Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից, որն այսօր հրավիրվել էր քննարկման, հետաքրքրվեց, թե ի՞նչ պետք է անել, որ հրատապ գործերի քննությունը հանիրավի չհետաձգվի դատավորների քմահաճույքների պատճառով:
««Գորիս» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Փարսադան Փարսադանյանի երեք անչափահաս երեխաները չունեն խնամակալ: Տատիկն էր խնամակալը, վերջերս մահացել է: Երեխաները 16, 10 և 4 տարեկան են: Գործի քննություն իրականացնելու պահանջով` երեխաներից մեկը նույնիսկ հայտարարել էր, թե հացադուլ է անելու: Նրանց հայրը` Փարսադան Փարսադանյանը, վաղաժամկետ ազատման միջնորդություն էր ներկայացրել: Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմից պատասխանել են, որ պայմանական վաղաժամկետ ազատման մասին միջնորդության քննությունը նախատեսված է եղել անցկացնել փետրվար 4-ին, սակայն չի կայացել դատավոր Արսեն Սարդարյանի` հերթական ամենամյա արձակուրդում գտնվելու պատճառով: Հիմա մի օր էլ կարող է Արսեն Սարդարյանի գլուխը ցավել, մի օր հավես չունենա, մի օր արձակուրդում լինի: Այս պահին ոչ թե Փարսադանյանի խնդիրն է, այլ երեխաների ճակատագիրը, որոնք սպառնում են գնալ հացադուլի: Երբ նժարին ենք դնում երեք երեխաների ճակատագիրը և Փարսադան Փարսադանյանի գործը, գուցե այնպես անենք, որ Արսեն Սարդարյանը շուտ վերադառնա արձակուրդից»,- ասաց Զոհրաբյանը:
Նախարար Զեյնալյանն արձագանքեց, որ գործ ունենք դատական իշխանության հեղինակության հետ, և այն հարկավոր է մեծացնել, ապա հավելեց, որ Հայաստանի 100 000 բնակչի հաշվով կա 7 դատավոր. նրանց թիվն այս պահին 232-ն է: Նա ընդգծեց, որ դատավորների թափուր հաստիքներ կան, քանի որ այս ոլորտը նույնպես դադարել է լինել հրապուրիչ:
«Դատավորների վարույթում մի քանի հազար գործ կա: Օրինակ` 15 քրեական գործից ավելի մեկ դատավորի վարույթում լինելն արդեն արդյունավետ չէ, իսկ նրանց վարույթում լինում է 40 և ավելի գործ: Դատավորն ունի նաև արձակուրդի իրավունք և պետք է օգտվի դրանից»,- ասաց Զեյնալյանը:
Հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը միջամտեց` «հիասթափեցնելով» թե՛ Զոհրաբյանին, թե՛ նախարարին: «Արսեն Սարդարյանն արձակուրդից հետ չի կարող գալ, քանի որ նա աշխատանքից ազատվել է: Ընդ որում` վաղուց է աշխատանքից ազատվել: Երևի ձեր գրությունը հին է»,- հայտնեց նա:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Գրությունը երեկ չէ առաջին օրն է ստացվել: Դե ի՞նչ ասեմ, եթե վերադասը տեղյակ չէ, որ իր դատավորն աշխատանքից ազատվել է»: