Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այսօր անդրադարձավ մարզում տարբեր ոլորտների զարգացմանը: Նա խոսեց գյուղատնտեսության, աղբահանության, ճանապարհաշինության, զբաղվածության խնդիրների մասին:
Նրա խոսքով` Արագածոտնը գյուղատնտեսական մարզ է, և մարզի համախառն ներքին արտադրանքի 30 տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսական արտադրանքին: «Ավելին` Հայաստանի պտղի 50 տոկոսն Արագածոտնի մարզում է արտադրվում, ներդրումների գերակշիռ մասը գյուղատնտեսության ոլորտում է հենց իրականացվում»,- ասաց մարզպետը:
Ըստ նրա` կառավարության ծրագրի համաձայն, 2017-ին մոտ 32 հա ժամանակակից ինտենսիվ այգի է հիմնվել, ինչի համար մոտ 3,2 մլրդ դրամի ներդրում է կատարվել: «2018 թվականի ծրագրով 120 հա այդպիսի այգի պետք է հիմնենք, որից 32 հա-ն այս պահին ամբողջությամբ պատրաստ է, մնացած մոտ 100 հա-ի վրա կատարվում են նախնական աշխատանքներ` աշնանը պատրաստ լինելու համար»,- տեղեկացրեց Սիմոնյանը:
Անդրադառնալով աղբահանության խնդիրներին` նա ասաց, որ 2017-ի սկզբին մարզում գործել է 136 աղբավայր: «Հիմա մենք ունենք 11 գործող աղբավայր: 2017-ին աղբահանության վրա ծախսել ենք մոտ 145 մլն դրամ: Աղբահանության և սանիտարական մաքրման համար հավաքագրել ենք 45 մլն դրամ: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ աղբահանությունը պետության կողմից իրականացվող ֆունկցիա լինի, դա վճարովի ծառայություն է: Դրել ենք աղբահանության գանձման մեխանիզմ և այս տարի ապահովելու ենք 100% ինքնածախսումով աղբահանություն»,- ասաց մարզպետը, ապա հավելեց, որ ֆինանս ունենալը, տեխնիկա ունենալը և աղբահանություն իրականացնելը մեկ բան է, այլ բան` երբ քաղաքացին գիտակցի` չի կարելի փողոցը կեղտոտել:
Սիմոնյանը նաև ասաց, որ Իրանի ՀՅԴ կառույցից օգնության կարգով տրամադրելու են աղբահանության 3-4 մինի մեքենաներ:
Ինչ վերաբերում է ճանապարհային խնդիրներին, ապա մարզպետը նշեց, որ երեք տեղ կա մարզում, որ ճանապարհները ծայրահեղ վատ վիճակում են, երեքն էլ` Ապարանի տարածքում: «Ճանապարհները 30 տարուց ավելի վերանորոգված չեն: Մեր` 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանի մեջ ներառել ենք, բայց այս տարվա բյուջեով 3 ճանապարհները բարենորոգելու հնարավորություն չունենք, դա ոչ թե մի քանի միլիոնի ծախս պահանջող ծրագրեր են, այլ միլիարդը գերազանցող: Քննարկում ենք այլընտրանքային եղանակներով միջհամայնքային ճանապարհների վերանորոգման հարցը: Այս տարի կլուծենք մեկ ճանապարհի խնդիր, որը Թալինում է: Ասիական զարգացման բանկի կողմից արդեն ֆինանսավորվում է: Մրցույթները շահող կա, աշխատանքներն այնտեղ սկսվել են: Նշված երեքի խնդիրները կփորձենք լուծել 2019 կամ 2020 թվականներին»,- նշեց նա:
Նա ընդգծեց, որ ամենակարևորը զբաղվածության խնդրի լուծումն է, որի ուղղությամբ էլ են աշխատանքներ տարվում: «Օրինակ` Թալինում ունեցել ենք ադամանդի վերամշակման գործարան, որը ապահովել է շուրջ 1000 աշխատատեղ: Այդ գործարանն ամբողջությամբ պահպանված է, սարքավորումները տեղում են: Այստեղ ադամանդի հումքը Հայաստան բերելու խնդիր ունենք: Բանակցում ենք ռուսական ընկերության հետ, որը մեր տարածաշրջանում հումք մատակարարողն է: Նախնական պայմանավորվածության համաձայն` մինչև տարվա առաջին կեսը կունենանք այն խմբաքանակը, որը գոնե 2-3 հարյուր աշխատեղ կապահովի: Այսինքն` Թալինում 3 հարյուր աշխատատեղ ապահովող գործարան ենք վերագործարկում, դա բավականին լուրջ` զբաղվածություն լուծող ծրագիր է»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ նրա` փորձում են նաև Ապարանում, Թալինում, Աշտարակում ստեղծել փոքր տեքստիլ գործարաններ: «Ներդրողի հետ բանակցում ենք Ապարանում անհատույց երկարաժամկետ օգտագործման տարածք տրամադրելու համար, որ նման արտադրություն հիմնի: Այդ ներդրողն արդեն Արթիկում նման արտադրություն հիմնել է: Քննարկել ենք, որ նույն գործարանը նաև Ապարանում հիմնվի, որով կլուծվի 3-4 հարյուր աշխատատեղի խնդիր»,- ասաց Սիմոնյանը: