Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի նիստը հարթ չանցավ. քվեարկությունից առաջ տեղի ունեցավ բուռն վիճաբանություն «Ելք» և ՀՀԿ խմբակցությունների միջև: Նախքան քվեարկությունը վարման կարգով ելույթներ ունեցան երկու խմբակցությունների պատգամավորները:
Նախ` «Ելք»-ը ՀՀԿ-ին հորդորեց չհամեմատվել իրենց հետ և նշեց, թե գիշեր-ցերեկ երազում են տեսնել «Ելք»-ին պառակտված: «Մեր դարդով ու ցավով մի' տապակվեք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց. «Մի փոքր համբերեք` մինչև 18 թվական»:
Վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցությունից Գևորգ Գորգիսյանը, սակայն նրա խոսափողը չէին ուզում միացնել, ինչին Գորգիսյանը արձագանքեց. «Մի' միացրեք, իմ ձայնը բավականին բարձր է»: Երբ նրա խոսափողը միացրեցին, նա շարունակեց. «Պարո՛ն Բաղդասարյան, ի տարբերություն ձեզ, մեր նորընտիր պատգամավորները մասնակցել են քարոզարշավին և ունեն հեղիանակություն և իրենց վստահված ձայներով են ընտրվել: Մենք քայլել ենք պադյեզդներով և չենք վախենում»,- ասաց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, թե, հետևելով վարչապետի հորդորին, փաստերով է եկել և նրան փոխանցելու համար բերել է ընտրակեղծարարությունը հաստատող փաստաթղթեր, որոնք ձեռք են բերել աղբարկղից: «Անուն-ազգանուներով, հեռախոսի համարներով, հասցեներով... Իրավապահներին փոխանցվել է, և ծածկադմփոց չանելու դեպքում կլինեն մի քանի ազատազրկումներ, այդ թվում` մի քանի մարդկանց, որ նստած են այստեղ»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց հանդարտեցնել կրքերը: «Հանգիստ, բոլորս էլ ունենք ժողովրդի վստահությունը և ընտրվել ենք, որ ծառայենք ժողովրդին, եկեք` ծառայենք»,- ասաց նա և հորդորեց քվեարկության կարգի մասին խոսել, ոչ թե ցույց տալ, թե ով ինչ է ու ինչ ունի:
Վեճը սկսվեց Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունից, ով հղում արեց երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանին, թե նորընտիր պատգամավորները նման բարձրագոչ հայտարարություններ անելիս հիշեն «պադյեզդների վտանգավոր պատմությունը»: Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր. «Զգույշ եղեք, ձեզ դալաններում կծեծեն»:
Նշենք, որ Բաղդասարյանի այս հայտարարությունը հունից հանեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով արձագանքեց.«Էսպիսի բաներ մեր մասին չասեք, շշով կտամ, պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք…»:
Կառավարության ծրագրի քվեարկությունից հետո բոլորը, բացի «Ելք»-ից, մոտեցան, շնորհավորեցին վարչապետին, իսկ Արարատ Միրզոյանն էլ նրան հանձնեց փաստաթղթերը: