Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնն այս տարի տեղի չի ունենա:
Փառատոնի չեղարկման պատճառը ֆինանսական խնդիրներն են: Yerkir.am-ի հետ զրույցում Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի հիմնադիր ԺիրայրԴադասյանը նշել էր, որ հանդիպել է մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ, որպեսզի փառատոնի բյուջեն ներկայացնի ու ստանա, սակայն փոխնախարարն ասել է, որ չի կարող գումար տրամադրել: Դադասյանը նշել էր նաև, որ մտավախություն կա, որ հաջորդ տարի նույնպես փառատոնը տեղի չի ունենա, իսկ Մնջախաղի թատրոնի շենքն այդպես էլ չի կառուցվի:
Նազենի Ղարիբյանն էլ իր հերթին մեզ հետ զրույցում նշել էր, որ բյուջեն սուղ է, իսկ Դադասյանի պահանջած 16 մլն դրամն իրենք տրամադրել չեն կարող: Փոխնախարարն առաջարկել էր, որ փառատոնը շարունակի իր ընթացքը նախկին ժամանակացույցով՝ երկու տարին մեկ անցկացվի: Իսկ ինչ վերաբերում է թատրոնի շենքի կառուցմանը, ապա, Ղարիբյանի խոսքով, իրենք ամեն կերպ կաջակցեն շենքի կառուցման հարցում:
Ղարիբյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք նոր հանդիպում տեղի չի ունեցել, և ընդհանուր հայտարարի չե՞ն եկել թե' փառատոնի, թե' թատրոնի շենքի կառուցման հարցում: Նա պատասխանեց, որ Դադասյանն իրեն առաջիկա ներկայացման հրավիրատոմս է տվել, և ինքն էլ պատրաստվում է գնալ այդ ներկայացմանը: «Դադասյանը փառատոնի ֆինանսավորման՝ 16 մլն դրամի հայտով էր եկել նախարարություն, սակայն մենք այդքան գումար չենք կարող տրամադրել: Եթե պարոն Դադասյանն այլ գումարային առաջարկ ունի և այլ գումարի շրջանակներում կարող է փառատոնն անցկացնել, կարող է գալ, ես պատրաստ եմ քննարկել դա»,- ասաց Ղարիբյանը:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ պարզվել է՝ նախարարության եռամսյակի բյուջեն արդեն սպառված է, ընդ որում՝ սպառված է եղել ոչ միայն այդ եռամսյակի, այլև հուլիսի վերջի բյուջեն: