կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-13 12:42
Հասարակություն

«Ստեղ միլիոնները թափած չի քո համար…». կառավարության աշխատակցի պատասխանը` հայրենադարձին

«Ստեղ միլիոնները թափած չի քո համար…». կառավարության աշխատակցի պատասխանը` հայրենադարձին

Մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանին խորհդարանն ընտրեց որպես վարչապետ,   Հենրիկ Մաթևոսյանը, ով Կրասնոդարում էր ապրում երկար ժամանակ, եղած-չեղածը հավաքեց, անչափահաս փոքրիկ երեխաներին վերցրեց ու մայիսի 9-ին` հենց հաջորդ օրը,  եկավ Հայաստան: Հայաստանում, սակայն, ո'չ տուն ունեին, ո'չ տեղ: Լսել էին, որ վարչապետն ասում է` հայրենադարձությունը խրախուսվում է, դուք միայն վերադարձեք Հայաստան, ձեր բոլոր խնդիրները մենք կօգնենք լուծել: Հավատացին ու առանց երկար-բարակ մտածելու եկան: Ուրախացել էին, որ վերադառնում են «նոր Հայաստան», որտեղ իրավիճակն այլևս առաջվանը չէ, կարող են սկսել նոր կյանք,  օգնել հայրենիքին, ամուր զգալ իրենց հարազատ հողում:

Բայց արդեն սեպտեմբերի երկրորդ շաբաթն է, և Հենրիկ Մաթևոսյանը, առավոտյան աշխատանքի գնալու և հայրենիքը շենացնելու փոխարեն, կանգնած է կառավարության շենքի առջև և պահանջում է, որ կառավարության անդամներից որևէ մեկն իրեն լսի ու օգնի լուծել իր խնդիրները: Մի քանի ամիս է, ինչ դիմել է կառավարություն, որ օգնեն իրեն տան հարցով կամ գոնե տան վարձի հարցով, որ ընտանիքը դրսում չհայտնվի: Խոստացել են օգնություն տրամադրել` որպես անապահով ընտանիքի` միանվագ 50.000 դրամ ամեն ամիս փոխանցելով:

Մի քանի օր առաջ Մաթևոսյանին վարչապետի օգնականներից  Նաիրի Սարգսյանն ասել է` գնա տուն, չորս օրից կգաս, գործդ արդեն եղած կլինի: Պատմում է, որ ուրախ-զվարթ գնացել է տուն, չորրորդ օրը զանգել է` ճշտելու համար, թե արդեն իր խնդիրը  լուծվա՞ծ է, թե՞ ոչ, ոմն Արփի է պատասխանել, հեռախոսազրույցի ընթացքում վեճի են բռնվել, աշխատակիցն իր հետ «դու»-ով է խոսել, ապա ասել. «Ստեղ միլիոնները թափած չի քո համար, կարող ա՞ գիտես` տուն պիտի առնեմ, տամ»: Հետո իրեն ասել են, որ իր գործը փակված է, և ոչ մի բացատրություն չեն տվել, թե ինչու:

Երբ Մաթևոսյանն անձամբ ներկայացել է, նրան ասել են, որ Արփիի հետ լավ չխոսելու պատճառով այսօր իր հարցն անլուծելի է մնացել: Նոր դիմում էլ չեն ընդունում: Իսկ երբ սկսել է բողոքել, ասել են. «Բա էն ժամանակ վախո՞ւմ էիր...»: Հայրենադարձը ոչ հասկանում է, թե իր «մեղքը» որն է, ոչ էլ գիտի, թե ինչ անել իր` դրսում մնացած ընտանիքի հետ:

Կառավարության շենքի առջև էլ մեզ հետ զրուցելիս հանդիպեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և հույս ունի իր խնդրի լուծումն այս ճանապարհով գտնել: