Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին: Նա նախ հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններից մեկը, թե ԵՏՄ-ի վերաբերյալ հանրության կարծիքը մեկ գիշերվա մեջ չէր կարող իմանալ:
«Պարո'ն Կարայան, կպարզաբանե՞ք, թե սա ինչ գիշեր էր: Մտածե՞լ եք, արդյոք, որ եթե Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ, ինչ է լինելու: Հիմա Դուք կասեք, որ Հայաստանն ունի վետոյի հնարավորություն, բայց այդ մեկ գիշերում կայացած որոշման փաստը կասկածի տեղիք է տալիս, որովհետև եթե վետո դնող լինեինք, մի գիշերվա մեջ ԵՏՄ չէինք մտնի: Ապրանքների թանկացման հետ կապված` Դուք առավոտյան ասացիք, որ ապրանքները չեն թանկանա, հիմա էլ ասում եք, որ ապրանքների թանկացումը կապ ունի դրոշմապիտակավորման հետ: Մինչ այստեղ Դուք զեկուցում եք, դոլարի կուրսը դարձել է 460 դրամ: Եվ դա կապված է այն պրոցեսների հետ, որոնք կապված են ԵՏՄ-ում ընթացող պրոցեսների հետ»,- ասաց պատգամավորը:
Սուրեն Կարայանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե այդ ի՞նչ գիշերվա մասին եք Դուք խոսում: Ուզում եմ ասել, որ լուրջ հարցերը մեկ գիշերվա մեջ չեն կայացվում: Այդ բանակցությունները տևել են տարիներ` թե ինչ ազդեցություն կարող է ԵՏՄ անդամակցությունն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, թե ինչ հնարավորություններ կունենա Հայաստանը: Բացի այդ` բազմաթիվ գործարարների հետ են եղել հանդիպումներ»:
Ինչ վերաբերում է ապրանքների թանկացմանը, նա հայտնեց, որ այն 750 անուն ապրանքները, որոնք ներառված են բացառությունների ցանկում, նվազագույն սպառողական զամբյուղի մաս կազմող ապրանքներ են, որոնք ներկրվում են երրորդ երկրներից Հայաստան և ունեն առաջնային ազդեցություն: Այդ ապրանքների մասով թանկացումներ կարող էին լինել, բայց դրանք ներառվել են բացառությունների ցանկում: Երկրորդ խումբ ապրանքները հումք են, որոնք նույնպես ներկրվում են երրորդ երկրներից, և եթե Հայաստանը չներառեր դրանք բացառությունների մեջ, ապա այդ ապրանքների մասով մաքսատուրքերի դրույքաչափի բարձրացում կլիներ, ինչն էլ կհանգեցներ թանկացման: Մյուս խումբ ապրանքները, որոնք բացառությունների ցանկում են, դեղամիջոցներն են, որոնք նույնպես ներկրվում են երրորդ երկրներից: Անցումային դրույթներով պետք է կարգավորվեն նաև շաքարավազի հետ կապված գները:
«Մենք այսօր դեռ չենք միացել, Դուք բերում, դոլարի կուրսն եք կապում»,- ասաց Ս.Կարայանը՝ հավելելով, որ ՀՀ տնտեսությունն արդեն սերտորեն ինտեգրված է ԵՏՄ պետությունների տնտեսություններին, և դա կախված չէ այն հանգամանքից, որ մենք միանում ենք ԵՏՄ-ին: «Մենք ընդամենը առավելություն ենք ստեղծում, հեշտացնում ենք մուտքը ԵՏՄ և համատեղ փորձելու ենք դիմակայել համաշխարհային մարտահրավերներին»,- ասաց փոխնախարարը:
«Ստացվելու է, որ մեր ժողովուրդը «Тройной одеколон» է սկսելու օգտագործել կամ էլ` վարունգի դուխի»,- արձագանքեց Փաշինյանը:
«Красная Москва»,- նրան ուղղեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: