Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց 2017թ. տարեկան զեկույցը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախ հիշեցրեց, որ Հաց բերող Արթուր Սարգսյանի հարցով Նիկոլ Փաշինյանի հետ գնացել էին Դավթյանի մոտ` ասելու, որ նա հիվանդ է, պետք է ազատ արձակվի, ինչն այդպես էլ չեղավ, ապա հետաքրքրվեց. «Քրեական գործեր հարուցվեցին: Ովքե՞ր են պատասխանատվության ենթարկվե`լ նրա մահվան հետ կապված»:
Մարուքյանի հաջորդ հարցը վերաբերում էր մեկ տարի առաջ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Զիբիլիքսի» հայտնի գործով ցուցակներին: «Ցուցակներ ենք ներկայացրել, ոստիկանության ֆաքսը` Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ։ Ի՞նչ եղավ այս դեպքերի հետ կապված»։
Պատգամավորը նաև նշեց, որ վերջին շարժման ժամանակ տարբեր անհայտ անձինք մեքենաներ են ջարդել ու բռնություններ կիրառել։ «Ինչպես նաև` ԱԺ պատգամավորների ձերբակալությունն ի՞նչ հիմքով է եղել, ու ի՞նչ եղավ այն միջնորդությունը, ըստ որի` Դուք ցանկանում էիք նրանց անձեռնմխելիությունից զրկել»,- հարցրեց նա:
Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց, որ Հաց բերողի հարցին ինքը բազմիցս է անդրադարձել: «Արթուր Սարգսյանը կալանքի տակ եղած ժամանակ չի մահացել, այլ հիվանդանոցից դուրս գալուց հետո է մահացել։ Այդ հարցով գործ է հարուցվել, նախաքննությունը դեռ չի ավարտվել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ավագանու ընտրությունների ժամանակ ներկայացված փաստաթղթերին, ապա գլխավոր դատախազը նշեց, որ դրանց հետ կապված գործ է հարուցվել, և դատարանի որոշմամբ` մի քանի օր առաջ որոշում է հրապարակվել, ըստ որի` խախտում է հայտնաբերվել։
Անդրադառնալով շարժման ժամանակ արձանագրված դեպքերին` Դավթյանը նշեց, որ իրենք հետևում են, որ լինեն վարույթներ, ու ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները։ «Նաև` գործեր են հարուցվել ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների փաստով։ Հետևելու ենք, որ բազմակողմանի քննություն իրականացվի։ Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորների ձերբակալման փաստին, ապա նրանք ձերբակալվել են անօրինական ցույցեր կազմակերպելու համար։ Իսկ գլխավոր քննիչն իրավունք ունի, իր վերադասի գլխավորությամբ, կալանավորի վայրը հայտնի պահելը հետաձգել 12 ժամով, ինչն էլ արվել է: ԱԺ միջնորդություն է ներկայացվել միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, որ նրան անձեռնմխելիությունից զրկեն, սակայն այդ ժամանակվա վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը դիմեց ինձ, ու մենք կասեցրեցինք դիմումի ընթացքը»,- հայտնեց Դավթյանը:
Մարուքյանն արձագանքեց, որ Հաց բերողն ազատ է արձակվել այն ժամանակ, երբ նրա առողջական վիճակը խիստ ծանր էր, և այո, նա հիվանդանոցում է մահացել: «Վերջին պահին ազատ եք արձակել, դա դեռ չի նշանակում, որ ձեր համակարգից որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու դրա համար։ «Զիբիլիքս»-ի հետ կապված` պարո'ն դատախազ, ես խորհուրդ եմ տալիս կարդալ մեր բողոքը: Ես մեղադրում եմ ձեր գերատեսչությանը, քանի որ ընտրակեղծարարները պատասխանատվության չեն ենթարկվել։ Իսկ ԱԺ պատգամավորների ձերբակալումը եղել է քաղաքական նկատառումներով, ու հենց այդ նկատառումներով էլ ազատ եք արձակել, այստեղ չկա իրավական ընթացակարգ։ Ասեք` ո՞վ է Ձեզ հրահանգել, որ նման պրոցես սկսեք»,- հարցրեց նա:
ՀՀ գլխավոր դատախազը հակադարձեց՝ ցանկացած կալանավորի մահվան համար ամբողջ իրավապահ համակա՞րգը պետք է պատասխանատվության ենթարկվի: «Ինչ վերաբերում է ընտրակեղծարարությանը, ապա պատասխանատվության կենթարկվեն։ ԱԺ պատգամավորների ձերբակալման առումով` որևէ քաղաքական նկատառում չի եղել, իսկ միջնորդության չեղարկման հետ կապված, այո, այստեղ կա քաղաքական էլեմենտ։ Անկեղծ ասեմ` ԱԺ քաղաքական մեծամասնության փոխնախագահի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ այդ միջնորդությունը մերժվելու էր»,- ասաց նա: