կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-23 11:00
Քաղաքական

Բուռն վիճաբանություն և մեղադրանքներ` ԱԺ-ում

Բուռն վիճաբանություն և մեղադրանքներ` ԱԺ-ում

ԱԺ-ում այսօր քվեարկության դրվեցին երեկ քննարկած օրինագծերը: Վիճաբանություն տեղի ունեցավ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների փաթեթի քվեարկության ժամանակ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց` քանի որ այսօր նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումները հավանաբար ավելի վաղ կավարտեն, քան 16:30-ն, երբ կառավարության հետ հարցուպատասխանն է մեկնարկում, այսօր քննարկել այս օրենքը երկրորդ ընթերցմամբ և քվեարկել:

Սակայն դեմ արտահայտվեց «Ծառուկյան» խմբակցությունը: «Ինձ շարունակում է համառորեն թվալ, որ մենք Ազգային ժողովում ենք աշխատում, ուստի վաղը աշխատանքի գալը, եթե ոմանց համար ծանր բեռ է, մեզ համար մեր պարտականությունն է, և մենք որևէ հրատապություն չենք թողնում` այս հարցն այսօր քննարկելու»,- ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը նշեց, որ խնդրի ընդունման ժամկետն է էական, այսինքն՝ այն է էական, թե ինչքան շուտ այս օրենքը պետք է ընդունվի, որպեսզի դրա կարգավորման հարցը տարածվի: «Ոչ ոք չի ասում, որ մենք վաղը աշխատանքի չենք գալու, բայց դա ավելի լուրջ հիմքեր ունի, քան աշխատանքի չգալը»,- ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ այսպես, թե այնպես այս օրենքը պետք է քննարկեն այսօր և ավարտեն, ավելի լավ կլինի, եթե կարգավորումներն ուժի մեջ մտնեն այսօր: Նա ընդգծեց, որ սա ասում է հատուկ նրանց համար, ովքեր ուշ են ընկալում:

Սա դուր չեկավ Նաիրա Զոհրաբյանին, նա տեղից նետեց, որ Բաղդասարյանն է ուշ ընկալողը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ իզուր կրքեր պետք չէ բորբոքել, և հարկավոր է ճիշտ պատկերացումներ ունենալ առաջարկի վերաբերյալ: «Առաջարկը հետևյալն է` եթե քվեարկությունից հետո` առաջիկա երեք ժամվա ընթացքում, չլինեն նոր առաջարկներ, ապա նախագիծը ավտոմատ կերպով պատրաստ կլինի, որպեսզի երկրորդ քննարկում իրականացվի, որից հետո կմնա միայն քվեարկությունը: Եվ քանի որ մենք աշխատանքային ռեժիմի մեջ ենք, առաջարկ է եղել հենց այսօր քվեարկել: Առաջարկը շատ տրամաբանական է, մի' նեղվեք, խնդիր չկա, միմյանց չենք ուզում նեղացնել: Եթե չեք ուզում, մի' քվեարկեք»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հորդորեց հարգալից լինել մեկը մյուսի նկատմամբ ու չասել, թե մեկը հասկացել է, մյուսը՝ ոչ:

ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ խնդիր չկա, կարող են այլ ռեժիմով քվեարկել, սակայն պետք չէ փոքր հարցից մեծ խնդիր սարքել: Նա հորդորեց, որ խմբակցություններն իրար հետ որոշեն, թե երբ պիտի լինի քվեարկությունն ու քննարկումը: «Хотите сегодня, будет сегодня, хотите завтра, будет завтра»,- ասաց Շարմազանովը:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ շեշտեց, որ իրենց խմբակցությունն ուղղակի ասում է, որ նման պայմանավորվածություն ի սկզբանե չի եղել, դա է խնդիրը:

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ հանձնաժողովում որոշվել է այս հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմում:

Արդյունքում` քվեարկության դրվեց հատուկ ռեժիմով քննարկելու հարցը և ընդունվեց 66 կողմ ձայնով:

Գևորգ Կոստանյանը փորձեց բացատրել, թե ինչ է տալու այս օրենսդրական կարգավորումը: «Սա նրա համար է, որ օր առաջ մեր երկրի դատապարտյալներն ազատ արձակվեն` պայմանական վաղաժամկետ արձակման հնարավորության ընթացակարգին է վերաբերում»,-նշեց նա:

Քվեարկության արդյունքում որոշվեց երկրորդ ընթերցմամբ այսօր քննարկել, իսկ Բաբլոյանն էլ ասաց, որ, որպես ԱԺ նախագահ, ինքը կորոշի, թե երբ քվեարկեն:

«Ելք» խմբակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը, դիմելով Կոստանյանին, ասաց, որ երկար տարիներ դատախազ է եղել, և հիմա նո՞ր է նրա սիրտը ցավում: «Հիմա նոր ջիգյար եք կերել, հելել եք, այդ հարցերով եք զբաղվում»,- ասաց նա:

Կոստանյանն արձագանքեց Միքայելյանին՝ ասելով, թե նա չգիտի իր աշխատանքի մասին, չգիտի, թե այս ուղղությամբ ինչեր են արվել: Ընթացքում Միքայելյանը տեղից խոսում էր, պատասխանում Կոստանյանին, վերջինս էլ վրդովվեց. «Դու»-ով մի' խոսեք, դուք-ով, մի' ընդհատեք, ես Ձեզ չէի ընդհատում: Դու ինձ չպիտի ընդհատես»:

Միջամտեց Արա Բաբլոյանը. «Սասո՛ւն, Սասո՛ւն»:

Այս ամենը եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենք դեմ չեն վաղաժամ ազատմանը, այլ դեմ են այս ռեժիմով աշխատելուն:

Վերջնական որոշումն, ըստ էության, կկայացնի ԱԺ նախագահը: