«Ժամանակը» գրում է. «Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծում անցողիկ շեմի 1 տոկոս նվազեցումը՝ կուսակցությունների և դաշինքների համար, իբրև ընտրական համակարգի բարելավման քայլ, անշուշտ, հարաբերական է: Մի կողմից այն թույլ է տալիս ունենալ առավել ներկայացուցչական խորհրդարան, մյուս կողմից՝ դժվար է ասել, թե որքանով է խայտաբղետ խորհրդարանը նպաստելու քաղաքական համակարգի կայացմանը, առավել ևս Հայաստանում, երբ վաղուց է հասունացած քաղաքական ուժերի, այսպես ասած, խոշորացման կամ օպտիմալացման խնդիրը:
Հարցը թերևս պետք է դիտարկել կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով: Խորքային առումով, սակայն, քաղաքական համակարգի կայացումը հնարավոր չէ, այսպես ասած, արհեստական նշաձողերի սահմանումով:
Մասնավորապես՝ այն, որ մինչև հիմա Հայաստանում գործել է անցողիկ շեմը, դա դույզն-ինչ չի բերել քաղաքական ուժերի որակական, բովանդակային հասունացման:
Իհարկե, այստեղ կարող է լինել փաստարկը, որ չի եղել ընտրություն, մրցակցություն, որովհետև դա պետք է բերի որակական հասունացման: Դժվար է չհամաձայնել, բայց առավել ևս, եթե ներկայումս մենք տեսնում ենք մրցակցության հեռանկար, պետք չէ այն սահմանափակել նշաձողերով՝ անցողիկ շեմերով:
Չի կարող որևէ տրամաբանական բացատրություն ունենալ, որ մի քանի հարյուր ձայնի կամ հաճախ մի քանի տասնյակ ձայնի պատճառով մի ուժը կարող է չհայտնվել խորհրդարանում, իսկ մեկը՝ հայտնվել: Առավել ևս, երբ մենք, խոշոր հաշվով, ունենք ընտրության ոչ միայն խաղի կանոնների, այլ ընտրության մշակույթի խնդիր, ընտրողի իրավագիտակցության, արժեհամակարգի խնդիր, և միևնույն ժամանակ ունենք նաև թավշյա հեղափոխության իրողությունը, դրա ազդեցությունն ընտրական միջավայրի, մտածողության, պատկերացումների և տրամադրությունների վրա: Այս ամենն ունեն, իհարկե, լրջագույն ֆիլտրացիայի անհրաժեշտություն, բայց դա կարող է տեղի ունենալ մրցակցային ազատ միջավայրի ձևավորման դեպքում:
Օրինակ՝ դիցուք, պատկերացնենք իրավիճակ, երբ Հայաստանի խորհրդարանի ընտրությանը կարող է մասնակցել նորաստեղծ որևէ դաշինք կամ ուժ, որն ընդգծված եվրաատլանտյան ուժ է: Մի կողմ թողնենք, թե գաղափարական-ծրագրային ինչ շեշտադրումներ կարող է ունենալ այդ ուժը, ինչ ծրագիր կներկայացնի և այլն: Սա առանձին խոսակցության առարկա է, քաղաքական դաշտի գաղափարական, հայեցակարգային քարտեզագրումը առանձին խոսակցության նյութ է: Պատկերացնենք, որ ձևավորված է այդ ուժը, և տեղի է ունենում ընտրություն: Մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ, օրինակ, ներկայումս դաշտում գործող, ըստ էության, ապագաղափարական կամ պսևդոգաղափարական, իրականում մեկ անձի, ռեսուրսների և այլնի շուրջ խմբված ուժերից շատերը, որոնք փորձառու են, որոնք ունեն կոմունիկացիաներ և այլն, կհավաքեն ավելի բարձր տոկոս, քան նորաստեղծ եվրաատլանտյան ուղղվածության ուժը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: