կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-23 11:42
Հասարակություն

Մարտի 1-ի վերաբերյալ «Ելք»-ի նախաձեռնած ԱԺ լսումները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ

Մարտի 1-ի վերաբերյալ «Ելք»-ի նախաձեռնած ԱԺ լսումները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ

Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հայտարարություն ընդունելու մասին «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ զոհերի: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել են ՀՀ քաղաքացիներ Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանը, Դավիթ Պետրոսյանը, Սամվել Հարությունյանը, Գրիգոր Գևորգանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Աբգարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադևոսյանը, Զաքար Հովհաննիսյանը։

Նա ընթեցեց «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ նախագծի հայտարարության տեքստը:

««Ելքն» առաջարկում էր ԱԺ-ին` Մարտի 1-ի 10-րդ տարելիցի կապակցությամբ ընդունել հայտարարություն, որի դրույթների համաձայն՝ Ազգային ժողովը.

1. Խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ` 2008 թվականի մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաև այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:

2. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել մարտի 1-2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։

3. Անընդունելի է համարում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաև ընտրությունների արդյունքները վերահսկելու և կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին։

4. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1-2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։

5. Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաև ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու` «Ելք»-ի առաջարկին: