կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-28 13:12
Քաղաքական

Արցախը Մինսկի խմբի երկրների հետ կապված պահպանում է հավասարակշռված հարաբերություններ

Արցախը Մինսկի խմբի երկրների հետ կապված պահպանում է հավասարակշռված հարաբերություններ

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ բավականին հաջողված էր, բայց այն կարելի է որակել որպես հերթական այց: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նա նշեց նաև, որ նման այցեր եղել են Բրյուսել, Փարիզ, և այս այցը պետք չէ տարանջատել մյուսներից: «Պարբերաբար կողմերից մեկն ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում, բայց հատկապես Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ կապված հարաբերություններում Արցախի Հանրապետությունը փորձում է դրսևորել հավասարակշռված քաղաքականություն: Պատահական չէ, որ համանախագահող երկրների կողմերն արցախյան հիմնախնդրին անդրադառնալիս՝ իրենք էլ են շեշտում, որ բոլոր հարցերում համակարծիք են, միասնաբար են որոշումներն ընդունում, այսինքն՝ սա փոխադարձ հարգանք է»,-ասաց Իսագուլյանը՝ հավելելով, որ սա միակ ֆորմատն է, որտեղ երեք ուժային կենտրոններ, որոնք իրար հետ ունեն բավականին սրված հարաբերություններ, կարողանում են երկխոսել ու որոշակի հարցերի շուրջ համաձայնության գալ:

Ըստ նրա՝ հենց այս հարթակի շնորհիվ էլ՝ մենք ստատուս քվոյի ներկա վիճակի անփոփոխությանն ականատես ենք լինելու առաջիկա մի քանի տասնամյակներում առնվազն՝ մինչև դե ֆակտո անկախությունը դե յուրե կձևակերպվի.«Արցախյան կողմը բոլոր իր հանդիպումներում բանակցությւոնների սեղանի շուրջ կարողացել է շատ հստակ ասել, որ համանախագահող ուժային կենտրոնների հետ պահպանում է հավասարակշռված հարաբերություններ: Հենց այդ իսկ պատճառով էլ այցն ԱՄՆ արտառոց չենք համարում»: