կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-08 15:23
Քաղաքական

Երբ մեր զինվորի գլուխը պտտում էին Ադրբեջանի գյուղերով, սելֆի անում, հասարակության վերաբերմունքն էր սա

Երբ մեր զինվորի գլուխը պտտում էին Ադրբեջանի գյուղերով, սելֆի անում, հասարակության վերաբերմունքն էր սա

Ադրբեջանում խաղաղասիրական ծրագրեր իրականացնողները տարիներ շարունակ մեզ հայտնի են եղել որպես հայատյացություն քարոզող մարդիկ: Այս մասին լրագրողներին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող` «խաղաղասիրության» թեմայով խլրտումներին:

Նրա խոսքով՝ խաղաղասիրական պլատֆորմն Ադրբեջանում ամբողջովին վերահսկվում է տեղի իշխանության կողմից ու թեև ներկայացվում է որպես խաղաղասիրական ծրագիր, բայց քարոզչական նպատակներ ունեն: Ըստ Էլիբեգովայի՝ իրական խաղաղասիրական ծրագրերը, որոնք մինչ օրս Ադրբեջանը ցանկացել է իրականացնել, տապալվել են: «Հիմա հերթը հասել է Ադրբեջանի կողմից վերահսկվող քարոզչական նշանակության նախագծերին, ինչը մեզ համար բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծում: Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակում իր քայլերը ներկայացնել դեպի խաղաղությանը տանող քայլեր, որը հայկական կողմը չի ընդունում: Մենք, իհարկե, փորձում ենք բացատրել, որ դա կեղծ օրակարգ է, բայց Ադրբեջանը բավականին մեծ գումարներ է ծախսում խաղաղասիրական ծրագրերի վրա»,- ասաց Էլիբեգովան:

Հայաստանում նույնպես, ըստ նրա, վերջին շրջանում խաղաղասիրական ծրագրեր են ի հայտ եկել, որոնց օրակարգը նույնպես կեղծ է: Ադրբեջանագետի խոսքով՝ վերջին օրերին մեզ մոտ, օրինակ, հնչում են ադրբեջանցիների հետ ընկերություն անելու: «Հայկական կողմից ադրբեջանցիների հետ շփման որևէ արգելք երբևէ չի եղել, խնդիրը միշտ եղել է ադրբեջանական կողմից, որտեղ նույնիսկ հայկական ազգանունով մարդկանց մուտքն է արգելված: Այսինքն՝ մեր հասարակության ներսում կոչ անել նման թեմաները՝ հիմք չունեցող օրակարգ  է, քանի որ մենք երբևէ ադրբեջանցիների հանդեպ խտրական վերաբերմունք կամ ագրեսիա չենք դրսևորել: Ընդհակառակը՝ Ադրբեջանը ցանկացած միջազգային կոնֆերանսի երիտասարդներ ուղարկելիս միշտ նրանց հետ հատուկ ծառայությունների մի աշխատակից է ուղարկում, իսկ մենք չունենք նման խնդիր», -ասաց Էլիբեգովան:

Նրա խոսքով՝ հասկանալի չէ՝ ինչու են փորձում մեզ մոտ խաղաղասիրական կոչեր անել: Բացի այդ, ըստ ադրբեջանագետի, Հայաստանում մի խումբ մարդիկ ևս մեկ կեղծ օրակարգ են առաջ քաշում. դրանք այն պնդումներն են, որ Ադրբեջանում ամբողջ հասարակությունը չէ, որ ատում է հայերին: «Այո, Ադրբեջանում կան փոքրաթիվ մարդիկ, որ հայատյաց չեն, բայց փաստ է, որ Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է քարոզել հայատյացություն՝ մամուլից մինչև դպրոցական գրականություն: Այսինքն՝ երբ ազատում են Ռամիլ Սաֆարովին, ադրբեջանական հասարակությունը չի դատապարտում այդ քայլը, դեռ մի բան էլ հերոսացնում են նրան ու մասսայական խանդավառությամբ նշում այդ քայլը: Երբ ապրիլյան պատերազմի ժամանակ մեր զինվորի կտրած գլուխը պտտում էին ադրբեջանական գյուղերով ու նրա հետ նկարվում, սելֆի անում, սա նույնպես ադրբեջանական հասարակության վերաբերմունքի մասին է խոսում»,- ասաց Էլիբեգովան:

Ըստ ադրբեջանագետի՝ եթե մենք խոսում ենք երկխոսության մասին, պետք է ֆիքսենք, որ առաջին հերթին խնդիրն ադրբեջանական հասարակությունում է, ոչ թե այստեղ, քանի որ այստեղ ոչ ոք ադրբեջանցի զինվորի կտրված գլխի հետ չի նկարվում: Էլիբեգովայի խոսքով՝ հայ հասարակությանը մեղադրել անհանդուրժողականության մեջ՝ մի փոքր ազնիվ չէ այս դեպքում, մանավանդ՝ երբ գիտենք, որ հակառակ կողմից մեծացել ու շարունակվում են մեծանալ հայատյացությամբ լցված սերունդներ: «Եթե նույնիսկ Ադրբեջանի իշխանությունն այսօր դադարեցնի իր՝ հայատյացության քաղաքականությունը, դպրոցական ծրագիրը մաքրի պատմական փաստերի խեղաթյուրումից, մամուլը դադարի  քարոզել հայատյացություն, միևնույն է, պետք է լինելու 1-2 սերունդ, որ մաքրվի այդ հայատյաց աշխարհընկալումը, և նոր միայն հնարավոր կլինի նրանց հետ շփման ինչ-որ եզրեր գտնել: Իսկ մեր հասարակությունն այդ խնդիրը չունի, մենք զգոն ենք, իհարկե, ոչ այնքան զգոն, որքան ես կուզեի տեսնել՝ ադրբեջանցիների հետ շփման առումով»,- ասաց Էլիբեգովան:

Նա հավելեց նաև, որ ադրբեջանական կողմից խաղաղության գնալու որևէ միտում չկա, և պետք չէ մեզ մեղադրել ադրբեջանական հասարակության մեջ գոյություն ունեցող խնդիրների համար: «Չգիտեմ, թե հիմա ինչ երկխոսության մասին կարող է խոսք գնալ, քանի որ սա միակողմանի սիրո պես մի բանի է վերածվում, երբ մի կողմն անընդհատ ասում է՝ եկեք ընկերություն անենք, իսկ մյուս կողմը պատասխանում է՝ ես քեզ կսպանեմ: Այստեղ երկխոսություն ուղղակի հնարավոր չէ»,- ասաց Էլիբեգովան:

Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե մեզ մոտ վերջին օրերին առկա խաղաղասիրության, Էլիբեգովայի բնորոշմամբ, կեղծ օրակարգը վնասո՞ւմ է մեր վարած քաղաքականությանը,նա պատասխանեց, որ ոչ թե խաղաղասիրության կոչերն են կեղծ օրակարգ, այլ մեսիջները, որոնք տրվում են այդ կոչերի միջոցով: «Մի խումբ երիտասարդների մոտ վրդովմունք է առաջացել, թե ինչու չեն կարող ընկերություն անել ադրբեջանցիների հետ, իսկ ո՞վ է նրանց խանգարում: Սա ոչ թե արտաքին քաղաքականության վրա է ազդում, այլ մեր ներսում զգոնության վրա է ազդում: Այս փուլում ես այս ամենն ընկալում եմ որպես հասարակության զգոնությունը ստուգելու փորձեր, ինչպես նաև նախապատրաստում ոչ հայանպաստ լուծմանը: Բայց սա չի նշանակում, որ այս ամենը պետական համակարգում որոշման արդյունք է կամ պետական քարոզչության մաս, այլ ինչ-որ խմբեր են, որոնք ունեն իրենց հետաքրքրությունն այդ հարցի շուրջ ու փորձում են իրենց տեսակետը մեզ հրամցնել: Սա ինձ համար ուղղակի անհանգստության առիթ է, քանի որ վստահ եմ, որ նրանք կես տարի հետո հասարակության մի շերտի համոզելու են, որ հողերը հանձնենք, սահմանը բացենք ու հանգիստ ապրենք»,- ասաց ադրբեջանագետը:

Էլիբեգովան համոզված է՝ Ադրբեջանում, առանց իշխանության կողմից վերահսկվելու, նման փորձերն ուղղակի անհնար են, քանի որ այնտեղ բոլորը գիտեն, որ խաղաղասիրության կոչով հանդես գալը կարող է ավարտվել բանտարկությամբ, արտագաղթով կամ իրենց սպանությամբ: