կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-02 13:36
Իրավական

Եթե Մայրապետյանը խոսի, վկայի կարգավիճակ կստանա, ինչպես ես. Սիլվա Համբարձումյան

Եթե Մայրապետյանը խոսի, վկայի կարգավիճակ կստանա, ինչպես ես. Սիլվա Համբարձումյան

Սիլվա Համբարձումյանին և Սամվել Մայրապետյանին կանչել են ՀՔԾ, Համբարձումյանը խոսել է, Մայրապետյանը` ոչ: Լրագրողներին այդ մասին հայտնեց գործարար Սիլվա Համբարձումյանը՝ խոսելով գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի դեմ բացված գործի մասին:

Նա պատմեց, որ ինքը 2008-ի փետրվարի 26-ից մինչև մարտի 31-ն ունեցել է կանխիկացում՝ 14 մլն դոլար և 800 մլն դրամ, ինչպես նաև` փոխանցում: Համբարձումյանի խոսքով՝ երբ Մարտի 1-ի գործով սկսել են հետաքրքրվել, թե ովքեր են կանխիկացում արել, նրան էլ են կանչել ՀՔԾ: «Ես ոչ թե գնացել և ցուցմունք եմ տվել, այլ ինձ կանչել են ՀՔԾ: Ինձ հարցրեցին, թե ինչի համար եմ այդքան կանխիկացում արել: Ես ասել եմ, որ 6 մլնն Արամ Հարությունյանի համար եմ արել: Ինձ հարցրեցին, թե ինչու եմ Մայրապետյանին 2 մլն դոլար փոխանցել: 12-ից մինչև ժամը 6-ը մտածել եմ՝ հայտարարություն տա՞մ, թե՞ ոչ: Բայց հասկացա` եթե չտամ, ես էլ հիմա ուրիշ տեղ կլինեմ և ասացի, որ խոշոր գործարք եմ արել արաբների հետ՝ իմ բաժնեմասերի մի մասը վաճառել եմ արաբներին, և որպեսզի ինձ չխանգարեն, խոշոր գումար եմ տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին: Մայրապետյանը որպես միջնորդ է եղել, ես նրա հետ ո'չ տալիք ունեմ, ո'չ առնելիք»,- ասաց Համբարձումյանը:

Հարցին, թե ինչպե՞ս էին իրեն խանգարելու, նա պատասխանեց, թե այդ տարիներին Հայաստանում խոշոր գործարք անելը հեշտ չէր:

Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ինչ կարգավիճակ ունի այս գործով Համբարձումյան: Նա պատասխանեց, որ ունի վկայի կարգավիճակ: «Եթե Մայրապետյանն էլ խոսի, նա էլ կունենա վկայի կարգավիճակ, սակայն նա այս գործով չի խոսել»,- հավելեց Համբարձումյանը:

Մեր հաջորդ հարցին, թե մի շարք մարդիկ՝ մտավորականներ, հասարակական գործիչներ, իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, որպեսզի Մայրապետյանի խափանման միջոցը փոխվի՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա հիվանդ է, ի՞նչ է կարծում սրա հետ կապված, գործարարը պատասխանեց, որ քննչական մարմինը պետք է որոշի այդ հարցը: «Չնայած ասում են՝ հիվանդ է, ու դրա հետ կապված գուցե պետք է փոխվի խափանման միջոցը»,- ասաց նա:

Համբարձումյանը հավաստիացրեց, որ Մայրապետյանին չի էլ ճանաչել, նրա հետ շփվել է միայն 2008-ի փետրվարից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 7-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածով (կաշառքի օժանդակություն):