կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-22 17:13
Քաղաքական

Երբ շատերը Ստեփանակերտի մերձակայքում սելֆի էին անում , Դաշնակցության երիտասարդները Թալիշում պաշտպանում էին սահմանը. Իշխան Սաղաթելյան

Այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է Հայաստանում ունենալ իր ազգային ինքնության և մշակույթի կարևորությունը խորապես գիտակցող երիտասարդություն.  ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովի մեկնարկին այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է Yerkir.am-ը:

«Ամենևին պայման չէ կուսակցական պատկանելությունը, կարևորը՝ տեսակետ, գաղափար, դիրքորոշում ունեցող երիտասարդություն ունենալն է։ Մենք կարող ենք մեր գաղափարները չընդունողների հետ խոսել, գործակցել, բայց ամենավատը անտարբեր երիտասարդությունն է, որը չունի դիրքորոշում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը սեղմ նշեց Դաշնակցության ուսանողական - երիտասարդական կազմակերպությունների անցած ուղին. ուսանողական առաջին միությունը ՀՅԴ-ում 126 տարի առաջ է ստեղծվել՝ «Զավարյան» Ուսանողական միությունը։ Արդեն դարասկզբին Վանում գործում էր ՀՅԴ Երիտասարդական միությունը, որն իր միավորներով գործուն մասնակցություն է բերել թուրք և քուրդ կեղեքիչների դեմ հայ ժողովրդի մղած պայքարը կազմակերպելու և առաջնորդելու գործում։

«Դաշնակցության հարատևության գաղտնիքը նաև դրանով է պայմանավորված, որ իր մեջ ունեցել է հայրենասեր, կազմակերպված, գաղափարական երիտասարդություն, որի յուրաքնաչյուր սերունդ նոր շունչ է տվել Դաշնակցությանը»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ Դաշնակցության՝ Հայաստանում վերահաստատվելուն զուգահեռ ստեղծվեց Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, 3 տարի անց` Հայաստանի երիտասարդական  միությունը։

Դաշնակցության երիտասարդությունը կազմակերպված մասնակցություն ունեցավ Արցախյան ազատագրական պայքարին։ Իշխան Սաղաթելյանը նշեց դաշնակցական հերոս մարտիկներից մի քանիսի անունը՝ Թաթուլ Կրպեյան, Վարդան Բախշյան, Գագիկ Գրիգորյան, Գրիգոր Գրիգորյան. «Սա է դաշնակցական երիտասարդի տեսակը»։ 

2016 թ-ի ապրիլին ևս դաշնակցական երիտասարդները Արցախում էին։

«Երբ շատերը Ստեփանակերտի մերձակայքում սելֆի էին անում իրենց կենսագրության համար, Դաշնակցության երիտասարդները Թալիշում և Եղնիկներում պաշտպանում էին սահմանը»,- ասաց նա։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ողջունեց երիտասարդ հյուրերին. «Չնայած կուսակցությունները իրենց մեջ հակադրություններ ունեն, բայց ուսանողական թևերը տարբեր ֆորմատներով պետք է տարբեր օրակարգերի շուրջ քննարկումներ ունենան»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Yerkir.am-ը` ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովը անցկացվում է փետրվարի 22-23-ը Երևանում։