կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-01 12:14
Հասարակություն

Փոխվարչապետ Միրզոյանից պետք է ճշտել. վարչապետի խոսնակ

Փոխվարչապետ Միրզոյանից պետք է ճշտել. վարչապետի խոսնակ

Երեկ Գյումրին նշում էր քաղաքի օրը: Վարչապետ Փաշինյանը միայն օրվա վերջում էր իմացել դրա մասին: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սիրելի գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն եւ բարեկեցություն:

Կներեք, որ այսօր չեմ եկել: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Հ.Գ. Անկեղծ ասած միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվեք իմ հարազատ գյումրեցիներ: Առաջիկայում կտեսնվենք»:

Գյումրու օրվա կապակցությամբ Գյումրի էր գնացել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որից լրագրողները հետաքրքրվել էին, թե ինչու վարչապետը ներկա չէ: «Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Գյումրին, խնդրել է իր սերը փոխանցել ու շնորհավորանքը։ Գիտեք` Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ է վերադարձել մի քանի օր տևած գործուղումից և շատ կուտակված բաներ կային, և վարչապետը շտապել է և իր աշխատասենյակում է։ Վստահ եմ, որ ֆիզիկապես ներկա չլինելը ոչ մի բան չի նշանակում»,- ասել է նա։

Ակնհայտ է վարչապետի և առաջին փոխվարչապետի խոսքերի հակասությունը: Այդ կապակցությամբ Yerkir.am-ը փորձեց պարզաբանում ստանալ թե' վարչապետի, թե' առաջին փոխվարչապետի գրասենյակներից:

Վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վարչապետը հստակ ասել է, որ ուշ է իմացել: Իսկ թե ինչո՞ւ է առաջին փոխվարչապետը վարչապետի անունից շնորհավորել գյումրեցիներին և ասել, որ զբաղվածության պատճառով չի կարողացել լինել Գյումրիում, ըստ նրա, պետք է ճշտել առաջին փոխվարչապետից:

Մեր այն հարցին` հնարավո՞ր է, որ հենց Արարատ Միրզոյանն է թերացել իր աշխատանքում, և նա պետք է պատժվողը լինի, Եղոյանը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանն ինքը չէ, որ պետք է տա: 

Առաջին փոխվարչապետի գրասենյակը մեր զանգերին չպատասխանեց: