Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վիրտուալ աշխարհում հետայսու կավելանա ևս մեկ կայք՝ tatron-drama.am: Կայքի հիմնադրման գաղափարը պատկանում է դրամատուրգ Կարինե Խոդիկյանին, վեբ-դիզայներն արձակագիր Նառա Վարդանյանն է: Կարինե Խոդիկյանը գրել է կայքի ծրագիրը, մշակույթի նախարարությունն ընդունել այն /մշակութային ուղղվածություն ունեցող էլեկտրոնային լրատվամիջոցների աջակցության համար դրամաշնորհային ծրագրի շրջանակներում/, ու կայքը կյանքի է կոչվել:
Լրագրողների հետ զրույցում Խոդիկյանը նշեց, որ կայքի նպատակն է ժամանակակից և դասական հայ դրամատուրգիայի՝ ինչքան հնարավոր է լայն համայնապատկերը ներկայացնել: Կայքում, ըստ նրա, կլինեն ոչ միայն պիեսներ, այլ նաև կներկայացվեն դրանց բեմական կյանքը, առանձին ներկայացված են դրամատուրգները՝ որպես հեղինակներ:
«Կայքը չի սահմանափակվելու սրանով, մեր խնդիրն է հընթացս սկսել լուսաբանել նաև թատերական կյանքը, և վիրտուալ մատենաշար պետք է ստեղծենք: Օրինակ` առաջինը հենց Լևոն Շանթի բոլոր գործերը պետք է թվայնացվեն ու բերվեն այս հարթակ: Հիմքը «Դրամատուրգիա» հանդեսն է, որը լույս է տեսնում 2000 թվականից, և այս տարիների ընթացքում մի այնպիսի շտեմարան է ստեղծվել, պիեսների այնպիսի մի պահեստ ունենք, որ մտածեցինք՝ ժամանակն է ավելի ընդլայնելու դրա ճանաչման սահմանը»,-ասաց Խոդիկյանը:
Նրա խոսքով՝ եթե կարողանան վիրտուալ դաշտում ստեղծել այն տարածքը, որտեղ մուտք գործելով` մարդիկ կկարողանան հասկանալ՝ ինչ է կատարվում թատերարվեստում, իրենց առջև դրված խնդիրը լուծված կհամարեն: «Իմ մտքով չի էլ անցնում մրցակցել շոու-բիզնեսի կայքերից որևէ մեկի հետ, բայց սա այն տարածքն է, որտեղ կգան մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչու են գալիս և ինչ են ուզում: Ես ուզում եմ, որ սա դառնա հայ դրամատուրգի տունը»,- ասաց Խոդիկյանը:
Արձակագիր, դրամատուրգ Նորայր Ադալյանն էլ նշեց, որ հայ դրամատուրգիայում երբեք այսպիսի ոգևորող քայլ չի արվել: Նրա գնահատականով՝ Կարինե Խոդիկյանի արածն անգնահատելի է: «Չնայած այն հանգամանքին, որ մեր ամսագրերը խուսափում են պիեսներ տպագրել, թատրոններն էլ խուսափում են ժամանակակիցների պիեսները բեմադրել՝ բացառությամբ Երվանդ Ղազանչյանի թատրոնի, «Դրամատուրգիա» ամսագիրն արդեն 400 պիես է տպագրել: Դրամատուրգիան գրականություն և թատրոն է միաժամանակ, թեև ինձ համար առավել գրականություն է, քան բեմական տեսիլ: Ես բարեբախտություն, թե դժբախտություն եմ ունեցել ծանոթ լինելու 1940-50-ականների դրամատուրգիային և պետք է ասեմ, որ այն դրամատուրգիան, որ ստեղծվում է վերջին 10-20 տարիների ընթացքում, անհամեմատելի է նախորդների հետ: Մենք այսօր ունենք պրոֆեսիոնալ, հետաքրքիր, արդիական, հայ կյանքն ու մարդուն պատկերող դրամատուրգիա: Սա ոչ միայն գրականության, այլ նաև թատրոնների նվաճումն է»,- ասաց Ադալյանը:
Նրա խոսքով՝ Վարդան Աճեմյանը թույլ պիեսը վերցնում ու հրավառություն էր «սարքում» բեմում, իսկ մենք այժմ ունենք շատ բարձրարժեք դրամատիկական երկեր, որոնք չեն բեմադրվում:
ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի գնահատականով՝ «Դրամատուրգիա» ամսագրի դերն անգնահատելի է, քանի որ մեր ռեժիսորների «աչքը դուրսն» է: Նա նշեց, որ իր ցանկությունն է՝ ռեժիսորները ռեժիսորությամբ զբաղվեն, հատկապես՝ երիտասարդները: «Ռեժիսորություն ասելով՝ հասկանում եմ հետևյալը՝ պիեսը լավ գրված չէ, երկրորդ գործողությունը ես պետք է գրեմ, չորրորդ գործողությունը պետք է բերեմ առաջին գործողության տեղը, իսկ երրորդը՝ պետք է լրիվ հանեմ, դրան գումարած՝ երաժշտական, նկարչական, ձևավորումը ես պետք է անեմ: Վերջում էլ, թեև պիեսը բոլորովին այլ բանի մասին է, պետք է Շեքսպիրից մի երկու տող արտասանվի: Այսինքն՝ մարդը ռեժիսորություն չգիտի, դրա համար է իրեն պատեպատ տալիս. մեր պիեսներն այդ վիճակում են: Ես ուրախանում եմ, որ նման ռեժիսորները Գուրգեն Խանջյան, Նորայր Ադալյան չեն բեմադրում, որովհետև քարուքանդ կանեն, տակը ոչինչ չեն թողնի»,- ասաց Ղազանչյանը:
Նա փաստեց՝ իրենց թատրոնում 28 ներկայացումից 16-ը հայ ժամանակակիցների գործերն են, քանի որ հայ մարդն ուզում է տեսնել իրեն, իր հարևանին, բարեկամին, ընկերոջն ու սիրուհուն: Նոր կայքը, Ղազանչյանի կարծիքով, լավ առիթ կդառնա, որպեսզի շատերը ծանոթանան ժամանակակից դրամատուրգների գործերին, իսկ թատրոններն էլ ավելի հաճախ գուցե կփորձեն բեմադրել նրանց գործերը:
Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը կարծում է, որ կայքի գոյությունը պակաս օգտակար չէ, որքան «Դրամատուրգիա» ամսագրի գոյությունն արդեն 18 տարի: «Ես թեև ինտերնետ չեմ մտնում, բայց գիտեմ՝ ինտերնետն ինչ տարածք է, և որքան մարդ կարող է ծանոթանալ դրամատուրգիային, թատրոնին, թատերական կյանքի անցուդարձին»,- ասաց նա:
Խանջյանը նույնպես անդրադարձավ ժամանակակից դրամատուրգների գործերը բեմադրելուն՝ ասելով, որ լինում են դեպքեր՝ դրամատուրգներն իրենց պիեսները տալիս են ռեժիսորին, իսկ նրանք անգամ չեն էլ կարդում: «Չեմ ասում, որ մեր դրամատուրգիան փայլուն է և թերություններ չունի, չեմ ասում նաև, թե արտասահմանյան դրամատուրգիայի գործերից չպետք է բեմադրենք, իհարկե, պետք է բեմադրենք, որ համեմատության մեջ տեսնենք: Սակայն հայ թատրոնն առանց հայ դրամատուրգիայի լինել չի կարող: Կարելի է 1000 անգամ Շեքսպիր բեմադրել, բայց դա հայ թատրոն չի համարվի: Պարզապես շեշտը պետք է դնել հայ դրամատուրգիայի վրա՝ բեմադրելով նաև այլևայլ բաներ»,- կարծիք հայտնեց նա: