կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-25 15:35
Տարածաշրջան

Արդյունաբերական վթարները Թուրքիայում. 1 տարում 2006 զոհ

Արդյունաբերական վթարները Թուրքիայում. 1 տարում 2006 զոհ

Թուրքիայի «Աշխատավորների առողջության և աշխատանքային պայմանների անվտանգության խորհուրդ»-ի (İSİG) տվյալների համաձայն՝ 2017թ. այս երկրում արդյունաբերական վթարներից 2006 մարդ է մահացել։ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ նրանցից 116-ը կանայք են, 1890-ը՝ տղամարդիկ։ Առնվազն 88-ը գաղթականներ են, հիմնականում՝ սիրիացի։

Ըստ Ermenihaber-ի՝ 2017թ. ընթացքում տեղի ունեցած արդյունաբերական վթարներից զոհվածների թվում կա նաև 60 երեխա (18-ից ցածր տարիքային խումբ)։ 2013-ից մինչ օրս Թուրքիայում անչափահասների շրջանում աշխատանքով պայմանավորված մահերի թիվը հասնում է 260-ի։  Ներկայումս Թուրքիայում որպես բանվոր-աշակերտ աշխատում է շուրջ 1 մլն 200 000 երեխա, որոնց մեծ մասը 15-18 տարեկան է։

2017թ. մահացածներից 433-ը զոհվել են շինարարության, 385-ը՝ գյուղատնտեսության, 272-ը՝ ապրանքափոխադրումների և տրանսպորտի, 154-ը՝ առևտրի, 166-ը՝ մետաղագործության, 93-ը՝ հանքարդյունաբերության, 89-ը՝ ՏԻՄ մարմիններում և 65-ը՝ էլեկտրաէներգիայի ոլորտում աշխատանքների ժամանակ։ Բոլոր այս դեպքերում մահվան հիմնական պատճառները եղել են վրաերթը, ավտովթարը, բարձրությունից ընկնելը, սրտի կամ ուղեղի կաթվածը, բռնությունը, էլեկտրահարումը։

Վերջին 15 տարվա ընթացքում նմանատիպ վթարների պատճառով Թուրքիայում մահացել է առնվազն 20 500 աշխատող։

Աղբյուրը շինարարության ոլորտի օրինակով նկարագրում է, որ տեղի ունեցող մահացու վթարները, ըստ հենց իրենց՝ շինարարությունում աշխատողների վկայությունների, հիմնականում կարելի է որակել որպես անփութության հետևանքով հանցագործություն։ Գործատուները սովորաբար չեն ապահովում աշխատանքի նվազագույն անվտանգության պայմանները, անբարեխիղճ ու անպատասխանատու են մոտենում խնդրին։ Իսկ աշխատակիցները պարզապես այլընտրանք չունեն` կա'մ պիտի աշխատեն անբարենպաստ պայմաններում, կա'մ գործազուրկ դառնան։