կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-12 17:15
Հասարակություն

Քննարկվել են Հայաստանում գեոպարկերի ստեղծման հեռանկարները և ակնկալվող արդյունքները

Քննարկվել են Հայաստանում գեոպարկերի ստեղծման հեռանկարները և ակնկալվող արդյունքները

ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Անի Պլազա hյուրանոցում տեղի է ունեցել «Գեոպարկերի ստեղծման նախադրյալների վերաբերյալ» աշխատաժողով։ Այն կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական գիտությունների տնօրինության «Համաշխարհային գեոպարկ ծրագրի» ներկայացուցիչների՝ հայաստանյան այցի շրջանակներում։

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արիաննե Կաոիլին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկրաբանական գիտությունների և գեոպարկերի միջազգային ծրագրերի քարտուղար Պատրիկ Մակ Կիվերը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, պետական համապատասխան գերատեսչությունների պատասխանատուներ, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Աշխատաժողովում ներկայացվել է գեոպարկերի ստեղծման համաշխարհային փորձը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դրանց ճանաչման ընթացակարգը։ Գեոպարկերը հնարավորություն են տալիս երկրների երկրաբանական առանձնահատկություններով տեղանքների վրա համադրել էկոտուրիզմը, ագրոտուրիզմը, մասնավոր ձեռներեցությունը՝ ինչը նպաստում է համայնքների կարողությունների զարգացմանը, սոցիալ տնտեսական ցուցանիշների բարձրացմանը և առաջին հերթին տեղանքի էկո և երկրաբանական ինքնատիպության պահպանմանը։

Աշխատաժողովի նպատակը Հայաստանում համաշխարհային նշանակության երկրաբանական օբյեկտների բացահայտումն է, որոնք կարևոր են նաև բնական աղետների, ջրային ռեսուրսների, ընդերքի պրոցեսների, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտելիքների խորացման տեսանկյունից։

Բացելով միջոցառումը և ներկայացնելով աշխատաժողովի նպատակները՝ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ․ Հակոբյանը խոսքը փոխանցել է նախարար Ա․ Մինասյանին։ Ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ միջոցառման նախաձեռնումը հաստատում է Հայաստանի պատրաստակամությունն աջակցելու երկրաբանական ժառանգության պահպանությանը, քանի որ գեոպարկերն ունեն գիտական ուսումնասիրությունների, ռեկրեացիայի, համայնքների տնտեսական զարգացման մեծ ներուժ և կարող են հիմք հանդիսանալ գիտակրթական, էսթետիկ, մշակութային և տնտեսական կարիքների բավարարման համար։

«Հայաստանը, որպես Կովկասյան էկո-տարածաշրջանի հարուստ երկրաբանական ժառանգություն ունեցող երկիր, մշտապես ցուցաբերել է հետաքրքրություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ գեոպարկերի ցանցի նկատմամբ և, ունենալով բոլոր անհրաժեշտ նախադրյալները, պատրաստակամ է առարկայական և գործուն քայլեր ձեռնարկել այդ հայեցակարգի շրջանակներում միջազգային փորձի ուսումնասիրման և Հայաստանում դրա տեղայնացման հեռանկարներն ու հնարավորությունները քննարկելու ուղղությամբ»,-նշել է բնապահպանության նախարարը։

Ա․ Մինասյանը շեշտելով գեոպարկերի հիմնական գաղափարախոսությունը, այն է՝ երկրի երկրաբանական ժառանգության ճանաչումը որպես համաշխարհային ժառանգության մաս՝ կարևորել է դրանց առաջնային պահպանության և գիտական, ճանաչողական այցերի միջոցով այդ տարածների համայքների համար կայուն եկամուտների ապահովումը։ ՀՀ բնապահպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կպատրաստվի համապատասխան հայտի փաթեթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն ներկայացնելու համար։ Իր ելույթում ՀՀ վարչապետի խորհրդական Արիաննե Կաոիլին կարևորել է Հայաստանում գեոպարկերի ստեղծումը որպես տուրիզմի խթանման նշանակալի գործիք։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գեոպարկերի նկարագրումը, կիրառումը և չափանիշները» խորագրով զեկույց է ներկայացրել երկրաբանական գիտությունների և գեոպարկերի միջազգային ծրագրերի քարտուղար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական գիտությունների սեկտորի էկոլոգիական և երկրաբանական գիտությունների բաժնի երկրագիտության և երկրաբանական վտանգավոր երևույթների ռիսկերի նվազեցման գրասենյակի ղեկավար Պատրիկ Մակ Կիվերը։ Ծավալվել է շահագրգիռ քննարկում, որի ընթացքում բանախոսը պատասխանել է աշխատաժողովի մասնակիցների հարցերին։ Առանձնապես ընդգծվել է Սևանա լճի տարածքն, որպես գեոպարկերի չափանիշներին համապատասխանող տարածքի հաստատման հեռանկարը։

«Գեոպարկի ստեղծման նախադրյալները Սևանա լճի ավազանում» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Երկրադինամիկայի և վտանգավոր երկրաբանական երևույթների լաբորատորիայի վարիչ Արա Ավագյանը։ Զեկույցներով հանդես են եկել նաև ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետ Սուրեն Գևինյանը։

Բնապահպանության նախարարություն