կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 16:37
Հասարակություն

Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջը տոնում է իր 55-ամյակը

Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջը տոնում է իր 55-ամյակը

Երևանի Հ. Թումանյանի անվան  պետական տիկնիկային  թատրոնի դահլիճում տեղի է ունեցել Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի 55-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրեններ, քոլեջի տարբեր տարիների շրջանավարտներ: Միջոցառմանը ներկա է գտնվել և մասնակիցներ ողջունել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Շնորհավորելով քոլեջի կոլեկտիվին և ուսանողներին` ուսհաստատության 55-ամյակի կապակցությամբ, նախարարը, մասնավորապես, նշել է. «Երբ նշվում է հաստատության հոբելյանական տարեդարձը, ակամայից փորձ է արվում արժևորել իրականացված աշխատանքները: Ժամանակին, երբ ձևավորում էինք տարածաշրջանային քոլեջների քաղաքականությունը և ռազմավարությունը, այդ քոլեջների ձևավորման հիմքում փորձեցինք ներդնել պատասխանատվության մեծ ծավալ ոչ միայն կոնկրետ հաստատության ուղղությամբ, այլ նաև երկրում մասնագիտական կրթությունն առաջ տանելու, այն աշխատաշուկայի պահանջներին մոտեցնելու առումով:

Այդ իմաստով այսօր մենք ունենք մի քանի շատ բարձրորակ միջին մասնագիտական հաստատություններ, որոնց հաջողվել է մեր երկրի համար բարդ իրավիճակում, երբ դեռևս ամբողջությամբ ձևավորված չէ աշխատաշուկայի պահանջարկը, երբ առկա են մասնագիտությունների հստակեցման հարցեր,  ոչ միայն իրենց տեղը գտնել, այլ վերաբերմունքի փոփոխություն մտցնել հասարակության մեջ՝ մեր երկրի առաջընթացի համար շատ կարևոր այս կրթական ուղղության նկատմամբ: Այն, որ Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջը կայացած ուսհաստատություն է արդեն տարիներ շարունակ, այն, որ ուսուցանվող մասնագիտությունները սերտորեն կապված են աշխատաշուկայի հետ, և քոլեջի շրջանավարտներն իսկապես պահանջված են, փաստ է:

Սակայն շատ կարևոր է նաև, որ քոլեջների միջև ձևավորված է բարեկամական, իրար աջակցելու մթնոլորտ: Սրանք արժեքներ են, որոնք մեզ թույլ են տալիս հավատալ, որ այս կրթական ուղղությունը Հայաստանում ձևավորվել է, կայացել և ունի ապագա: Հատուկ շնորհակալություն նաև քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանին, ով ոչ միայն կարողացել է վաստակել կոլեկտիվի սերն ու հարգանքը, այլ նաև իր շուրջը համախմբել կարող ուժեր, ձևավորել հետաքրքիր սերնդափոխության համակարգ: Այս փաստը ցույց է տալիս, որ երբ ղեկավարը ցանկանում է, իսկ  կոլեկտիվն ունի մոտիվացիա և գիտակցում է` ինչ է ուզում անել, ապա իրականացված աշխատանքները հաջողություն են ունենում»:

Նշենք, որ կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար և Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի հիմնադրման 55-ամյակի կապակցությամբ քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:

Քոլեջի դասախոսներ Ժասմենա Հարությունյանը, Արտաշես Շահվերդյանը, Ալվարդ Մանուկյանը և Մարիամ Չալիկյան պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով, իսկ Կարինե Անտոնյանը, Եվա Մարգարյանը, Տաթևիկ Խաչատրյանը և Հերմինե Ծատուրյանը` նախարարության շնորհակալագրերով:

ՀՀ ԿԳՆ