Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ավտոմատացրել է բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության ներկայացման գործընթացը՝ նպաստելով ոլորտային բիզնեսի աշխատանքային գործունեության արդյունավետության բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը: Կատարված բարեփոխումներն այսօր ՊԵԿ-ում ներկայացվել են հարկ վճարողներին և շահագրգիռ կողմերին: Ներդրված համակարգը թե՛ հարկային մարմնին, թե՛ ՀՀ բնապահպանության նախարարությանը վարչարարության կազմակերպումը էլեկտրոնային կառավարման դաշտ տեղափոխելու հնարավորություն է տվել: Փոփոխություններով պայմանավորված՝ 2017թ. հոկտեմբերից հարկ վճարողն այլևս ստիպված չի լինելու հաշվարկ-հաշվետվությունը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներկայացնել լիազոր մարմին, այնուհետև 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցված հաշվարկ-հաշվետվությունը ներկայացնել հարկային մարմին, փոխարենն այսուհետ հարկային մարմնի պաշտոնական կայքէջի petekamutner.am միջոցով հարկ վճարողը հաշվարկ-հաշվետվությունը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով: «Համոզված եմ, որ այս բարեփոխումն էապես կրճատելու է հաշվարկ-հաշվետվություների ներկայացման ժամանակահատվածը՝ բիզնեսի համար առավել հարմարավետ միջավայրում աշխատելու հնարավորություն ստեղծելով»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ներկայացվում է հաշվարկ-հաշվետվության ստացումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցում: Հարկային մարմինը հաշվարկ-հաշվետվությունը (այդ թվում` ճշտված) ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է ՀՀ բնապահպանության նախարարություն, որը, ճշգրտման անհրաժեշտության դեպքում, եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր ծանուցում է վճարողին:
Մաքսատուրքերի բարձրացումը չի ենթադրում ապրանքների գների բարձրացում
Ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից կարող են ավտոմեքենա ներմուծել առանց որևէ սահմանափակման
ՊԵԿ նախագահի տեղակալը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հասարակության շրջանում տարածված այն տեսակետին, ըստ որի մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ կբարձրանան նաև որոշ ապրանքների գները. «Նման եզրահանգումը ճիշտ չէ, պետք է հաշվի առնել որոշ հանգամանքներ: Առաջին՝ մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը վերաբերում է միայն երրորդ երկրներից կատարված ներմուծումներին, իսկ նման փոփոխությունները ԵԱՏՄ անդամ երկրներից այդ ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծելու լրացուցիչ հնարավորություն են ստեղծում: Հաջորդ հանգամանքն այն է, եթե ներմուծումը կատարվի այն երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի մասին համաձայնագիր, ապա ակնհայտ է, որ մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը նույնպես ազդեցություն չի կարող ունենալ այդ ապրանքների թանկացման վրա»: Վ. Միրումյանի խոսքով՝ մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը տեղական արտադրողներին արտադրական ծավալները մեծացնելու շուրջ մտորելու հնարավորություն է տալիս:
ՊԵԿ նախագահի տեղակալն, անդրադառնալով մամուլում շրջանառվող ևս մեկ լուրի, ըստ որի՝ 2018թ.-ից ֆիզիկական անձինք, առանց ապրանքանշանի տիրոջ համաձայնության, չեն կարողանա երրորդ երկրներից Հայաստան ներմուծել ցանկացած տեսակի ապրանք, այդ թվում՝ ավտոմեքենա, նշել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «2018թ.-ից հետո ևս ֆիզիկական անձինք կարող են երրորդ երկրներից ներմուծել իրենց նախընտրած ավտոմեքենան առանց որևէ սահմանափակման»:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին