Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում թիրախային խմբերին պատվաստելու` 2 տոկոսով անկում է նկատվել. լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով՝ եթե ժամանակին հպարտանում էին, որ Հայաստանը սահմանափակ միջոցներով մեծ հաջողությունների է հասել վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, ապա այժմ հիվանդությունները կրկին գլուխ են բարձրացրել: Ըստ Սահակյանի՝ պատվաստումների վերաբերյալ ոչ մասնագետներն այնքան են ապատեղեկատվություն տարածել, որ վախի մթնոլորտ է ստեղծվել:
«Պատվաստումներից հրաժարվողների թիվն ավելացել է, ինչի հետևանքով այսօր հանրապետությունում գրանցվել է կարմրուկով ու կապույտ հազով հիվանդացության աճ: Այս պահին մեզ մոտ, նախորդ տարվա համեմատ, գրանցվել է կապույտ հազի հիվանդացության աճ 7.5 տոկոսով. այս տարի 31 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա 4 դեպքի դիմաց: Ի դեպ, հիվանդացածների 80 տոկոսը չպատվաստվածներն են»,- հայտնեց Սահակյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հիվանդացածների 60 տոկոսը 0-1 տարեկան երեխաներ են, ինչը սարսափելի ցուցանիշ է, քանի որ երեխաների մոտ հիվանդությունը վատթարագույն ելք կարող է ունենալ՝ մահ: «0-1 տարեկան երեխաները խոցելի խումբ են համարվում: Երեխաների մոտ կարմրուկը բարդություններ է հաճախ առաջացնում՝ թոքաբորբ, շնչափողի, ուղեղի թաղանթի բորբոքում, դրա համար պատվաստվելն ուղղակի անհրաժեշտություն է»,- ասաց Սահակյանը:
Նա նշեց կապույտ հազի ախտանշանները՝ հազ, ջերմություն, գրիպանման նշաններ, ժամանակի ընթացքում հազը դառնում է նոպայաձև: «Այս ախտանշանների դեպքում պետք է անպայման բժշկի դիմել, տնային բուժմամբ չզբաղվել: Կապույտ հազի բուժումը երկարատև, հակամանրէային բուժում է պահանջում»,- ասաց Սահակյանը: