Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էր ընտրական բարեփոխումների մասին նախագիծը, ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը՝ ասելով. «Այո, մինչև հիմա մեր երկրում առկա է եղել ժողովրդի մեջ դժգոհություն գրեթե բոլոր ընտրությունների արդյունքների վերաբերյալ, վստահությունը գրանցված արդյունքների նկատմամբ միշտ ցածր է եղել, և եթե վերլուծենք ԱԺ վերջին ընտրությունների արդյունքների նկատմամբ գնահատականները, ապա կտեսնենք, որ արձանագրվել է փաստ, ըստ որի` ընտրատեղամասերում ընտրակեղծիքներ չեն գրանցվել, և հիմնական դժգոհությունը եղել է ընտրատեղամասերից դուրս՝ ընտրակաշառքի բաժանման երևույթի դեմ:
Եվ ես, իհարկե, ողջունում եմ առաջարկվող խստացումն այդ երևույթի՝ ընտրակաշառք բաժանելու և վերցնելու դեմ:
Ուզում եմ հիշեցնել, որ այս ամբիոնից բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելու երևույթի դեմ պայքարի անհրաժեշտության մասին ես բարձրաձայնել եմ դեռևս Աժ-ում նոր կառավարության հետ առաջին հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Կարևորն այն է, որ այս նախագծում անդրադարձ է կատարվում բարեգործությանը՝ որպես ընտրակաշառքի մեխանիզմի, այն կիրառելը դիտարկվում է պատժելի գործողություն, և նախատեսվում են համապատասխան պատժամիջոցներ:
Սակայն առաջարկվող նախագիծն ինձ մոտ առաջացրել է որոշ մտահոգություններ, որոնք բխում են նախագծում օգտագործված` ոչ միարժեքորեն սահմանվող տերմիններով` խոստանալ, խոստում ընդունել: Եթե տերմինը միարժեքորեն հնարավոր չէ սահմանել, ապա ապացուցել, որ նման խախտում է տեղի ունեցել կամ տեղի չի ունեցել, որն այս դեպքում ավելի կարևոր է, ավելի դժվար է, եթե ոչ` անհնար:
Գիտեք` մաթեմատիկան և իրավագիտությունը ճշգրիտ գիտություններ են, բայց եթե մաթեմատիկայում աշխատում է ապացուցման ենթադրությունների ու հակասությունների մեթոդը, այսինքն` ենթադրում ենք մի բան, քայլերի ընթացքում ստանում ենք հակասություն, ապա եզրահանգում ենք, որ ենթադրությունը սխալ էր, ապա նույն մեթոդով իրավագիտության մեջ աշխատելը, չգիտեմ, ինչքանով է ճիշտ: Չէ՞ որ մաթեմատիկայում գործ ունենք a,b,c վերացական մեծությունների հետ, իսկ իրավագիտության մեջ՝ a,b,c կոնկրետ մարդկանց հետ: Եվ մեկ կամ մի քանիսի հայտարարությամբ քաղաքացուն մեղադրել կաշառք վերցնելու կամ խոստում տալու մեջ՝ անընդունելի է, թեկուզ հետո ապացուցվի, որ հայտարարությունը սխալ էր: Այս դեպքում գործ ունենք մարդու արժանապատվության և բարի համբավի խաթարման, հանրության մեջ նրա մասին ապատեղեկատվության տարածման հետ: Պետք է անպայմանորեն վերանայել նախագծում նման` ոչ միարժեք սահմանվող տերմինների օգտագործման հարցը:
Եվ կա մի կարևոր բան էլ: Կառավարությունն այսօր առաջարկում է այս նախագիծը` այն նկատառումով, որ այն կկիրառվի Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների ժամանակ: Բայց չմոռանանք, որ ընտրությունները 3 հիմնական դերակատար ունեն՝ պետություն, ընտրվող և ընտրող: Այս նախագծով օրենքում էական փոփոխություններ են առաջարկվում` հատկապես ընտրողներին ուղղված: Արդյո՞ք անհրաժեշտություն չեք տեսնում հանրության լայն շրջանում այս օրենքի փոփոխության մասին տեղեկատվության ապահովման համար և ի՞նչ մեխանիզմներով: Պետք է հաշվի առնենք, որ քաղաքացիների այն խումբը, որին ուղղված են այս խստացումները` կաշառք վերցնելու և խոստումներ տալու համատեքստում, հիմնականում քիչ են օգտվում համացանցից, և հույս դնել միայն համացանցով տեղեկատվության ապահովման վրա, թերի կլինի: Կուզեի հասկանալ` արդյո՞ք նախատեսվում են հանրությանը օրենքի մեջ առաջարկվող փոփոխությունների մասին տեղեկատվության ապահովում և ի՞նչ մեխանիզմներով:
Չմոռանանք, որ ժամանակը շատ կարճ է, իսկ նման տեղեկատվության ապահովումն, ըստ ինձ, անհրաժեշտություն է»: