Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Հիմնական զեկուցող` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նշեց, որ միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Ըստ նախագծի՝ հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ:
Փոխնախարարը նշեց, որ 2017-ին ուսումնասիորւթյունների արդյունքում պարզվել է, որ 230 համայնք չունի տրանսպորտ, իսկ տարվա վերջում նման համայնքների թիվը հասնում էր 170-ի։ Գրիգորյանը նաև ասաց, որ անհրաժեշտության դեպքում կլինեն նաև չվացուցակներ։
ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանը հետաքրքրվեց` ի՞նչ ազդեցություն սա կունենա ուղեվարձի վրա: Փոխնախարարն արձագանքեց. «Կարծում ենք, որ կկարողանանք զսպել և չթողնել, որ անհարկի բարձր գներ լինեն, դա հիմնավորված կլինի»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց` արդյո՞ք առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ բնակչությանը կմատուցվեն որակյալ ծառայություններ։ «Բազմաթիվ բողոքողներ կան տրանսպորտային միջոցների հնամաշ, ժամկետանց լինելուց, բազմաթիվ դեպքեր ունենք, որոնց հետևանքով ունենում ենք զոհեր։ Մեկ միասնական ուղևորափոխադրողների վերաբերյալ ձեր առաջարկը կարո՞ղ է այս խնդիրները լուծել, որ բազմաչարչար «գծատերեր» հասկացությունը վերանա, ոլորտը կարգավորվի, ու քաղաքացին վերջապես արժանապատիվ տեղափոխվելու իրավունքից օգտվի։ Այս առաջարկով դուք խնդիրնե՞ր եք լուծում, թե՞ ուղղակի կոսմետիկ փոփոխություններ եք անում»,- հարցրեց պատգամավորը։
Գրիգորյանը պատասխանեց, որ դրանք ոչ թե կոսմետիկ, այլ հիմնարար փոփոխություններ են, որոնք հանրապետական գործադիր մարմնին հնարավորություն կընձեռեն իր գործառույթներն իրականացնելու։ «Ամբողջ աշխատանքը պետք է նաև ՏԻՄ մարմինների հետ համաձայնեցվի։ Ամբողջ նպատակն այն է, որ ազգաբնակչությանն ապահովենք արժանավայել սպասարկումով»,- նշեց փոխնախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի արդյունքում կլինի մեկ երթուղային ցանց, որը կունենա մեկ միասնական օպերատոր, ով կկառավարի ամբողջ տրանսպորտային համակարգը: Կլինի նաև մեկ միասնական տոմսային համակարգ, ըստ որի` տոմս ձեռք բերելով` հնարավորություն կլինի դրանով մինչև ընտրված վերջնակետը երթևեկել։