Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց խիստ ուշադիր լինել «Կա'մ ես, կա'մ ոչ ոք» եզրույթի նկատմամբ: Ըստ նրա` անկախության առաջին իսկ օրվանից բոլոր իշխանություններն էլ որդեգրել են այդ սկզբունքը, որը տարիների ընթացքում վերածվել է «Մեր դեմ խաղ չկա» եզրույթին, ինչն էլ իր հերթին մեծ վնաս է բերել երկրի հեղինակությանն ու ժողովրդին: Սարգսյանը Փաշինյանից հետաքրքվեց, թե վարչապետ չընտրվելու դեպքում պայքարի ի՞նչ ձև է ընտրելու:
«Խնդիրն այն չէ, թե ով կընտրվի վարչապետ, խնդիրն այն է` արդյո՞ք դուք նպաստելու եք այս քաղաքական ճգնաժամի լուծմանը, թե՞ այս քաղաքական ճգնաժամը պիտի լուծվի առանց ձեր մասնակցության: Հարցը շատ պարզ է, ընտրությունը` նույնպես»,-պատասխանեց Փաշինյանը:
Վարչապետի թեկնածուն հայտարարեց, որ իրենց պայքարն առաջին իսկ օրից եղել է ոչ բռնի եղանակով: «Ես չեմ պատկերացնում իրադարձությունների զարգացման որևէ սցենար, որը դուրս կբերի մեզ այդ գաղափարախոսությունից: Մմենք մերժում ենք բռնությունը, այսինքն` մենք ոչ միայն բռնություն չենք գործադրելու, այլև մեր նկատմամբ կիրառվող հնարավոր բռնությանը չենք պատասխանելու»,- հայտարարեց նա:
Փաշինյանը ՀՀԿ-ական պատգամավորին կոչ արեց ուշադիր ընթերցել իրենց կուսակցության առաջնորդի հրաժարականի տեքստը: «Ես Սերժ Սարգսյանին ասում էի, որ` Դուք իրավիճակը ճիշտ չեք գնահատում, Ձեզ ճիշտ չեն զեկուցում, Ձեր իմացած Հայաստանն այլևս չկա, սա ուրիշ Հայաստան է, որտեղ դուք չեք կարող լինել իշխող քաղաքական ուժ, և որքան շուտ սա արձանագրենք, այս ամենը շուտ կավարտվի»,- ասաց նա` հերթական անգամ շեշտելով, որ իրենց կառավարության առաջին նպատակներից մեկը համերաշխության դրսևորումն է:
Փաշինյանը հայտնեց, որ վարչապետ ընտրվելուց հետո ինքը կշարունակի երկխոսությունները խորհրդարանական բոլոր ուժերի հետ: