կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-27 15:55
Հասարակություն

Պապիլոմա. ինչ սկզբունքով կարելի է հրաժարվել պատվաստումից, և ինչ է սպասվում պատվաստումից հետո

Պապիլոմա. ինչ սկզբունքով կարելի է հրաժարվել պատվաստումից, և ինչ է սպասվում պատվաստումից հետո

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի 11-ից: Դրանք առաջինը կարվեն 2004-ի հուլիսից հետո ծնված աղջիկներին:

Պապիլոմա  վիրուսային  վարակի դեմ պատվաստանյութն արտադրվում է «Գարդասիլ» (արտադրող՝ Merck & Co.) և «Ցերվարիքս» (GlaxoSmithKline) անվանումներով: Հայաստան բերվող պատվաստանյութը «Գարդասիլ»-ի արտադրության է, պաշտպանում է պապիլոմա վիրուսի 16, 18, 6 և 11 շտամներից. առաջին 2 շտամները քաղցկեղածին են, իսկ 6 և 11 շտամները պատասխանատու են կոնդիլոմայի և կրկնվող պապիլոմատոզի առաջացման համար:

Նշենք, որ պատվաստման կապակցությամբ հասարակության արձագանքը միանշանակ չէ: Yerkir.am-ի զրուցակիցն Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն է:

Որտե՞ղ կիրականացվեն պատվաստումներն ու ի՞նչ դեղաչափով

Պատվաստումները կիրականացվեն ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում: Քիչ թվով երկրներում այդ պատվաստումներն իրականացվում են ոչ թե բժշկական կենտրոններում, այլ հիմնականում ուսումնական հաստատություններում: Աղջիկներին պատվաստման համար դպրոցներում մեկ ազատ օր կտրամադրվի: Պապիլոմայի դեմ պետք է պատվաստվի 13 տարեկան 16 000 աղջիկ երեխա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախկինում առաջարկում էր իրականացնել երեք դեղաչափով պատվաստում, սակայն արդեն երկու տարի է՝ ԱՀԿ-ն առաջարկում է երկու դեղաչափ պատվաստում` վեց ամիս ընդմիջումով: Հայաստանում նույնպես պատվաստումները կիրականացվեն 2 դեղաչափով:

Պատվաստանյութի շուրջ հյուսվող առասպելների մասին

Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ կոմիտեն հայտարարել է, որ պապիլոմայի պատվաստանյութի և մի շարք ախտորոշումների միջև պատճառահետևանքային կապ չկա: Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ դիտարկվել են մի շարք ախտորոշումներ` կապված պտղաբերության, արյան համակարգի հիվանդությունների, ինչպես նաև շնչառական, սրտանոթային համակարգի խնդիրների, հաճախասրտության հետ: Հետազոտությունների արդյունքում հունիսին հրապարակել են տվյալներ, ըստ որոնց՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի և այդ ախտորոշումների միջև պատճառահետևանքային կապ չկա: 2006-ից սկսած, երբ պատվաստանյութը կիրառության մեջ է մտել, պատվաստումների արդյունքում որևէ ապացույց չի հայտնաբերվել, որ պատվաստանյութը կարող է ազդել վերոհիշյալ ախտորոշումների առաջացման վրա:

Պատվաստման հետևանքները

Առհասարակ պետք է տեղեկացնեմ, որ ինչպես բոլոր պատվաստումների, այնպես էլ այս պատվաստման պարագայում ծանր ալերգիկ ռեակցիայի դեպքում երկրորդ անգամ պատվաստում չի իրականացվում: Պատվաստվածների մոտ 80 տոկոսի մոտ կարող է լինել կարճատև ցավ հենց պատվաստման ժամանակ՝ դաստակի շրջանում, իսկ մոտ 10 տոկոսի մոտ` ջերմություն: Կարող է լինել նաև թուլություն կամ գլխացավ, ինչը բնական է: Այլ հետևանքներ մինչ օրս չեն գրանցվել:

Ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ պապիլոմայի վիրուսից

Գոյություն ունի պապիլոմայի ավելի քան 60 տարատեսակ, որոնցից հիվանդածին են համարվում 32-ը: 99 տոկոս դեպքերում արգանդի վզիկի քաղցկեղի պատճառը հենց ՄՊՎ-ն է։ Հայաստանը եվրոպական տարածաշրջանում արգանդի պարանոցի քաղցկեղով բարձր հիվանդացություն և մահացություն ունեցող երկրների շարքին է պատկանում: Հեշտոցի քաղցկեղը նույնպես 70 տոկոս դեպքերում զարգանում է ՄՊՎ-ի պատճառով: Բացի այդ՝ տղամարդու սեռական  օրգանների քաղցկեղի առաջացման պատճառն էլ 47 տոկոս դեպքերում հենց ՄՊՎ-ն է: Նաև բերանի խոռոչի քաղցկեղի պատճառը նույնպես 36 տոկոս դեպքերում ՄՊՎ-ն է։ ՄՊՎ-ն հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով և լորձաթաղանթի ու մաշկից մաշկ շփման հետևանքով:

Կարո՞ղ են հրաժարվել պատվաստումից

Ընտանիքը կարող է պատվաստումից հրաժարվել, և այս դեպքում ծնողները կամ աղջկա օրինական ներկայացուցիչը պետք է հրաժարվելու մասին գրավոր դիմում ներկայացնեն: Ծնողը պետք է նշի, որ տեղյակ է՝ ինչպիսի հետևանքներ կարող են առաջանալ պատվաստումից հրաժարվելու դեպքում, բայց, միևնույն է, հրաժարվում է: Գրավոր դիմումը բուժաշխատողներին ապահովագրելու համար է, որ եթե հետագայում երեխայի մոտ խնդիրներ առաջանան, ծնողը բուժաշխատողներին չմեղադրի՝ ասելով, որ տեղյակ չի եղել՝  ինչ խնդիրներ կարող են առաջանալ:

Հ. Գ. Հիշեցնենք, որ երեկ մի շարք բժիշկների աղջիկներ լրագրողների ներկայությամբ պատվաստվել են պապիլոմայի դեմ: