Փոխարժեքներ
14 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.65 |
EUR | ⚊ | € 411.49 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 493.9 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
Առաջիկայում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի միջև պայքարն ավելի կխորանա: Բանն այն է, որ թե' «Բարգավաճ Հայաստանը», թե' «Լուսավոր Հայաստանը» թեկնածու են առաջադրելու ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնում:
Այս մասին առաջինը հայտարարություն տարածեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` հայտնելով, որ առաջադրելու են Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Դրան հետևեց ԲՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Իվետա Տոնոյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն, որպես խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժ, ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրելու:
Հաշվի առնելով վերջին շրջանում այս երկու քաղաքական ուժերի բուռն պայքարը միմյանց դեմ` դժվար չէ կռահել, որ այս հարցում էլ, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ հարթ կանցնի:
Մյուս կողմից` հետաքրքիր կլինի հետևել իշխող ուժի` «Իմ քայլի» վարքագծին` ո՞ւմ կողմը կբռնի:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և երեք փոխնախագահ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսինքն, վերջնական որոշումը, այսպես, թե այնպես, կախված է լինելու իշխող ուժից:
Երկու ուժերի կողմից փոխխոսնակի պաշտոնում թեկնածու առաջադրելը ենթադրում է, որ նրանք չեն պատրաստվում հրաժարվել միմյանց դեմ պայքարից, ընդհակառակը` ավելի են խորացնում այն: Ուստի հույսերը, որ օրենսդիրի աշխատանքների սկսվելուց հետո խորհրդարանական ընդդիմությունը կանցնի կառուցողական աշխատանքի, հօդս են ցնդում, ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ խորհրդարանում տեսնելու ենք «ընդդիմադիրների» միջև պայքար, այլ ոչ թե իշխանությանը զսպող միջոց:
Ամալյա Առաքելյան