կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-04 15:00
Հասարակություն

Երևանից Մարտակերտ. ինչպես Մելանյան ամուսնացավ Արցախի հետ

Երևանից Մարտակերտ. ինչպես Մելանյան ամուսնացավ Արցախի հետ

Լրագրող Մելանյայի և զինվորական Արցախի մտերմությունը սկսվեց ապրիլյան պատերազմից: Երևանում ապրող լրագրողին նախ գրավեց տղայի արտասովոր անունը: Ինչպես շատերը, Մելանյան ևս սկզբում կարծում էր, թե Facebook-ում գրանցված Arcax Tepnanc-ը կեղծանուն է: Հետո, երբ իմացավ, որ Արցախում Արցախ անունով էլի տղաներ կան, մտածեց՝ Արցախը խորհրդավոր անուն է: Հետո խորհրդավորը դարձավ խորհրդանշական, ու մի օր Արցախը նշանի մատանի դրեց Մելանյայի մատն ու նրան ամուսնության առաջարկ արեց:

Yerkir.am-ի հետ զրույցում Մելանյան պատմում է Արցախի հետ ծանոթության, ամուսնության անակնկալ առաջարկի և Արցախ տեղափոխվելու դժվարին որոշման մասին:

Ինչո՞ւ հենց Արցախ

Արցախը ծնվել է Արցախյան շարժման ժամանակ: Դրանով էլ պայմանավորված է նրա անունը: Ծնվել և ապրում է Մարտակերտում, մասնագիտությամբ դերասան է, աշխատել է Ստեփանակերտի թատրոնում, նկարահանվել «Թևանիկ», «Ընդհատված մանկություն», «Վերջին բնակիչը» և այլ ֆիլմերում: 2016թ. մարտից Արցախը պայմանագրային ծառայության է անցել Մարտակերտում:

Ծանոթություն

«2016թ. ապրիլի 7-ին, երբ ամբողջ ազգով միայն սահմանի ու զինվորների մասին էինք մտածում, Արցախից շնորհավորական նամակ ստացա Մայրության և գեղեցկության օրվա առթիվ»,- պատմում է Մելանյան ու շարունակում. «Անսպասելի էր այդ օրերին զինվորից շնորհավորանք ստանալը:
Հետո Արցախն ինձ սկսեց հարցեր տալ, թե` ի՞նչ են ասում, կռվի մասին ի՞նչ են գրում: Ես միանգամից հասկացա, որ նա գիտի, որ ես լրագրող եմ: Ես էլ սկսեցի հույս տալ, որ լավ է լինելու և այլն: Կամաց- կամաց սկսեցինք շփվել ու դարձանք լավ ընկերներ»:

Բարիքներ` Արցախից, գուլպաներ` Երևանից

Մելանյան Արցախի հետ առաջին անգամ հանդիպեց Երևանում: Արցախն արձակուրդ էր վերցրել, որ գար` լրագրողուհուն տեսնելու: Հաջորդը Մելանյայի հերթն էր: «Հետո ես գնացի նրանց հյուր՝ Մարտակերտ: Նա ինձ միշտ Արցախի բարիքներից էր ուղարկում, ես էլ զինվորին պետքական բաներ էի ուղարկում՝ գուլպաներ և այլն, ու էդպես կապը պահում էինք»,- ժպիտով հիշում է Մելանյան:

Արցախի համար աղջիկ էր փնտրում

«Մեր հարաբերություններն ընկերական էին: Ես նրան եղբոր պես էի ընդունում, ուզում էի նրան երջանիկ տեսնել, համոզում էի, որ ամուսնանա»,- պատմում է Մելանյան և հիշում, որ իր առաջարկած աղջիկներից ոչ ոք չէր ուզում լսել Արցախում ապրելու, այն էլ` զինվորականի հետ ամուսնանալու մասին:
«Դե, նրան չէի ասում մերժումների պատճառը, որ իրեն վատ չզգար, բայց նա գիտեր, որ ես, շունչս պահած, սպասում եմ, թե երբ է ամուսնանալու, որ գնամ Արցախ` հարսանիքի»,- ծիծաղով հիշում է Մելանյան:

Առաջին քայլն արեց Արցախը

«Շատ դժվար էր հաղթահարել ընկերական հարաբերություններն ու մտածել այլ հարաբերությունների մասին: Երբ արդեն տեսնվում էինք, զգում էի, որ ավելի շատ եմ կարոտում նրան: Հետո հասկացանք, որ իրար կարոտում ենք: Բայց նրա համար, կարծում եմ, ավելի դժվար է եղել, քանի որ առաջարկություն անողը նա էր»,- ասում է Մելանյան ու հիշում ամուսնության անակնկալ առաջարկը.
«Արցախին հրավիրել էի ՌԴ՝ մասնակցելու եղբորս հարսանիքին: Ստավրոպոլում էինք: Հարսանիքից մի քանի օր անց Արցախն առաջարկեց ծնողներիս ու եղբայրներիս հետ գնալ այգի: Այգում մի շատրվան կա, տեղացիները հավատում են, որ այնտեղ սուրբ ջուր է հոսում, տեղանքի անունն էլ հենց Սուրբ ջուր է: Գնացինք այնտեղ, մարդ չկար: Արցախը ձեռքը տարավ ջուրն ու այնտեղից հանեց մատանին: Հենց այդ աղբյուրից էլ միմյանց բռերով ջուր տվեցինք»: 

Երևանից Մարտակերտ` ամենամաքուրի հետևից

Արցախի հանդեպ սերը Մելանյային տարավ Արցախ՝ Մարտակերտ, այնտեղ, որտեղ չավարտված պատերազմը վաղուց արդեն կենսակերպ է, խաղաղությունը՝ խաբուսիկ:
«Ամբողջ կյանքում ապրել եմ քաղաքում՝ աղմուկի ու եռուզեռի մեջ: Ինձ համար այստեղ մարդկային պարզությունը գնալով վերանում է, մարդկային լավագույն երևույթները գնալով օտար են դառնում, եղել է պահ, որ մտածել եմ՝ բնության մեջ լավ տղամարդ չկա:
Բայց երբ այս աղմուկից հետո գնացի Մարտակերտ, էնտեղ մի տեսակ հանգստություն գտա, զգում էի, որ բնության հետ ներդաշնակ եմ, էնտեղ ես տեսա մարդկային պարզություն ու մաքրություն, հասկացա, որ դա այն է, ինչ ինձ պետք է»,- ասում է Մելանյան: 

Սուսուփուս հարս գնաց

Մելանյան Արցախի հետ ամուսնացավ սուսուփուս՝ առանց հարսանիքի, ինչպես լրագրողուհին է ասում՝ առանց ավելորդությունների.
«Ինձ համար կարևորն այն է, որ ես գտել եմ իմը: Կարող էր այնպես լինել, որ մեկի հետ ամուսնանայի, ով, օրինակ, ինձ համար ճոխ հարսանիք աներ, ինձ հարստության մեջ պահեր, բայց ես չգտնեի այն պարզն ու մաքուրը, որ կա Արցախի մեջ: Կյանքն ընտրություն է, ես ընտրել եմ հոգին»:

Չավարտված պատերազմը

Բնականաբար, Մելանյայի հարազատները անհանգստացել են` լսելով նրա՝ Արցախում ապրելու մտադրության մասին, սակայն լրագրողական գործունեության ընթացքում աղջիկը հաճախ է եղել Արցախում, այցելել մարտական դիրքեր, եղել սահմանամերձ գյուղերում: Տարիներ առաջ սահմանամերձ Չինարիում գործընկերոջ հետ անգամ ընկել է կրակոցների տակ: Ասել է, թե՝ կոփված է:
«Եղել է, որ Արցախի հետ հեռախոսով խոսելիս կրակոցների ձայնը լսել եմ, բայց քանի որ նա այդ ամենին հանգիստ է նայում, ես էլ վախենալու բան չունեմ»,- ասում է Մելանյան: 

Ինչպես բոլորը, Մելանյան ևս երազում է իրական խաղաղության մասին: «Աստված տա` խաղաղություն լինի, ու մենք միշտ էնտեղ ապրենք: Արցախում ես գտել եմ ամենաթանկը, գտել եմ այն, ինչ ուզում էի»,- ասում է նա:

Զրուցեց Թագուհի Մելքոնյանը