Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԶԿ-ի իշխանության առաջին շրջանում հայերի մոտ համոզմունք առաջացավ, թե «իսլամիստներն» ավելի ընդունելի են, քան «իթիհադականները»։ Այնուամենայնիվ, իսլամիստները փոխզիջման գնացին իթիհադականների մի մասի հետ և քաղաքականության կենտրոնում դրեցին թուրք-իսլամական սինթեզը:
Եվրամիության հետ հարաբերությունները մինչ այժմ այստեղ են.
Էրդողան. «Եթե ուզում եք իմ գնահատականը շատ հստակ իմանալ, ապա Եվրամիությունը ջանում է պոկվել Թուրքիայից։ Այս ընթացքում, երբ Եվրամիությունը քայլեր է անում Թուրքիայից պոկվելու համար, մենք մեր գնահատականը կհնչեցնենք այս զարգացումների դեմ, և դրանից հետո, եթե անհրաժեշտ լինի, մեր ճամփաները կարող են բաժանվել»։
Իսկ ինչպե՞ս հասանք դրան։
7 դեկտեմբերի, 2002 թ.
Էրդողանը հաղթեց ընտրություններում և իշխանության եկավ՝ Թուրքիային Եվրոպայի մաս դարձնելու և ԵՄ-ին լիիրավ անդամակցության նպատակով։ Նոր նախարարներն հաճախակի դարձրեցին իրենց շփումները Եվրոպայի իրենց գործընկերների հետ, և լայն քննարկման միջավայրի սկիզբ դրվեց իրավական օրենսդրության փոփոխությունների համար:
Վերադարձ էր խոստացվել փոքրամասնությունների հիմնադրամների յուրացված գույքի համար։ Հայերի մեջ կարծիք էր ձևավորվել, թե «իսլամիստներն» ավելի ընդունելի են, քան «իթթիհադականները»։
Այն ժամանակ Թուրքիայի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դիմեց աջակցություն հայցելու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար, և Դանիայից, Անգլիայից և Ֆրանսիայից հետո մեկնեց Իտալիա՝ հանդիպելու Հռոմի պապին։
Թուրքիայի Հայոց պատրիարքը Հռոմի պապին խնդրելու էր աջակցել՝ Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության համար…
Հռոմ մեկնելուց առաջ Աթաթուրքի անվան օդանավակայանում իր հայտարարության մեջ Մութաֆյանն ասաց. «ԵՄ-ն քրիստոնեական ակումբ չէ, այլ ընդհանուր արժեքների համայնք։ Դեկտեմբերի 12-ին կխնդրենք նաեւ Վատիկանի ներդրումը։ Թուրքիան արդեն ունի մոտեցում, որ գտնվում է Եվրոպայի ներսում։ Այնուամենայնիվ, նրանք կենտրոնանում են չափանիշների և Կիպրոսի խնդրի վրա։ Ես դիվանագետ չեմ։ Մենք դրան մոտենում ենք ավելի կրոնական տեսանկյունից և ընդգծում ենք, որ այստեղ կողք կողքի ներդաշնակորեն ապրում են տարբեր կրոնների պատկանող համայնքներ, որ Թուրքիան մահմեդական երկիր է, բայց աշխարհիկ, և որ Թուրքիայի մուտքը ԵՄ, առաջին հերթին, մշակութային առումով կհարստացնի Եվրոպան։»։
Տարիների ընթացքում Էրդողանի վարչակազմն իրոք վերադարձրել է փոքրամասնությունների հիմնադրամի գույքի մի մասը:
Խորհրդարանում քննարկումների ժամանակ ԺԺԿ-ի Չորումի պատգամավոր Ֆերիդուն Այվազօղլուն պնդեց, որ այս օրենքով հետ է բերվել Սեւրի բանակցությունների ժամանակվա հույների պահանջների ցանկի յոթերորդ հոդվածը և ասաց. «Թուրքիային անգիտակցաբար դավաճանում են»։ ԺԺԿ-ի փոխնախագահ Օնուր Օյմենն ասաց. «Դուք վերադառնում եք Սևր։ Փոքրամասնություններին միակողմանի զիջումներ տալը նախատեսված էր Սեւրում»։ ԺԺԿ-ի Ստամբուլի պատգամավոր Բայրամ Մերալը ԱԶԿ-ականների վրա գոռում էր. «Միշտ Հակոբի ունեցվածքն եք պաշտպանում, մի քիչ էլ Մեհմեդի ունեցվածքը պաշտպանեք»։
Ընդդիմադիր լրատվամիջոցները «Ժեստ՝ փոքրամասնություններին» խորագրով վերնագրեր են հրապարակում:
Ի վերջո, ԺԺԿ-ի նախագահ Դենիզ Բայկալը որոշում կայացրեց գույքի վերադարձի պահանջը վիճարկել Սահմանադրական դատարանով: Առարկության մեջ հիշատակվում էին ԱՍԱԼԱ-ի գործողությունները, Հայաստանի կողմից Ցեղասպանության դատապարտման պահանջները, բողոք էր հնչեցվում, որ գույքերի վերադարձը կզորացնի «թշնամի» հայերին։ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայերն ու հույները Սահմանադրական դատարան ներկայացված տեքստում ռասիզմի հազվագյուտ դրսևորման են ենթարկվել։ Այս տեքստը ստորագրել է Քեմալ Քըլըչդարօղլուն՝ որպես ԺԺԿ խմբի փոխնախագահ։
Երբ Քեմալը բեյը դարձավ գլխավոր նախագահ, հարցազրույցի ժամանակ նրան հարցրի. «Որպես դերսիմցի՝ Դուք ամենից լավ գիտեք, թե ինչն ինչոց է։ Ինչպե՞ս ստորագրեցիք նման տեքստի տակ»։
«Մեր կուսակցությունում նախկին դիվանագետների գլխավորությամբ մի խումբ կա, որն աշխատում է նման հարցերով։ Նրանք գրեցին, ես էլ ստորագրեցի։ Ես չեմ կարդացել»,- ասաց նա։
Քըլըչդարօղլուն՝ երկար տարիների բյուրոկրատը, առանց կարդալու ստորագրել է ԺԺԿ-ի ծայրահեղական թևի առաջ քաշած տեքստը և երկրում մնացած մի բուռ քրիստոնյա քաղաքացիներին ուղղված ամոթալի թուղթը վերածել է պաշտոնական փաստաթղթի։
Իթթիհադականներն իսկապես ավելի վատն էին, քան իսլամիստները…
Անցել է ավելի քան 20 տարի։
Իսլամիստները սկզբում հանձնվեցին կոռուպցիային, թալանին, իսկ հետո՝ ցուցադրականությանը։ Նրանք վերածվեցին հանրապետության պատմության ամենաստոր, ամենաթշվառ կառավարիչների։
Նրանք փոխզիջման գնացին մի քանի իթթիհադականների հետ և քաղաքականության կիզակետում դրեցին թուրք-իսլամական սինթեզը։ Նրանք թշնամիներ դարձան երկրի բոլոր հնագույն ազգերի հետ։ Անգամ առանց կռվի հավերժացրին թմրամիջոցներ տարածող մաֆիոզ համակարգը։
Ընդդիմադիր իթթիհադականները, մյուս կողմից, ամուր կառչած էին ոչ այնքան իսլամական, որքան թուրքական մոդելից:
Իսլամիստ Էրդողանն իր կրոնամոլությունը գաղտնի պահողներից էր։
Սակայն իթթիհադական ԺԺԿ-ն երբեք չի երազել Եվրամիության մասին: Նա չպաշտպանեց քաղաքակիրթ, հավասար ու պատվաբեր կյանքը։ Նա չէր սիրում քրդերին, հայերին ու ալեւիներին։ Երբ նեղն ընկավ, «կուսակցության մեջ այդ գործերով զբաղվող հատվածն ասպարեզ իջավ»։
Մեր հարաբերությունները Եվրամիության հետ այժմ վերջացած են։ Էրդողանի ռեժիմը քաղաքակիրթ աշխարհի հետ ոչ մի կապ չի պահել։
Իհարկե, Քեմալ բեյի ԺԺԿ-ն, որը լավ գիտեր, որ քրդերին ուղղաթիռից նետած երկիրը չի կարող մտնել Եվրամիություն, այս հարցում երբեք անմեղ չի եղել…
https://artigercek.com/makale/ermeni-patrik-katolik-papadan-turkler-icin-ne-istedi-265819
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net