կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-28 12:54
Իրավական

Ալեքսանդր Սարգսյանի մոտ եղած զենքն օրինական է եղել. Օսիպյան

Ալեքսանդր Սարգսյանի մոտ եղած զենքն օրինական է եղել. Օսիպյան

Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոսեց վերջին օրերի խուզարկությունների ու ձերբակալությունների մասին, մասնավորապես` Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանին առնչվող գործին:

Հիշժեցնենք, որ օրեր առաջ ոստիկանությունը նրան բերման է ենթարկել ապօրինի զենք ունենալու մեղադրանքով, սակայն կարճ ժամանակ անց Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել:

Վալերի Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունն ի սկզբանե չի իմացել` նրա մոտ եղած զենքն օրինակա՞ն է, թե՞ ոչ, սակայն ոստիկանությունը ունեցել է տեղեկություն, որ Ալեքսանդր Սարգսյանի մեքենայում, նրան ուղեկցող մեքենաներում զենք կա: Ոստիկանությունը որոշել է ստուգել, նրան բերման են ենթարկել, պարզվել է, որ զենքն օրինական է:

«Ոստիկանությունն այն գերատեսչությունն է, որը բերման ենթարկելու համար պետք է ունենա օպերատիվ տեղեկություններ: Մենք որտեղի՞ց կարող էինք իմանալ` նրա մոտ եղած զենքը օրինական է, թե` ոչ, եթե չստուգեինք»,- ասաց Օսիպյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ հիմքեր կան, որ ձերբակալվել է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, Օսիպյանը վստահեցրեց. «Այսօրվա Հայաստանում եթե մարդ են ձերբակալում, վստահեցնում եմ` ուրեմն բավարար հիմքեր կան, որ ձերբակալում են»:

ՀՀ ոստիկանապետը նշեց՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով են  պահածոները ԵԿՄ շենքից մեքենաներով տեղափոխել: «Այդպես է եղել, ես պնդում եմ. կան համապատասխան բացատրություններ, ցուցմունքներ, որ հենց տիկին Նազիկի ցուցումով են փորձել տեղափոխել»: