Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն հանդիպումներ Է ունեցել մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ռեստորանների և հանրային սննդի օբյեկտների սեփականատերերի և ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց խնդիրները, քննարկելու ստեղծված ճգնաժամային իրավիճակում որոշակի կարգավորումների ներդրման հնարավորությունները: Այս մասին հայտնում են պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Պետնախարարը շնորհակալություն է հայտնել տնտեսվարողներին՝ նրանց ըմբռնման և արժանապատիվ վարքագծի համար՝ նկատելով, որ ապրանքների սղության պայմաններում Արցախում գնաճային դրսևորումներ չեն նկատվել:
«Գիտեմ, որ աշխատում եք բարդ պայմաններում և ստիպված եք տարբեր հարցերի լուծումներ գտնել: Ակնկալում եմ լսել ձեր կարծիքները, առաջարկները, որոնք մեզ կօգնեն ավելի ճիշտ որոշումներ կայացնել: Առանց չափազանցության պետք է ասեմ, որ մենք բավականին ծանր վիճակում ենք: Բայց մենք՝ իշխանությունը և ժողովուրդը, այս ճանապարհը պետք է անցնենք միասին: Այն հաղթահարելու ուրիշ տարբերակ չկա: Սրա համար շատ կարևոր է փոխըմբռնումը, փոխադարձ հարգանքը և թափանցիկ աշխատանքը, որպեսզի ձեզ մոտ անարդարության զգացողություն չլինի: Սա մեզ համար սկզբունքային մոտեցում է»,-նշել է պետնախարարը:
Նա ընդգծել է, որ կառավարությունը բաց է լսելու ցանկացած կարծիք և առաջարկ, քննարկելու, շտկելու սխալները և միասին գտնելու այն լուծումները, որոնք այս իրողություններում ամենաօպտիմալն են լինելու:
Հանդիպման մասնակիցներն իրենց հերթին նշել են, որ շատ լավ են հասկանում իրավիճակը և պատրաստ են ամեն կերպ աջակցել կառավարությանը:
Հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են որոշ սահմանափակումների կիրառման հնարավորությունները: Նշվել է, որ սննդամթերքի սղության, էլեկտրաէներգիայի խնայողությունների պայմաններում բազմամարդ միջոցառումների և հանդիսությունների անցկացման հետ կապված որոշակի սահմանափակումների կիրառման անհրաժեշտություն է առաջացել:
Հանդիպման մասնակիցները վստահեցրել են, որ շատ լավ հասկանում են ստեղծված իրավիճակը և գիտակցում են, որ սահմանափակումները պայմանավորված են օբյեկտիվ իրողությամբ: Մասնակիցներից ոմանք անգամ տեղեկացրել են, որ, ելնելով իրավիճակից, արդեն իսկ սեփական նախաձեռնությամբ նման որոշումներ են կայացրել: Նրանք ներկայացրել են նաև իրենց առաջարկները՝ ընդգծելով, որ պատրաստ են աշխատել կառավարության հետ՝ դժվարությունները համատեղ հաղթահարելու համար: