Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավական հարթությունը եւ օրենքներն ու Սահմանադրությունը այդպիսի հնարավորություն տալիս են՝ ընտրությունները հետաձգելու, եթե հայտարարվի արտակարգ դրություն կամ ռազմական դրություն: Արտակարգ իրավիճակ հայտարարելու պարագայում ընտրությունները կայանում են: Պետք է բավարար պայմաններ լինեն, այս պարագայում Արցախում չկա որեւէ դեպք եւ կարծես չկան այդ պայմանները»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի վտանգով պայմանավորված Արցախում մարտի 31-ին սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետաձգման հնարավորությանը:
Միեւնույն ժամանակ, Դավիթ Իշխանյանը ասաց, որ եթե համապատասխան նախադրյալների առկայության պարագայում Արցախի իշխանությունները նման որոշում կայացնեն, բնականաբար, իրենք կառաջնորդվենք այդ որոշմամբ:
«Կարծում եմ, որ որեւէ մեկը չպետք է վերապահումով մոտենա այդ ամենին: Մենք երեկ, երեկ չէ առաջին օրը քննարկումներ ենք ունեցել, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն էլ այստեղ էր եւ իր ներկայությամբ էլ մենք որոշ տեսակետներ փոխանցել ենք, ընտրությունների հետաձգման համար երկու կարեւոր հանգամանք կա՝ իրավական եւ քաղաքական որոշում կայացնելու անհրաժեշտություն»,-ասաց Դավիթ Իշխանյանը:
Նշենք, որ ամբողջ աշխարհը պատուհասած կորոնավիրուսի հաստատված դեպք Արցախում այս պահին չկա, բայց կան մեկուսացվածներ, որոնց թիվը փոփոխվում: Վարակի տարածումը կանխելու նպատակով համապատասխան միջոցառումներ են իրականացվում: Սրանով հանդերձ Արցախի նախագահի թեկնածուների մի մասը, եւ մասնավորապես, Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը շարունակում է իշխանությանը կոչ անել երկրում արտակարգ դրություն հաստատել եւ հետաձգել ընտրությունները:
«Մենք մեր նախնական դիրքորոշումը ներկայացրել ենք, որ ընտրությունները չհետաձգվեն, բայց եթե վերջնական քննարկումներ լինեն եւ լինեն համապատասխան նախադրյալներ, մեր դիրքորոշումը վերջնական կներկայացնենք»,-մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Իշխանյանը:
Դիտարկմանը, թե ճիշտ է, կորոնավիրուսի հաստատված դեպքեր Արցախում չեն հայտնաբերվել, բայց արդյո՞ք վտանգը նվազել է, մանավանդ աչքի առաջ ունենալով Հայաստանի նախադեպը, Դավիթ Իշխանյանն արձագանքեց. «Ռիսկեր միշտ կան, ցանկացած ընտրությունների ժամանակ: Մենք 91-ին մեծ ռիսկերի տակ ընտրություններ ենք կայացրել, այս պարագան, իհարկե, այլ է, բայց յուրաքանչյուր որոշման համար մենք պետք է բավարար հիմք ունենանք, այդ առումով, կարծում եմ, իշխանություններն էլ իրենց համապատասխան վերջնական վերաբերմունքը եւ տեսակետը կներկայացնեն»:
Դավիթ Իշխանյանը նաեւ տեղեկացրեց, որ Արցախի գործող իշխանություններին առաջարկել են ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ հրավիրել հարցը քննարկելու համար: «Մենք իհարկե, առաջարկել ենք, որ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ գումարվի, ենթադրում ենք՝ կլինի եւ համապատասխան քննարկումների արդյունքում վերջնական որոշումն ի հայտ կգա»,-եզրափակեց թեկնածուն: