տարի, ձմռանն այլևս ընտրություններ չպետք է անցկացվեն, բա որ ձյուն գա՞. քաղտեխնոլոգ

Նոր խորհրդարանը պետք է աշխատի 3.5 տարի, ձմռանն այլևս ընտրություններ չպետք է անցկացվեն, բա որ ձյուն գա՞. քաղտեխնոլոգ

Ամենատրամաբանականն այն է, որ նոր ընտրվող խորհրդարանն աշխատի 3.5 տարի` մինչև 2022 թվականի գարունը, որից հետո պետք է նորմալ նոր ընտրություններ անցկացվեն. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նա իր այս կարծիքը հիմնավորեց եղանակային պայմաններով` ձմռանն ընտրություններ անցկացնելը վատ է, պատճառը ձյունն է: «Հիմա մեր բախտը բերում է` մի քիչ տաք է, և հնարավոր է քարոզարշավ անել: Բա որ հանկարծ ձյուն գա՞: Պատկերացնո՞ւմ եք` դեկտեմբերի 1-ին ուժեղ ձյուն գա հանրապետությունում, ո՞նց են քարոզարշավ անցկացնելու, ո՞նց են գնալու համայնքներում բնակիչների հետ հանդիպման»,- ասաց քաղտեխնոլոգը:

Ըստ նրա` ուստի տրամաբանական կլինի, որ նոր ձևավորվող խորհրդարանն աշխատի 3.5 տարի: «3.5 տարվա ընթացքում մեծամասնություն ունեցող ուժը հնարավորություն կունենա իր բոլոր բարեփոխումներն իրականացնելու: Էյֆորիան էլ ամբողջությամբ կանցնի, թեև հիմա էլ քիչ է մնացել»,- ասաց Բադալյանը:

Yerkir.am-ը նրանից հետաքրքրվեց`  եթե քարոզարշավ ու ընտրություն անցկացնելը դեկտեմբերին անտրամաբանական է լինելու 5 տարի հետո, տրամաբանությունը ո՞րն է, որ հիմա է անցկացվում,  ընտրություններ անցկացնելո ւայս հապճեպությունն ինչի՞ համար էր: Բադալյանը պատասխանեց. «Հապճեպ չէր: 3.5 տարին էլ նրա համար է, որպեսզի բոլոր բարեփոխումները, ինչ ուզում են իրականացնել, իրականացնեն, երկրում ստեղծվի նորմալ իրավիճակ, և նորմալ իրավիճակում 2022-ի գարնանը գնանք ընտրությունների, որից էլ կերևա վարչապետը կուսակցակա՞ն գործիչ է, թե՞ պետական: Եթե վարչապետի մեջ խոսեց կուսակցական գործիչը, ուրեմն 5 տարի հետո նոր ընտրություններ կանենք, եթե պետական գործիչը` 3.5 տարի հետո կլինեն նոր խորհրդարանական ընտրությունները»:

Նա հավելեց, որ ճիշտն այն է, որ ընտրությունները տեղի ունենան գարնանը:

Մեր այն հարցին էլ` եթե ընտրությունների անցկացման համար ճիշտը գարունն է, ինչո՞ւ արտահերթ ընտրությունները գարնանը չանցկացվեցին, Բադալյանը պատասխանեց, թե իմաստ չկար սպասելու: «Իմաստը ո՞րն էր սպասելու, երբ որ դուք ինչ-որ խնդիր եք դնում, որ պետք է լուծեք, նպատակ պետք է ունենա: Ես մայիս-հունիսին նշում էի, որ մեկ տարի հետո է ճիշտը ընտրություններ անցկացնելը, բայց երբ եկավ հոկտեմբերը, տեսա որ կուսակցությունները տեղից չեն էլ ուզում շարժվել: Ստացվում է, որ մենք ժամանակ ենք կորցնում, դրա համար էլ  դեկտեմբերը դառնում է տրամաբանական»,- նշեց նա: