Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը ներկայացրել է ԱԺ աշխատակազմին տրամադրվող բյուջեի ծախսերը:
Արա Սաղաթելյանը նշել է, որ Ազգային ժողովի կողմից իրականացվում է «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագիրը, որի նպատակն է օրենսդրական դաշտի արդյունավետ ապահովումը եւ կատարելագործումը: Ծրագրում ընդգրկված 4 միջոցառման ընդհանուր գումարը կազմում է 5 մլրդ 254 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 399 մլն դրամով:
«Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման գծով նախատեսվել է շուրջ 4 մլրդ 968 մլն դրամ, «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառման գծով՝ շուրջ 180 մլն դրամ, «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» միջոցառման համար կտրամադրվի 1 մլն 211.0 հազ. դրամ, իսկ «Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման գծով՝ 104 մլն 060.5 հազ. դրամ:
Աշխատանքի վարձատրության համար գալիք տարվա բյուջեի նախագծով հատկացվել է 3 մլրդ 632 մլն դրամ:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ 2019թ. կկազմակերպվեն առնվազն 48 հերթական եւ 23 արտահերթ նիստեր, 28 խորհրդարանական լսումներ եւ 25 բրիֆինգներ, կընդունվեն առնվազն 380 օրենքներ եւ ԱԺ որոշումների նախագծեր: Կիրականացվեն պաշտոնական պատվիրակությունների ծրագրավորված մոտ 23 փոխայցեր, ինչպես նաեւ բարեկամական խմբերի 7-10 այցեր: Արա Սաղաթելյանն ընդգծել է, որ պատշաճ կլուսաբանվեն Ազգային ժողովի աշխատանքները, եթեր կհեռարձակվի «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը:
Խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ առավել արդյունավետ կիրականացվեն ԱԺ վերահսկողական գործառույթները եւ օրենսդրական գործունեությունը, կբարելավվեն պատգամավորների ու աշխատակազմի գործունեության նյութատեխնիկական պայմանները: Զեկուցողը նշել է, որ նախատեսված 104 մլն 060,5 հազ. դրամով ձեռք կբերվեն 100 համակարգիչ, 50 տպիչ, գույք, կստեղծվի նոր օպտիկամալուխային ցանց, ներքին ռադիոհանգույց, կարդիականացվի սերվերային համակարգը:
Արա Սաղաթելյանը բարձրացրել է ԱԺ շենքի, շինությունների կապիտալ ու ընթացիկ վերանորոգման խնդիրը՝ նշելով, որ կառավարությունը մերժել է այս հարցում ԱԺ աշխատակազմի հայտը: Գումար չի նախատեսվել «Շենքերի եւ կառույցների ընթացիկ նորոգում եւ պահպանում» հոդվածով, ինչպես նաեւ վարչական օբյեկտների հիմնանորոգման համար, ինչը նշանակում է, որ շենքն ու օժանդակ տարածքները, որոնք անընդհատ վերանորոգման եւ պահպանման կարիք ունեն, կարող են վտանգվել: Արա Սաղաթելյանն այս հարցով կրկին դիմել է կառավարությանը: