կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-07 17:40
Հասարակություն

Պետք է անցնենք կրթական ծրագրերի արմատական բեռնաթափման. ԿԳ նախարար

Պետք է անցնենք կրթական ծրագրերի արմատական բեռնաթափման. ԿԳ նախարար

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ կա՞ դասացուցակ կազմելու կարգ՝ հաշվի առնելով վերջին շրջանում առողջապահության նախարարության կողմից  ներկայացվող պահանջները /երեխաների պայուսակի քաշի և այլնի վերաբերյալ/:

Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ ուսումնական տարվա յուրաքանչյուր փուլում կրթության և առողջապահության նախարարները փորձում են կարգավորել գործընթացը, և առաջին անգամ չէ, որ համագործակցում են: Նախարարի խոսքով՝ փորձում են այնպես անել, որ դասացուցակների կազմման գործընթացում պահեն առողջապահական գործառույթը:

«Ցավոք, մեր հանրապետությունում չեն աշխատում այն գիտահետազոտական ինստիտուտները, որոնք միայն մեկ նպատակով են ստեղծված՝ պահպանել երեխաների առողջությունը և յուրաքանչյուր տարիքում ուսման պայմանների ձևավորմանը նպաստել: Առաջիկայում մենք մի շարք փոփոխություններ կանենք, ու դրանցից հիմնականը դասաժամերի և ծանրաբեռնվածության բաշխման հիմնախնդիրն է: Առողջապահության նախարարության հետ մայիսից մինչև հունիս մենք ունենք վերջնաժամկետ, որի ընթացքում կփորձենք եղած պայմանները համարժեք դարձնել և´ սանիտարահիգիենիկ, և´ երեխաների ֆիզիկական ծանրաբեռնվածության հիմնախնդիրներին»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ երբ, օրինակ, առողջապահության նախարարությունը համարում է, որ երեխան պետք է գրատախտակից 2 մետր հեռավորության վրա լինի, այս պահանջն ուղղակի պարտավոր են կատարել, կամ էլ՝ պայուսակների ծանրաբեռնվածության աստիճանի հարցը, որտեղ նույնպես պետք է լուծումներ գտնեն:

ԿԳ նախարարը կարևորեց առողջապահության նախարարության հետ աշխատանքը՝ նշելով, որ պետք է հասնեն նրան, որպեսզի կրթական պահանջները համապատասխանեցնեն այդ պայմաններին: «Դասացուցակների կազմման չափորոշիչների մեջ պետք է փոփոխություն անել՝ կրթական ծրագրերի արմատական բեռնաթափման պետք է անցնենք: Չափորոշիչների ձևավորման հարցում պայմանավորվածություն ունենք ձևավորել փորձագիտական խումբ, որպեսզի պատրաստենք առաջիկա փոփոխությունները»,- ասաց Մկրտչյանը: