Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը պնդում է, որ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակը Հայաստանում ժողովրդավարական-ընտրական ինստիտուտների կայացումն է, Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի ապահովումը: Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա շեշտեց, որ ԸՕ նոր բարեփոխումները կոչված են ապահովել ընտրական օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքները:
«Ոչ վաղ անցյալում Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին երկրում քաղաքական ներկապնակի իրական պատկերը: Այդ ամենը հաշվի առնելով` ՀՀ վարչապետը ներկայացրել է հրաժարական և նախատեսվում է դեկտեմբերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` լուծելու համար երկրում առկա հակասահմանադրական վիճակը, որը պայմանավորված է ԱԺ-ում կայուն մեծամասնության բացակայությամբ»,- ասաց նա և ներկայացրեց ԸՕ բարեփոխումները:
Ըստ նախարարի պաշտոնակատարի` դրանք լուծում են հետևյալ խնդիրները՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում և ժամկետների ընդլայնում՝ 6 օրից դարձնելով 10 օր, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում՝ կուսակցությունների համար նախատեսելով 4 տոկոս` նախկին 5-ի փոխարեն, դաշինքների համար 6 տոկոս՝ նախկին 7-ի փոխարեն, ընտրագրավի գումարի իջեցում 10 մլն դրամից 7,5 մլն դրամի, ԱԺ-ում նվազագույնը 4 քաղաքական ուժերի ընտրության երաշխիքների ապահովում, կանանց ներկայացվածության քվոտայի բարելավում՝ գործող 25 տոկոսի փոխարեն սահմանելով 30 տոկոս, բոնուսային համակարգի վերացում Երևանի, Գյումրիի և Վանաձորի ընտրությունների ժամանակ:
Զեյնալյանը նշեց, որ նախատեսվում է սահմանափակել վավերականության ժամկետը լրացած` անձը հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը՝ ապահովելով վավեր անձնագրեր Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների համար և ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին:
Նախատեսվել է նաև մեխանիզմ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար, ընտրողների իրազեկվածության բարձրացում, որը ենթադրում է օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցների վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճը:
Ըստ նախարարի պաշտոնակատարի` էապես ավելացվում է Հայաստանի հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանման համար: Հեռուստատեսությամբ այն կլինի մինչև 60 րոպեի փոխարեն 90 րոպե, իսկ ռադիոյով՝ մինչև 120 րոպեի փոխարեն մինչև 180 րոպե:
Ապահովվելու են նաև զորամասերում քարոզչության հավասար պայմաններ՝ ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով՝ առանց անցագրային ու գաղտնիության ռեժիմի փոփոխման, մասնավորապես՝ սահմանվելու են մեխանիզմներ զինծառայողների համար նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ հետևելու հնարավորություն տալով: Քվեարկության գործընթացի մատչելիությունն է ապահովվելու, ինչը ենթադրում է տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողներին հնարավորություն տալ ժամանակավոր հաշվառվելու տեղաշարժման համար մատչելի, գտնվելու վայրի մոտակա տեղամասային կենտրոնում։
Զինվորականների քվեարկության ընթացքում արգելվելու է վերադաս սպայի գտնվելը քվեարկության սենյակում։ Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորություններ են բարձրացվելու, այդ թվում`կրճատվելու է ՀԿ-ների հավատարմագրվելու վերջնաժամկետը: Վերացվել է դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գումարային թիվը տեղամասում սահմանափակելու` հանձնաժողովի իրավունքը: Սահմանվել է միջազգային և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգը: Ամրագրվում է տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից եռամսյա ժամկետում իրենց զեկույցները հրապարակման համար ԿԸՀ ներկայացնելու պահանջ։
Անգործունակ ճանաչված անձինք հանվելու են ընտրողների ցուցակից:
Զեյնալյանը հավելեց` որպեսզի այս ԸՕ-ն հնարավորինս լինի անթերի, կառավարությունը պատրաստ է ընդունել դիտողություններ և շարունակել քննարկումները:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց Զեյնալյանից` արդյո՞ք իրենց առաջարկը, որ եթե սահմանվում է պարտադիր 4 խմբակցության առկայություն խորհրդարանում, ապա 4-րդ խմբակցությունը գոնե հավաքի առնվազն 2% վստահության քվե, հետո միայն իրավունք ունենա մտնելու խորհրդարան: «Ճի՞շտ ենք հասկանում, որ մեր առաջարկը չի ներառվել»,- հարցրեց նա:
Զեյնալյանը պատասխանեց, որ այդ առաջարկը կներառվի նախագծի մեջ:
Պետրոսյանը հետաքրքրվեց` ի՞նչ տեղի կունենա, եթե ընտրություններին մասնակցի ընդամենը երեք քաղաքական ուժ:
Զեյնլայանը պատասխանեց, որ տեսականորեն դա չպետք է բացառել: «Եկեք տեսական` չբացառելու սկզբունքով քննարկենք այդ հարցը: Դա կարող է առաջացնել քաղաքական ճգնաժամ, բայց այս պահին տեսականորեն հնարավոր չէ: Հետագայում կքննարկենք»,- առաջարկեց նա:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ նշեց, որ Գևորգ Պետրոսյանի ասածը տրամաբանական է: