Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նախորդ նիստում քննարկվեց և համաձայնություն տրվեց որոշման մի նախագծի, որով նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազարից դարձնել 150 հազար դրամ: Այս փոփոխությունը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:
Իհարկե, դրված նպատակը խիստ առարկայական է խորացող ժողովրդագրական խնդիրների պարագայում, և մոտեցումը՝ պետական միանվագ դրամական աջակցության չափի ավելացումը, կթողնի որոշակի սոցիալական ազդեցություն: Սակայն այս փոփոխության նպատակի իրացման և ակնկալվող արդյունքի տեսանկյունից՝ օբյեկտիվորեն առաջ են գալիս հետևյալ առանցքային հարցերը.
– ի՞նչ գործոնների հաշվառմամբ են որոշվել միանվագ պետական աջակցության` առաջարկվող ավելացման թիրախն ու չափը,
– այս փոփոխությամբ ծնունդները խթանելու համար պետական բյուջեից լրացուցիչ պահանջվող տարեկան 1,5 միլիարդ դրամն ի՞նչ չափով կավելացնի երկրորդ երեխաների նվազող թիվը, ի դեպ, ներկայացված նախագծում այս առումով ազդեցության գնահատում առկա չէ,
– սոցիալական քաղաքականության բարեփոխումների շրջանակներում քննարկվո՞ւմ են,արդյոք, միջազգային պրակտիկայում ընդունված և դրական արդյունքներ արձանագրած` պետական աջակցության մի շարք այլ ծրագրեր, որոնք առավել առարկայական, կայուն ու չափելի արդյունքներով կարող են ազդել երեխաների ծնունդների աճի վրա և ունեն բնակչության ընդլայնված վերարտադրության ապահովման իրական ներուժ:
Միանգամից կարելի է արձանագրել` առանց այս հարցերի ամբողջական պատասխանների, ընդհանուր առմամբ, անորոշ և հետևաբար նաև ռիսկային է դառնում առաջարկվող փոփոխության նպատակի գործնական իրացումը:
Նախ հատկանշական է, որ վերջին տարիներին մեր երկրում կրճատվում են ոչ միայն երկրորդ երեխայի ծնունդները, այլ նաև՝ առաջին, երրորդ և հաջորդ երեխաների ծնունդները: Մյուս կողմից՝ բնակչության ընդլայնված վերարտադրության ապահովման հիմնական նպատակադրումն առարկայորեն պահանջում է, որ պետական աջակցությունը թիրախավորվի առնվազն երրորդ երեխայի ծնունդների հարցում, այլ ոչ թե՝ երկրորդ: Եվ սա պետք է դիտվի որպես ծնունդների խթանման պետական աջակցության օբյեկտիվ հիմնանպատակ: Այս հիմնանպատակի ու թիրախավորման տեսանկյունից, իհարկե, կարևոր են նաև հետևյալ միջանկյալ նպատակադրումները՝ ամուսնությունների աճը, առաջին երեխա ունենալու ժամանակ մոր միջին տարիքի նվազեցումը, առաջին և երկրորդ երեխաների ծնունդների աճը և այլն:
Ծայրահեղ վիճակի հասնող ժողովրդագրական հիմնախնդիրների և սահմանափակ պետական միջոցների պարագայում, ինչպիսին, ցավոք, արձանագրված է մեր երկրում, ժողովրդագրական իրավիճակի էական բարելավման համար առանձին ուղղություններով առաջարկվող լուծումների արդյունավետության բանաձևը պետք է լինի հետևյալը՝ դրված օբյեկտիվ հիմնանպատակից բխող առաջնահերթությունների լիարժեք ամրագրում, որից հետո միայն, այդ առաջնահերթությունների հենքի վրա, պետական գործող ծրագրերի վերաիմաստավորում և նոր ծրագրերի իրականացում:
Հետևաբար, կարծում ենք` բնակչության ընդլայնված վերարտադրություն ապահովելու հիմնական նպատակով Սահմանադրությամբ սոցիալական հանդիսացող պետությունից օր առաջ պահանջվում են պետական աջակցության արմատական և համալիր նոր մոտեցումներ, այլ ոչ թե արդյունքի տեսանկյունից ռիսկային և շահառուների նեղ շրջանակի վերաբերող, դիսկրետ փոփոխություններ, մասնավորապես՝ ծնելիությունը խթանող գործող սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի վերաիմաստավորում և նոր ծրագրերի ներդրում այն հիմնարար սկզբունքի համաձայն, որ հաջորդ երեխայի, հատկապես՝ սկսած երրորդ երեխայից, ծնունդը ընտանիքում դառնա զարգացման և սեփական երկրում ամրանալու նոր ու իրական հնարավորություն, այլ ոչ թե՝ սոցիալական խնդիրները խորացնելու պատճառ:
Եվ վերջում. այս հիմնարար սկզբունքի ներքո իրականացման տեսանկյունից կարող են դիտարկվել ժողովրդագրական խնդիրներ ունեցող մի շարք երկրներում դրական փորձ արձանագրած հետևյալ հավաքական լուծումները.
– նոր ձևավորվող ընտանիքների համար, առաջնահերթ՝ գյուղական, սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում, բնակարանաշինության պետական նպատակային աջակցություն, այն մոտեցմամբ, որ երրորդ երեխայի ծնվելուց հետո պետությունը ամբողջությամբ ֆինանսավորի բնակարանի մնացորդային արժեքը և ընտանիքը դառնա բնակարանի սեփականատեր,
– հանրապետության ողջ տարածքում ,պետական և(կամ) համայնքային ամբողջական ֆինանսավորմամբ, երեխայի ծնողի համար անվճար նախադպրոցական հաստատությունների ապահովում,
– երեխաների թվաքանակից կախված՝ ծնողների եկամտահարկի դրույքաչափի նվազեցում, ինչպես նաև գործազուրկ ծնողներին զբաղվածության աջակցության պետական ծրագրերում ընդգրկելու իրական առաջնահերթությունների սահմանում և լրացուցիչ հնարավորությունների նախատեսում, ընդ որում՝ այս արտոնությունները առավել մեծ տոկոսներով պետք է աճեն երրորդ երեխայից ծննդից սկսած,
– բազմազավակ ընտանիքների (չորս և ավելի երեխա ունեցող) համար պետական բազմակողմանի և նպատակային աջակցության համակարգի ներդրում, աջակցության ամենամյա ծրագրերի իրականացում,
– երրրորդ երեխայի ծնունդից հետո՝ ծնողների համար առողջապահական պետական ապահովագրության իրավունքի նախատեսում՝ նվազագույն բազային փաթեթով և այլն:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Թադևոս Ավետիսյան