կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-24 18:34
Քաղաքական

Հայաստանը Եվրոպայի խորհրդին է նվիրում հայկական խաչքարը. Սերժ Սարգսյան

Հայաստանը Եվրոպայի խորհրդին է նվիրում հայկական խաչքարը. Սերժ Սարգսյան

Ստրասբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդին ՀՀ Նախագահի անունից պաշտոնական հուշանվերի՝ հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Խաչքարի ցուցապաստառը բացել են Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Հանրապետության Նախագահը և Թորբյորն Յագլանդն արարողության կապակցությամբ հանդես են եկել ելույթներով: Արարողության ավարտին Հանրապետության Նախագահը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև արարողությանը մասնակող Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենին ցուցադրել է ԵԽ բակում՝ մուտքի հարակից հատվածում, տեղադրված խաչքարը:



Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպայի խորհրդին հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողության ժամանակ


Մեծարգո´ պարոն Գլխավոր քարտուղար,
Հարգելի´ հայրենակիցներ,
Տիկնա´յք և պարոնայք,

Եվրոպայի խորհրդում գոյություն ունեցող գեղեցիկ ավանդույթի ներքո, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակի կապակցությամբ այսօր Հայաստանը Եվրոպայի խորհրդին է նվիրում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության ամենավառ կերտվածքներից մեկը՝ հայկական խաչքարը։ Մեզ համար մեծ պատիվ և հպարտություն է, որ այն այսուհետ ապրելու է Ստրասբուրգի սրտում՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հովանու ներքո՝ ի նշան այդ արժեքներին մեր անվերապահ հավատարմության։

Իր երկուհազարամյա պատմությամբ՝ խաչքարագործությունը նաև հայ ժողովրդի արդի մշակութային դրսևորումներից է․ այսօր էլ մեր խաչքարագործները, հենվելով ազգային ավանդույթների վրա, իրենց վարպետությամբ շարունակում են ոչ միայն վերարտադրել ու թարմացնել, այլև ստեղծագործել, վերաիմաստավորել ու նորովի մատուցել այդ արվեստը:

Պատահական չէ, որ սահմանափակ մակերեսի վրա անվերջության պատրանք ստեղծող հայկական խաչքարային արվեստը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այս հուշարձանն արտացոլումն է այն արժեքների, որոնց վրա խարսխված են հենց Եվրոպայի խորհրդի հիմնասյուները։ Եվ կասկածից վեր է, որ ժողովուրդների մշակութային ժառանգության կոթողները Եվրոպայի խորհրդի տարածքում և ամենուր պետք է օգտվեն պաշտպանության համընդհանուր մեխանիզմներից։ Այդ հանձնառությունը պարտավոր է երաշխավորել քաղաքակրթական արժեքներից իրենց չօտարող յուրաքանչյուր պետություն։

Պարո՛ն Գլխավոր քարտուղար,

Այսօրվա արարողությունը, հավատացած եմ, մեծ խորհուրդ ունի բոլորիս համար, նաև՝ Ստրասբուրգում և Էլզասի շրջանում ապրող ֆրանսահայերի ու այստեղ աշխատող մեր քաղաքացիների համար, քանզի սա առաջին հայկական հուշարձանն է Ֆրանսիայի այս հատվածում։ Թող այս գեղեցիկ պուրակի այցելուներին խաչքարը մշտապես հիշեցնի Եվրոպայի խորհրդի դավանած հիմնարար արժեքների անօտարելիության ու անխախտելիության մասին։

Շնորհակալություն: