Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչո՞ւ ենք ուզում քննարկել մեր` փոխզիջման գնալու պատրաստակամությունը, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման. հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք մեթոդաբանական սխալ ենք թույլ տալիս, երբ կառավարության որևէ ներկայացուցչից հարցնում ենք, թե` կարգավիճակի դիմաց տարածքներ զիջելը ձեզ համար ընդունելի՞ է, թե՞ ոչ: Իսկ որևէ մեկը Ադրբեջանին հարցրե՞լ է` այդ լուծումը նրա համար ընդունելի է՞, թե՞ ոչ: Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, ապա ազգովի կքննարկենք` մեզ համար փոխզիջման ինչ սահման գոյություն ունի: Բացառում եմ ԼՂ հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կարող է լուծել այդ հարցը ժողովրդին ոչ ցանկալի ձևով, անհնար է պատկերացնել, որ Հայաստանում որևէ իշխանություն նման բան ցանկանա»,- հայտարարեց վարչապետը:
Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը` նա ասաց, որ քննարկել են բացառապես Արցախի հարցը: «Առաջին նախագահը փորձել է տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ հայտնի չեն լինի: Դա օգտակար զրույց էր, բայց նա ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ հայտնի չէին»,- հայտնեց Փաշինյանը:
Նրա խոսքով` իր պաշտոնավարման հենց սկզբում հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալաբանդյանի, ներկայիս նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, քննարկել են Արցախին վերաբերող ամեն հարց, և ինքը լիարժեք ինֆորմացիա է ունեցել հենց պաշտոնը ստանձնելու սկզբից: Փաշինյանը չբացառեց, որ նման հանդիպումները կարող են շարունակական լինել:
Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր փաստաթղթերում արձանագրված է, որ Արցախի հարցի կարգավորման վերջնական փուլում Արցախը պետք է լիարժեք ներգրավված լինի պրոցեսի մեջ: Վերջին շրջանի ադրբեջանական ագրեսիան վարչապետը բացատրեց նրանով, որ ադրբեջանական իշխանությունները մտավախություն ունեն, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ալիքը կարող է հասնել Ադրբեջան, ուստի նրանք փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել դեպի Արցախի հարցը` շարունակելով իրենց ավանդական քաղաքականությունը: