Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը նախ նշեց, որ մի քանի օր հետո նշելու ենք Առաջին հանրապետության 100-ամյակը, ապա ընդգծեց, որ սա առիթ է, որպեսզի վերհիշենք մեր պատմության, Առաջին հանրապետության կերտողներին:
«Առիթ է` վերլուծելու նրանց կյանքը, գործունեությունը: Հատկապես` խորհրդարանական այս ձևը, որ այսօր կա, ուներ նաև Առաջին հանրապետությունը: Սա լավագույն առիթ է Հայաստանի և Սփյուռքի ողջ մտավոր ներուժը բերելու, համախմբելու, որպեսզի մենք մեր անցյալով նաև գնահատենք մեր ներկան: Հարգելի' կառավարություն, վերջին իրադարձությունների ֆոնին կարծես ետին պլան մղվեցին Առաջին հանրապետության 100-ամյակի հետ կապված որոշ միջոցառումներ: Ուզում եմ հարցնել` առաջիկա օրերին ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում: Հատկապես` ցանկանում եմ իմանալ` ի՞նչ ճակատագիր ունեցավ Արամ Մանուկյանի արձանը, ե՞րբ է այն տեղադրվելու, որն այս համատեքստում ամենակարևորներից մեկն է` նկատի ունենալով, որ նա մեր պատմության խորհրդանիշերից մեկն է»,- դիմելով վարչապետին՝ հարցրեց Ռուզաննա Առաքելյանը:
Փաշինյանը պատասխանեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո արդեն երկու խորհրդակցություն 100-ամյակի միջոցառումների թեմայով անցկացրել է եւ շատ կարևորում է այդ հոբելյանը` այն ունի բացառիկ արժեքային նշանակություն:
«Այո, պետք է խոստովանել, որ քաղաքական իրադարձությունների պատճառով որոշակի ուշադրություն տեղափոխվել է 100-ամյակի միջոցառումներից: Բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ միջոցառումները կանցնեն պատշաճ, և երեկ էլ մենք կառավարության նիստում արձանագրեցինք, որ 100-ամյակը միայն Մայիսի 28-ը չէ, որովհետև Մայիսի 28-ին 100-ամյակը լրանում է, բայց առաջիկա մեկ տարին, ըստ էության, 100-ամյակ է, և մենք մշակույթի նախարարի հետ ենք այդ թեման քննարկել, ու պետք է պատշաճ մակարդակով ցուցադրություններ կազմակերպենք թանգարաններում: Դուք գիտեք, որ Սարդարապատում տեղի է ունենալու միջոցառում, որը ռազմական շքերթի տարրեր է պարունակելու: Նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու տոնական համերգ, և ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության տասնյակհազարավոր քաղաքացիներ կգան Հանրապետության հրապարակ` այդ տոնը նշելու: Լինելու է հրավառություն:
Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը որոշակիորեն հետաձգվում է, և մենք նաև թեման քննարկել ենք և' կառավարությունում, և' Հայ Յեղափոխական Դաշնակցության մեր գործընկերների հետ: Իհարկե, մենք շատ կարևորում ենք արձանի տեղադրման արարողությունը, և այն անպայման տեղի կունենա: Որոշակի հարցեր ու մտահոգություններ կան արձանի տեղի հետ կապված, որովհետև գիտեք` շատ մոտակայքում` 100 մետր հեռավորությամբ կամ մի քիչ ավեիլ հեռավորության վրա գտնվում է Գարեգին Նժդեհի արձանը, և քաղաքաշինական առումով պետք է հասկանալ` ինչքանով է ճիշտ նման մոտեցումը: Առնվազն, եթե ավելի լավ տեղ չգտնվի, արձանագրենք, որ այդ տեղն արդեն իսկ կա: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որ Առաջին հանրապետության 100-ամյակը ոչ միայն մայիսի 28-ին, այլ շարունակաբար, պատշաճ մակարդակով անցկացվի, որովհետև այն իսկապես մեծ տոն է և մեծ իրադարձություն մեր ժողովրդի համար»,- հայտարարեց Փաշինյանը: